Փոխված օրենքով` երկիրը հիվանդ զինվորի հույսին
08:53, January 11, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՍպարտայում /ք. ա. 9-8-րդ դդ./ այնքան մեծ էր առողջ զինվոր, մարտունակ բանակ ունենալու պահանջը, որ եթե հիվանդ, թուլակազմ արու զավակ էր ծնվում եւ պարզվում էր, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար, նրան գցում էին ձորը, որպեսզի հետո հանկարծ հիվանդ զինվորը չհայտնվի բանակում եւ չվտանգի երկրի անվտանգությունը: Ի տարբերություն Սպարտայի` ժամանակակից եւ իրեն ժողովրդավար երկիր համարող Հայաստանում էդպես միանգամից չեն սպանում կամ խեղում զինծառայողին. «մարդասիրական» մղումներով, հիվանդ կամ առողջական խնդիր ունեցող զինվորներին տանում են բանակ եւ այնքան ծառայեցնում` մինչեւ դիմադրողականությունն ընկնի եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր հետեւանքներ առաջանան: Այդ ամենը զորակոչի, զորացրման, ինչպես նաեւ որոշ զորամասերում ծառայության գործընթացը պետության եւ հասարակության կողմից չվերահսկվելու հետեւանք է: Եւ դա այն դեպքում, երբ պետությունը չավարտված պատերազմի մեջ է, սնվում է պետական բյուջեից եւ նրա կողմից մնում անվերահսկելի:
Պետական կարեւորագույն ոլորտներից մեկը, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում եւ չի վերահսկվում, արդեն հարմար միջավայր է կոռուպցիայի ծաղկման համար: Զորակոչի գործընթացից սկսած` ոլորտի շատ պատասխանատուներ ուղղակի «փող են աշխատում»` ինչպես իրենց սեփական արտադրամասում. դրա համար ընդամենը պետք է «լղոզել» խաղի կանոնները, որ եթե ինչ-որ մեկն էլ ցանկանա կառչել այդ կանոններից` փորձն ապարդյուն լինի: Օրինակ, զինված ուժերի ոլորտը կանոնակարգող համապատասխան օրենքները լիովին չեն հստակեցնում, թե որ հիվանդության դեպքում զինվորն ինչպիսի ծառայություն պետք է իրականացնի` շարային, ոչ շարային, թե շարային սահմանափակումով: Բացի այդ, չկան կամ լիարժեք չեն ծառայության նշյալ երեք տեսակները նախատեսող ցանկերը, որպեսզի ծառայության անցնելուց հետո այս կամ կամ այն հիվանդությամբ տառապող զինծառայողին արգելվի կատարել ծանր կամ նրա առողջական վիճակը վատթարացնող որեւէ աշխատանք: Մեկ այլ խոչընդոտ էլ հետազոտվելիս է առաջանում. ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է զինակոչիկին, սակայն չի տալիս հետազոտության եզրակացությունը, որպեսզի նա անհրաժեշտության դեպքում կարողանա բողոքարկել բուժհետազոտության եզրակացությունը եւ պաշտպանի իր իրավունքները: Եւ ահա այս պայմանների եւ «լղոզված» կանոնների պարագայում բնական են դառնում զորակոչի ժամանակ հիվանդ երիտասարդներին բանակ տանելու եւ իրավունքների խախտման հետ կապված ահազանգերը: Բայց մինչ դրանց անցնելը` չմոռանանք նշել, որ վերջին նախագահական ընտրություններից հետո հայրենի իշխանությունը խոստացել եւ պարտավորվել էր ԵԱՀԿ-ի առջեւ` օրենքի մակարդակով եւ բացթողումները շտկելով բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում` մարդու իրավունքների խախտման դեպքերը կանխելու նպատակով: Բայց ի՞նչ ունենք այսօր…
Թերեւս սկսենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում հայտնված ցայտուն օրինակներից: Դրանցից մեկը աղմկահարույց սպանության գործով հայտնի Մադաղիսի զորամասն է, որտեղ զինվորներին «դաստիարակելու»` ծեծի մեթոդով հայտնի սպա Կամո Սարգսյանը 2012-ի սեպտեմբերին այնպես էր ծեծել զինծառայող Վանյա Կարապետյանին, որ օրեր անց վերջինիս ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան` վիրահատության: Տուժողի հայրը ՀՔԱՎԳ-ին տեղեկացրել էր, որ Վանյա Կարապետյանը զորակոչվել է բանակ 2010 թ. նոյեմբերի 19-ին: Վերջինս զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որոնք զորակոչային բժշկական հանձնաժողովը եւ զինկոմիսարիատը հաշվի չեն առել: Դեռ մանկուց Վ. Կարապետյանի աջ ցուցամատը միջնամասից կտրված է եղել, ինչպես նաեւ ունեցել է ոտքերի այրվածք, որոնց պատճառով դպրոցում ազատվել է գրավոր հանձնարարություններ կատարելու պարտականությունից, իսկ կոշիկներ կրելը նրա համար որոշ ժամանակ ուղղակի տառապանք է եղել: Եւ ահա այս վիճակով զինակոչիկին ուղարկել են ծառայության, իսկ զորացրվելուց 2 ամիս առաջ` 2-րդ անգամ կոպտորեն խախտել նրա առողջության իրավունքը. 2012 թ-ի սեպտեմբերի սկզբին, գիշերվա ժամը 3-ին, վաշտի հրամանատար Գեւորգ Քարամյանը գնացել է մարտական դիրք` հերթապահության իրականացման ընթացքը ստուգելու: Այնտեղ տեսնելով, որ կապավորը քնած է, դիրքում գտնվող զինվորներին անմիջապես շարվելու հրաման է տվել: Այդ ժամանակ Վ. Կարապետյանը, ըստ ժամանակակարգի, եղել է հանգստի մեջ` քնած վիճակում, եւ ուշանալու պատճառով 3 անգամ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից` միաժամանակ կատարելով նրա հանվել-հագնվելու երեքանգամյա հրամանը:
Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանը դիմել է բուժակին, վերջինիցս գլխացավի դեղեր ստացել եւ ընդունել, բայց քանի որ ցավերը չեն դադարել` զինվորին տեղափոխել են Ալաշայի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են Երեւանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին Վանյային վիրահատել են: Այժմ Վ. Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում: Իսկ զինվորի առողջական վիճակի մասին նրա ծնողներին տեղեկացրել են միայն վիրահատության նախորդ օրը` նրանց չտրամադրելով բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը:
Այսինքն, պետության կողմից կրկնակի անգամ խախտվել է Վ. Կարապետյանի առողջության իրավունքը` հենց զորակոչային բժշկական հանձնաժողովի մեղքով. եթե օբյեկտիվ հետազոտություն եւ «խաղի» հստակ կանոններ լինեին, Վ. Կարապետյանը գուցե ընդհանրապես զինծառայության համար պիտանի չճանաչեին կամ նշանակեին ոչ շարային ծառայության: Ոչ շարայինի դեպքում նա առնվազն մարտական դիրքում չպետք է ծառայություն իրականացներ ծնողի նշած երկու հանգամանքների` զենքի ձգանը քաշելու համար կարեւոր մատի` ցուցամատի կտրվածության, ինչպես նաեւ ոտքերի այրվածքի պատճառով, քանի որ չի կարող տագնապի ազդանշանի դեպքում արագ եւ պատշաճ կարգով արձագանքել իրավիճակին: Իսկ սպայի հրահանգը նմանատիպ իրավիճակ է եղել, որին Վ. Կարապետյանը չի կարողացել արագ արձագանքել եւ պատժվել է հանիրավի եւ դաժան ձեւով:
Ի դեպ, բռնության դեպքի մասին տուժած զինվորի ծնողները հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարին, ով չի արձագանքել ծնողների նամակներին, իսկ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, թեեւ խոստացել է պատժել մեղավորներին, սակայն ծեծող սպան` Կամո Սարգսյանը, դեռ մնում է ազատության մեջ: Այսինքն` քննչական մարմինը, թաքցնելով հանցագործությունը, զինվորներից չմեկուսացնելով եւ չկալանավորելով Կամո Սարգսյանին, իր անգործությամբ եւ իր հերթին եւս վտանգում է սպայի ենթակայության տակ գտնվող մյուս զինծառայողների սահմանադրական իրավունքները. նրանք եւս կարող են բռնության ենթարկվել Կ. Սարգսյանի կողմից` իր դեմ Վանյա Կարապետյանի դեպքով մեղադրող ցուցմունքներ չտալու համար:
Եթե ընդհանրացնենք պատկերը`ստացվում է, որ մի հանցագործությունը բերում է պաշտոնեական այլ հանցագործությունների, որոնցից հովանավորչության «հոտ» է գալիս. անպատժելիությունը ծնում է այլ հանցագործություն, եւ օրենսդրական փոփոխություններով կամ այլ օրինական ճանապարհներով պայքարն ուղղակի դառնում է անօգուտ: Ավելին, ովքեր փորձում են օրինական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքը, որոշ դեպքերում կարծես ավելի վատ վիճակում են հայտնվում. նրանց տանում են բանակ` նաեւ սպառնալիքների եւ ճշումների ներքո: Նմանատիպ այլ ահազանգեր կան ՀՔԱՎԳ-ում, որոնցից հիշատակենք մի քանիսը. Օրինակ 1991թ. ծնված Գ. Վերանյանը ունի սրտի ռիթմի խանգարում` վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ /2 էքս/օր/«Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա` քայլքի աննշան աստիճանի խանգարումով: Բայց Գ. Վերանյանին զորակոչում են բանակ եւ ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որեւէ բուժում չի ստացել այդ ընթացքում:
1991թ. ծնված Ս. Սերոբյանը ունի լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր: Նրան եւս զորակոչում են ծառայության, չնայած Ս. Սերոբյանը նախկինում ստացել է երեք տարով տարկետում եւ առողջական խնդիրների առումով էլ փոփոխություն չկա:
1994թ. ծնված Ռ. Սարոյանը ունի կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ եւ ըստ ծնողի հավաստման` նրա մոտ տեսողական խնդիրները չափազանց լուրջ են: Այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
1994թ. ծնված Ա. Դերձյանը ունի գունափոփոխ որքին, որը ախտորոշվել է Վանաձորի հավաքագրման հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ նրան պետք է տրվեր տարկետում, սակայն ընդամենը մեկ օր անց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անփոփոխ թողնելով Արմեն Դերձյանի ախտորոշումը, որոշում է կայացրել զորակոչել նրան շարային ծառայության այն դեպքում, երբ տվյալ հիվանդության որեւէ աստիճանի դեպքում նշված չէ շարային ծառայություն: Այժմ արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Նկատենք, որ այստեղ հավաքագրման հանձնաժողովը փորձել է օբյեկտիվ լինել, բայց քանի որ որոշիչ խոսքը զինվորականինն է` Դերձյանին տարել են բանակ…
Չնշելով, բայց միաժամանակ ուսումնասիրելով իրավապաշտպան կազմակերպության արձանագրած դեպքերն ու հանգամանքները` կարելի է նկատել, որ բողոքողների զավակներին զորակոչում են արդեն վաղուց վատ համբավ ունեցող զորամասեր, մասնավորապես` Մադաղիս: Այնպիսի տպավորություն է, որ նրանց լրացուցիչ պատժելու միտում կա, ինչը շատ ավելի հեշտ է դառնում, եթե պատժվողներից թաքցնում են իրենց իրավունքները, դրանց իրացման մեխանիզմները կամ պարզապես կամայականորեն զրկում դրանցից` գերխնդիր համարելով զինակոչիկների եւ զինծառայողների իրավունքների տարաբնույթ խախտումների գնով բանակի թվաքանակ ապահովելը:
Այս իրավիճակի ֆոնին թերեւս տեղին է փաստել, որ ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման առումով կարծես թե տեղից չենք շարժվել. ճիշտ է`«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կոսմետիկ եւ ոչ կոսմետիկ փոփոխություններ արել ենք /ուժի մեջ է մտել 2012-ի մարտից/` բարեփոխումների ձեւական կողմը պահպանելու համար, բայց միաժամանակ ինչ-որ տեղ նաեւ խստացրել ենք` ի վնաս անառողջ զինվորների, եւ ի օգուտ` արտոնյալ եւս մեկ խավի. օրինակ` եթե նախկին օրենքով առողջական խնդրի պատճառով զինակոչիկին հանում էին հաշվառումից, ապա փոփոխություններից հետո«…խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին…»` հաշվառվում է պահեստազորում /«ԶՄ» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ/: Այսինքն, պատերազմի վտանգի դեպքում` նրանք կարող են զորակոչվել բանակ: Փոխարենը փոփոխված օրենքով պաշտպանության տակ են առնվել դատական դպրոցի «դպրոցականները». այս ուսումնական հաստատությունը հավասարեցվել է բուհերի կարգավիճակին, եւ այնտեղի «սաներն» էլ /որոնց մի մասը սովորաբար դատական եւ իրավապահ համակարգերի պաշտոնյաների ազգականներ են/ մագիստրատուրա, ասպիրանտուրա սովորողների պես կօգտվեն ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքից /«ԶՄ» օրենքի 14-րդ հոդված/:
Դրան հավելենք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի`«Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին» 2010թ-ի թիվ 175 հրամանը, որով եւս ծանրացվել է հիվանդ զինծառայողների վիճակը. ի տարբերություն 2006-ի նույնանուն հրամանի` 2010-ի հրամանի ռազմաբժշկական փորձաքննության կարգում կատարված փոփոխություններից հետո որոշ հիվանդություններ հանվել են ցանկից: Դա նշանակում է, որ եթե ասենք նախկինում գլխուղեղի օրգանական հիվանդությունների, սուր եւ խրոնիկ ինտոքսիկացիաների, վարակների հետեւանքով հոգեկան խանգարումներ ստացած անձը փորձաքննության ենթարկվելուց հետո ճանաչվում էր ոչ պիտանի եւ հանվում հաշվառումից, ապա 2010-ի հրամանով այդ անձինք այլեւս փորձաքննության չեն ենթարկվում, եւ չի բացառվում, որ նրանցով համալրեն զինված ուժերի շարքերը: Նման օրինակները շատ են, ուստի ձեռնպահ կմնանք բոլորը թվարկելուց:
Ըստ նույն /2010-ի/ հրամանի` որոշ հիվանդությունների դեպքում փոփոխվել է զինակոչիկների պիտանելիության աստիճանը. օրինակ էպիլեպսիկ կամ գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդություններ ունեցող /ֆունկցիաների չափավոր խանգարում/ զորակոչիկները ժամանակավորապես պիտանի չեն ծառայության, իսկ պատերազմի ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության: Մինչդեռ 2006-ի հրամանով` խաղաղ ժամանակ նրանք պիտանի չեն ծառայության համար:
Այսինքն, իշխանությունը կարծես երկրի պաշտպանության հույսը իսկապես դրել է հիվանդ զինվորների վրա:
Այդուհանդերձ, որպեսզի պետության պատասխանատվությունը մեծանա զինակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանության առումով, իրավապաշտպաններն առաջարկում են` հստակեցնել այն «խաղի» կանոնները, ծառայության այս կամ այն տեսակը ներառող ցանկերն ու հիվանդությունների ցանկը, որոնցով զինծառայողը պետք է նշանակվի ոչ շարային ծառայության, պիտանի լինի սահմանափակ ծառայության համար կամ ընդհանրապես ազատվի ծառայությունից: Մեկ այլ խնդիր է, երբ զինվորը կարող է մի քանի հիվանդություններ ունենալ, որոնցով նախատեսված չէ զինծառայությունից ազատում, սակայն մի քանի հիվանդությունների առկայությունը կարող է վատթարացնել զինվորի առողջական վիճակը զինծառայության ընթացքում: Իրավապաշտպանները նաեւ առաջարկում են ստեղծել անկախ գործակալություն, որը փորձաքննության կենթարկի ծառայությունն արդեն ավարտած զինծառայողներին` պարզելու, թե ինչպիսի առողջական վիճակով են զորացրվում նրանք 2 տարի պետության պատասխանատվության տակ գտնվելուց հետո: Այս առաջարկի