Քաղբանտարկյալների արագացված դատաքննությունը
00:00, April 16, 2008 | Քաղբանտարկյալներ2008թ. ապրիլի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Գ.Ավետիսյանի կայացավ ՀՀ քաղաքացի Ռուբիկ Սարիբեկի Ոսկանյանի արագացված դատաքննությունը:
Արագացված դատաքննության մասին Ռուբիկ Ոսկանյանի միջնորդությունը բավարարելուց հետո դատարանի դահլիճը լքեցին նիստին մասնակից մոտ 30 քաղաքացիներ: Դատարանի դահլիճում «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով կանանց էլ պաստառները պահելու պահանջ ներկայացրեց դատավորը:
Ռուբիկ Ոսկանյանի խնդրանքով մոտ 30 րոպե տևած արագացված դատաքննության արդյունքում նա ճանաչվեց մեղավոր:
Դատարանի վճռով Ռուբիկ Ոսկանյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով: Միաժամանակ նրա նկատմամբ սահմանվեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն դատարանի որոշմամբ Ռուբիկ Ոսկանյանի նկատմամբ կիրառված 2 տարի 6 ամիս ազատազրկումը փոխարինվեց 1 տարի 6 ամիս փորձաշրջանով:
Ռուբիկ Ոսկանյանը մեղադրվում էր 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զանգվածային ցույցեր, շուրջօրյա հանրահավաքներ, միտինգներ, պիկետներ, նստացույցեր կազմակերպելու և իրականացնելու մեջ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 316-րդ և 2251-րդ հոդվածներով: Այդ հոդվածների համաձայն՝ Ռուբիկ Ոսկանյանը իշխանության ներկայացուցչի և նրա մերձավոր անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն է թույլ տվել: Բացի այդ, Ռուբիկ Ոսկանյանը չի ենթարկվել անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու օրինական պահանջին:
Ռուբիկ Ոսկանյանը հանդիսացել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի անդամ, մասնակցել 2008թ. փետրվարի 20-ից հետո Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
2008թ. մարտի 1-ին խաղաղ նստացույցը ցրելիս Ռուբիկ Ոսկանյանը բերման էր ենթարկվել Էջմիածնի ոստիկանության բաժին: Մինչև 2008թ. մարտի 5-ը Ռուբիկ Ոսկանյանը պահվել է ոստիկանությունում, նրա մասին ընտանիքի անդամներին որևէ տեղեկություն չէր տրամադրվել: Միայն 2008թ. մարտի 5-ին, երբ դատարանի որոշմամբ Ռուբիկ Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 2 ամիս կալանքը, ընտանիքի անդամները տեղեկացան նրա գտնվելու վայրի մասին: