«Քաղաքական հետապնդում է». Շանթ Հարությունյանի կողմնակիցները եւ իրավապաշտպանները պահանջում են վերացնել արգելքները
16:14, January 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քաղբանտարկյալներ«Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսով այսօր Ազատության հրապարկից երթ անցկացրեցին Հայաստանի քաղաքացիները, իրավապաշտպաններն ու քաղբանտարկյալների հարազատները:
Երթի մասնակիցները բողոքի ակցիա անցկացրեցին նախ ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետև Ոստիկանության շենքերի մոտ՝ ներկայացնելով իրենց պահանջները:
Ակցիայի մասնակիցների պահաջն է ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին, քանի որ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այն դեպքում, երբ իրավական որևէ հիմնավորում չկա:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը, ով նախորդ տարվա աշնանը «Ես սկսում եմ հեղափոխություն» բավանդակությամբ պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, ձերբակալվեց նոյեմբերի 5-ին, երբ դեպի նախագահական նստավար երթի ժամանակ ստիկանների և Շանթի կողմնակիցների միջև բախումներ եղան, բենզինով լի շշեր պայթեցեցին:
Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Շանթ Հարությունյանին չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ, նա կալանավայրում գտնվում է անմարդկային պայմաններում, հացադուլի պատճառով կտրուկ վատացել էր ինքնազգացողությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Գլխավոր դատախազության շենքի մոտ ներկայացրեց ակցիայի մասնակիցների պահանջը:
«Պահանջում ենք կալանավորված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրական հետապնդումը դադարեցնել, քանի որ դրանք քաղաքական հետապնդումներ են, իրավական որևէ հիմնավորում չունեն: Նույնիսկ դիկտատորական երկրներում մարդկանց տեսակցությունն իրենց հարազատների հետ չէին արգելում, որևէ իրավական հիմնավորում չկա արգելելու Շանթ Հարությունյանի և իր ընկերների, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի տեսակցություններն իրենց հարազատների հետ: Մենք Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջում ենք անհապաղ հրահանգել քննիչին վերացնելու տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը քաղբանտարկյալների և իրենց հարազատների միջև»,- հայտարարեց Սաքունցը:
Աղբյուրը` http://medialab.am/news/id/4623