առնչությամբ հարցրել էինք նաեւ ՀՀ ՊՆ Ռազմա-բժշկական վարչության պետի տեղակալ Պետրոս Մանուկյանի կարծիքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում առաջին առաջարկի հետ կապված նա ասել էր. «Եթե չանդրադառնանք օրենսդրական դաշտին` օրենսդրական դաշտի որոշակի գործառույթների կանոնակարգմանը, ես օրինակ միանշանակ կողմ եմ, որ վերանայվի մի քանի հոդվածներով /հիվանդություններով-հեղ./ ծառայությանը` սահմանափակ պիտանի կամ ոչ շարային ճանաչելու վերաբերյալ հարցը. այո` մեկ այլ բան է, երբ մի հիվանդություն է, մեկ այլ բան է, եթե մի քանի զուգակցվող հիվանդություններ են, որոնք մեկը մյուսին կարող են ծանրացնել: Համամիտ եմ, որ դա վերանայման անհրաժեշտություն ունի, որ կարելի է քննարկել հարցը…Ինչ վերաբերվում է ծառայության ավարտից հետո կրկին անգամ հետազոտելուն, փորձաքննելուն` այո, համամիտ եմ. մենք փորձաքննում, տանում ենք ծառայության: Ես գտնում եմ, որ հնարավոր է դա իրականացնել, քննարկման թեմա է դա` զորացրումից առաջ տվյալ զինծառայողին նորից ենթարկել փորձաքննության` համեմատելու, թե ինչ առողջությամբ եկավ բանակ եւ ինչ առողջությունով զորացրվեց»: Հարցին, թե ով պետք է իրականացնի այդ փորձաքննությունը` ՊՆ ենթակայությա՞ն կառույցը, թե՞ անկախ գործակալությունը, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե եթե հնարավոր լինի` անկախ գործակալությունն իրականացնի, որովհետեւ ես մի քիչ դժվարությամբ կպատկերացնեմ անկախ գործակալությունը… Եթե կիրականացնի անկախ գործակալությունը, ես չեմ գտնում այդտեղ, որ որեւիցե արտառոց բան կլինի: Իսկ եթե` ոչ, այսօրվա գործող կանոնակարգերին համապատասխան` ոնց իրականացվում է այսօրվա զորակոչի համար փորձաքննությունը զորակոչից առաջ, նույնը անցկացվի զորակոչի ավարտից հետո»:
Այսինքն, պետական մակարդակով դեռ նոր պետք է որոշեն վերոնշյալ որոշ խնդիրների իրավական կարգավորումների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակահարմարության հարցը: Մինչդեռ վերջին` 2008-ի նախագահական ընտրություններից հետո անցել է 5 տարի, մեկ ամիս անց` փետրվարին նախագահական նոր ընտրություններ են, եւ ստացվում է, որ մեծ հաշվով մենք դրական տեղաշարժ չունենք զինված ուժերում բարեփոխումների իրականացման առումով. հիվանդ զինվորներին տանում են բանակ, եւ այն էլ` ոչ շարային ծառայության փոխարեն նշանակում շարային ծառայության, իսկ բողոքողներին` որպես հավելյալ պատիժ` ուղարկում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով աչքի ընկած զորամասեր: Արդյո՞ք սա հետընթաց չէ…
Թեեւ հանուն արդարության պետք է նշենք, որ բարեբախտաբար, մեկ-մեկ լինում են մի քիչ ուշացած, բայց արդարամիտ դատավճիռներ, երբ իսկապես հիվանդ զինվորն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՊՆ քննչական մարմինը Երեւանի բնակիչ, Վանաձորի զորամասի զինծառայող Արամ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել զինվորական առանձին պարտականություննները առանց պատճառաբանության կատարելուց հրաժարվելու համար /364 հոդ. 1-ին մաս/: Ըստ քրգործի նյութերի` 2011-ի հունիսին բանակ զորակոչված Ա. Գրիգորյանը, հանդիսանալով ջոկի ավագ հրաձիգ, կոչումով շարքային, 2011 թ-ի սեպտեմբերի 4-ին ընդգրկված լինելով զորամասի ճաշարանի օրվա վերակարգում` որպես աշխատող, տվյալ օրվա ճաշարանի հերթապահ նշանակված, ենթասպա Տ. Հարությունյանից հանձնարարություն ստանալով աշխատանքներ կատարել կարտոֆիլի արտադրամասում, չի կատարել եւ առանց որեւէ պատճառաբանություն բերելու` հրաժարվել է զինծառայողի առանձին պարտականություններ կատարել:
