ՔԿՀ դիտորդական խմբի հայտարարությունը
10:27, February 21, 2012 | Հայտարարություններ | Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
2012թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960թ. ծնված դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի, Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Ի դեպ, Հ. Դոխոլյանը վերջին 7 ամիսների ընթացքում կատարել է ինքնասպանության ևս 2 փորձ, որոնք բարեբախտաբար կանխվել էին:
Հ. Դոխոլյանի առողջական վիճակի վերաբերյալ դիտորդների խումբը երեք հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն (2011թ. հունիսի 9-ին, հուլիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին), հայտնելով, որ նա տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով և դիմել էր պատժից ազատման խնդրանքով: Բոլոր երեք հրատապ հաշվետվություններին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է 4 (11.07.2011թ., 27.07.2011թ., 16.08.2011թ., 26.12.2011թ.) և ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից` 1 պատասխան (29.07.2011թ.) գրություն, որոնցով հայտնվում է, որ Հովհաննես Դոխոլյանի վերաբերյալ քրեակատարողական ծառայության Բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից կայացված որոշումները ներկայացված են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին և ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում (29.07.11թ., և 16.08.11թ. պատասխան գրություններ), իսկ 26.12.2011թ. գրությամբ հայտնվում էր, որ իրականացվել են դատապարտյալին ծանր հիվանդության պատճառով պատժից ազատման վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություններ և մշակվել են տվյալ ոլորտը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերի նախագծեր:
Այսինքն, դատապարտյալին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայության դեպքում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգի բացակայության հետևանքով առնվազն 7 ամիս հարցին լուծում չի տրվել: Ավելին, 2011թվականի ընթացքում հասարակական դիտորդների խումբը տարածել է 5 մամլո հաղորդագրություններ (11.07.11թ., 06.08.11թ., 09.09.11թ., 02.11.11թ., 30.12.11թ.), որով իր մտահոգությունն է հայտնել Հ. Դոխոլյանի նկատմամբ ցուցաբերված անտարբերության մասին և դատապարտել է նման գործելաոճը և գնահատել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Այսպիսով, դիտորդների խումբը արձանագրում է, որ դատապարտյալ Հ. Դոխոլյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ցուցաբերել է երկարատև անտարբեր վերաբերմունք, ձևական մոտեցում, որը հանգեցրել է դատապարտյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և կյանքի իրավունքի խախտման: Դիտորդների խումբը գտնում է, որ դատապարտյալի կողմից ինքնասպանության դիմելու հարցում ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ դիտորդների խումբը պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող այլ դատապարտյալների հարցին ևս անդրադարձել է և պահանջում է շուտափույթ քննարկել և վերջնական լուծում տալ նրանց ազատման հարցին: