Քննարկվել է լուրջ հիվանդ դատապարտյալների պատժի կրումից ազատման գործընթացի հիմնախնդիրները
00:00, September 20, 2011 | Քննարկումներ | Պացիենտների իրավունքներ | Քրեակատարողական հիմնարկներՊատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման հիմնախնդիրների շուրջ քննարկում է տեղի ունեցել սեպտեմեբրի 15-ին. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։
Լրատվամիջոցների համար փակ այս կլոր սեղանին մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարարության, գլխավոր դատախազության, ոստիկանության ծառայության բուժվարչության, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի, դատական դեպարտամենտի, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև՝ հասարակական դիտորդների խմբի անդամներ և փորձագետներ:
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը ներկայացրել են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման հետ կապված ընթացակարգային և օրենսդրական հիմնախնդիրները:
Դիտորդական խումբը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ – բժշկական աշխատանքային հանձնաժողով – միջգերատեսչական բժշկական հանձնաժողով շղթայում’ դատապարտյալի բժշկական հետազոտման, առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության, պատժի կրումից ազատման գործընթացի թերությունները, որոնց վերաբերյալ դիտորդների խմբի կողմից հրատապ հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարությանը’ կոնկրետ դատապարտյալների դեպքերով:
Նիկոլայ Առուստամյանը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ինքնին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայությունը դեռևս հիմք չէ դատապարտյալին պատժի կրումից ազատելու համար: Ըստ նրա՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարևոր է գնահատել տվյալ հիվանդությունն ունեցող դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պայմաններում պատշաճ բժշկական ծառայության մատուցման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նշվել է, որ մինչ այժմ բացակայում է միջգերատեսչական բժշկական հանաձնաժողովի գործունեության կարգը:
Կլոր սեղանի մասնակիցները խոսել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատճառաբանված որոշումների ընդունման անհրաժեշտության, ընդունված (հատկապես բացասական) որոշումները դատապարտյալներին տրամադրելու հետ կապված խնդիրների մասին:
Քննարկման ընթացքում բարձրացված հիմնախնդիրները և հնչած առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն’ քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Աղբյուրը՝ www.hra.am