Բացի այդ, 2011 թ-ի սեպտեմբերի 11-ին, Արամ Ռ. Գրիգորյանը ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում` որպես շտաբի սուրհանդակ, զորամասի հերթապահ մայոր Է. Մելիքբեկյանի եւ հերթապահի օգնական, ավագ լեյտենանտ Թ. Ազիբեկյանի ներկայությամբ առանց պատճառաբանության հրաժարվել է սուրհանդակի առանձին պարտականություները կատարելուց: 3 օր անց` սեպտեմբերի 14-ին Արամ Գրիգորյանը իրենց վաշտի հետ միասին գնացել են մարտական դաշտ` ինժեներական աշխատանքեր կատարելու: Այնտեղ վաշտի հրամանատարը անձնակազմին տվել է հանձնարարություններ, որի ժամանակ Ա. Գրիգորյանը պատճառաբանել է, որ մեջքի հետ կապված խնդիրներ ունի ու չի կարող կատարել առաջադրանքը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, 2012-ի հունիսի 21-ին, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզել է, որ ամբաստանյալ Ա. Գիրգորյանը, որպես զինակոչիկ, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի շարային ծառայության` սահմանափակումով, եւ զորակոչվել է բանակ: Զորակոչի ընթացքում նրա մոտ ախտորոշվել է «Պատանեկան կիֆոզ, առանց ֆունկցիայի խանգարման:Կոնքի դեւիացիա, աջ ստորին վերջույթի կարճացում 1,5 սմ, ֆունկցիայի աննշան խանգարմամբ: Խորակամար ոտնաթաթեր, ոտնաթաթերի 1-ին մատների վալգուստային դեֆորմացիա, քայլքի չափավոր աստիճանի խանգարմամբ»:
Դատարանը նաեւ պարզել է, որ ծառայության ընթացքում Գրիգորյանը վերոնշյալ հանձնարարությունները հրաժարվել է կատարել` պատճառաբանելով, որ հիվանդ է, ունի մեջքի ցավեր, որի պատճառով կռանալ չի կարողանում: Դրանից հետո` 20.01.2012 թ. Ա. Գրիգորյանը զորամասի հրամանատարի կարգադրությամբ փորձաքննվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից եւ պարզվել, որ նա տառապում է երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր, երկկողմանի Հալլուս-Վալգուս, սրունք թաթային հոդերի ռեակտիվ արթրիտ, ցավային կոնտրակտուրա, քայլքի ֆունկցիայի զգալի խանգարումով: Կոնքի դեւիացիա, աջ ստորին վերջույթի կարճացում /1,2սմ/, վերջույթի ֆունկցիայի աննշան խանգարումով:Ողնաշարի կրծքային հատվածի կիֆոզ, առանց ֆունկցիայի խանգարման: Հիվանդությունը զարգացել է ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում»:
ՀՀ ՊՆ 11.02.2012 թ. հրամանով Ա. Գրիգորյանը արձակվել է հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ` առողջական վիճակի պատճառով: Այսինքն, դատարանը գտնելով, որ զինվորը պատճառաբանելով է հրաժարվել պարտականությունները կատարելուց, եւ դրանք հիմնավորվել են նաեւ մասնագիտական հետազոտությունների արդյունքում, արդարացրել է Արամ Գրիգորյանին: Սակայն մեղադրող կողմը դեռ վերաքննիչ բողոք է ներկայացրել երկրորդ ատյան` ակնկալելով հասնել մեղադրական դատավճռի /մեղադրողներն իրենց սովորության համաձայն` իրական հանցագործներին թողած` հիվանդ զինվորի մեջ դեռ հանցագործ են տեսնում/:
Ցավոք, նման դատավճիռները դեռ եզակի են եւ բավարար չեն զինված ուժերում պատշաճ կարգուկանոն հաստատելու համար:
Էլմիրա Մարտիրոսյան
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում: Սույն հոդվածի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ հնարավոր է, որ չհամապատասխանեն ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետներին: Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից: