Քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու պահանջ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ՔԿՀ-ի պետի նկատմամբ
00:00, December 11, 2010 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ2010 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը և Արման Դանիելյանը դիմում են ներկայացրել ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝ քրեական գործ հարուցելու պարտավորեցնելու պահանջի մասին:
2010 թվականի սեպտեմբերի 2-ին դիտորդական խմբի անդամներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5–ից մինչև սեպտեմբերի 1–ը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։
Սարգիս Պողոսյանը մեղադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանկային խարդախություն կատարելուն օժանդակելու մեջ:
2010 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Ան ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով կատարված հանցագործության մասին եւ խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
2010 թվականի սեպտեմբերի 11-ին ստացվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի կողմից ուղարկված դիմումի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ե. Ավագյանի կողմից, որով փաստորեն ՀՀ Գլխավոր դատախազությունը հանցագործության վերաբերյալ հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:
Վերստին ակնկալելով, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք է քրեական հետապնդում հարուցի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի եւ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի նկատմամբ, 2010 թվականի հոկտեմբերի 19-ին դիմումատուները «Հանցագործության` անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու և ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու մասին» հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին, պահանջելով` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ներկայացված հաղորդմանը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով տեղեկացնել ընդունված որոշման մասին:
Սակայն 2010 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ Գլխավոր դատախազության, միջազգային իրավական կապերի բաժնի պետի ստորագրությամբ պատասխան է տրվել դիմումատուների հաղորդմանը, որի մեջ արտատպված է նախկին` 2010 թվականի սեպտեմբերի 11-ի ի պատասխան ստացված գրության բովանդակությունը: Նշված գրության բովանդակությունը, ոչ մի կապ չունի դիմումատուների կողմից տրված հաղորդման հիմնավորումների և պատճառաբանությունների հետ:
Փաստորեն ՀՀ Գլխավոր դատախազն իր անգործությամբ ոչ միայն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված հանցագործության մասին տրվող հաղորդումներին ընթացք տալու ընթացակարգը, այլև իր նման դիրքորոշմամբ անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տրված հաղորդումներին:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կազմակերպությունները դիմել են ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Գլխավոր դատախազին պարտավորեցնելու՝ դիմումատուների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում հարուցելու իր տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ: