Օհանյանը բանակային «բարդակի» մասին` ռուսահպատակ գեներալի միջոցով
00:00, September 15, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԲանակը «բարդակ» է. չկա հայրենիք, պատիվ հասկացություն, գողանում են ամեն ինչ, դա պետք է կանխել:
Բանակում կատարված վերջին աղմկահարույց դեպքերից հետո, սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության համատեղ ռազմական միավորման գեներալ Միքայել Գրիգորյանը մոտավորապես նման բովանդակության գրություն է ուղարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ նշել է բանակում տիրող իրավիճակի հետ կապված մի շարք խնդիրներ:
Նա իր դիտարկումներն արել է Հայաստանի սահմանամերձ զորամասերում եւ ԼՂՀ-ում: Այդ մասին բարձրաձայնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա փոխանցմամբ` Միքայել Գրիգորյանը, հայտնելով իր բոլոր մտահոգությունները բանակում տիրող իրավիճակի մասին, խնդիրներ է բարձրացնում պաշտպանության նախարարի առջեւ, որոնք վերաբերում են հիմնականում կրտսեր հրամանատարական կազմին: «Ինքը ուղղակի նամակի մեջ նշում է, որ գողությունները, կաշառքները, յուրացումները համատարած բնույթ են կրում: Նշում է, որ, ցավոք սրտի, բարոյական մթնոլորտը զինված ուժերում բավական ցածր մակարդակի է. պատիվ, հայրենիք հասկացությունները ընդհանրապես շատ քիչ հրամանատարների մոտ կան, բայց որոնք էլ էական նշանակություն չունեն այդ համակարգում: Դրա հետ կապված մի քանի հարցեր է բարձրացնում. կրտսեր հրամանատարները որեւէ սոցիալական ապահովության երաշխիք չունեն: Այսինքն` նրանց աշխատավարձերը բավական ցածր են, նրանց խրախուսելու որեւէ մեխանիզմ չկա», – ասում է Արթուր Սաքունցը: Պարոն գեներալը նաեւ նկատում է, որ 1992 թվականից սպա դարձածները ավելի շատ շքանշան ունեն, քան ինքը` իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում: Սահմաններում ու Ղարաբաղում ծառայող կրտսեր հրամկազմը նույնիսկ չի համարձակվում ընտանիք կազմել, որովհետեւ բարոյական մթնոլորտն այնքան վատ է, որ ամուսնանալու դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ տանը, ասենք` Մարտակերտում մնացած կնոջը իր ծառայության ընթացքում հրամկազմից ոչ ոք չի սիրահետի: Բնակարանային պայմանների բարելավում չկա, եւ այդ բոլոր խնդիրները պատճառ են դառնում, որ գողություններ կատարվեն զորամասերից: Մտահոգությունների շարքում նշվում են նաեւ խաբեությունը, ստախոսությունը, որոնք այն աստիճանի են հասել եւ այնքան են արմատավորվել, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ուզում են դրա դեմն առնեն, կյանքի անվտանգության երաշխիքներ չունեն: Նախկինում, երբ բողոքներ էին լինում սպայակազմից, հարցի քննարկմամբ զբաղվում էր զորամասի խորհուրդը, որի մեջ մտնում էր տվյալ գնդի հրամանատարը, բայց այժմ հրամանատարը միանձնյա է որոշում կայացնում: Եվ ստացվում է, որ բողոքողը ամբողջապես կախված է իր հրամանատարից: Արթուր Սաքունցը նաեւ տեղեկացնում է, որ երբ հարցեր են ծագում, ասենք, իրավապահ մարմինների հետ, հրամանատարը նրանց «փուռն է տալիս». փաստորեն նա իր ենթակա հրամանատարների հարցերով որեւէ շահագրգռություն չի դրսեւորում, եւ կրտսեր հրամկազմը տեսնում է, որ ինքը մեն-մենակ է մնում: Այսինքն` կրտսեր հրամանատարական կազմը իր վերադաս հրամանատարական կազմի կողմից հարգված ու պաշտպանված չի:
Ի դեպ, նախարարը սույն գրության կապակցությամբ եւ դրան կից մի քանի հանձնարարականներ է ուղարկել բոլոր զորամիավորումների ղեկավարներին եւ պահանջել` քննարկել, առաջարկներ ներկայացնել: Իրավապաշտպան Ա.Սաքունցը նկատում է. «Բայց խնդիրն ինչո՞ւմն է` ո՞վ է գրում: Գրում է ոչ թե Հայաստանի զինված ուժերում աշխատող գեներալ, այլ Ռուսաստանի գեներալ, որովհետեւ նա իր աշխատավարձը ստանում է Ռուսաստանի զինված ուժերից…»: Բանն այն է, որ միայն ՀՀ զինված ուժերում աշխատող գեներալը չէր կարող նման բաների մասին բարձրաձայնել, իսկ եթե նման բան է անում, ուրեմն որոշ չափով երաշխավորված է, եւ դա լուրջ ահազանգ է զինված ուժերում տիրող իրավիճակի մասին: «Միշա Գրիգորյանը դրել ու ամբողջ զինված ուժերը քանդել է, եւ լուրջ խնդիրներ է դրել… Հիմա այսպիսի մտահոգություն կա. եթե պաշտպանության նախարարը որտեղ ձեռք ա տալիս, ասում են` սա Սերժի մարդն ա, սա Խաչատուրովի մարդն ա, այսինքն դուրս ա գալիս` նախարարին դրել են անգլիական թագուհու կարգավիճակում: Եվ արդյո՞ք այս նամակը չի հանդիսանում նախարարի հնարքը, որպեսզի Գրիգորյանի ձեռքով վեր բարձրացնի այս հարցերը», – նշում է իրավապաշտպանը եւ համոզմունք հայտնում, որ գրությունը պետք է հրապարակվի եւ դառնա հանրային լայն քննարկման առարկա: Նամակում հարցադրում է արված, թե քանի՞ կրտսեր հրամանատար է ՊՆ ուղեգրով գնացել հանգստանալու, ովքե՞ր են օգտվել այդ ուղեգրերից: Եվ մի ուրիշ հարց է առաջանում, թե, օրինակ, ո՞ւմ հաշվին է գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովը գնացել Իտալիա` հանգստանալու, կամ մյուս գեներալը` Կիպրոս: Եվ ստացվում է, որ ՊՆ-ի սոցիալական ապահովության համակարգի կոռուպցիան կենտրոնացած է մի քանի բարձրաստիճան անձանց ձեռքում:
Միշա Գրիգորյանը նշել է, որ գողանում են ամեն ինչ, նույնիսկ համազգեստները, եւ այդ ամենը պետք է կանխել: Չկա հայրենիք, պատիվ հասկացողություն, ծառայության նկատմամբ հարգանքի զգացողություն: Իսպառ վերացած է:
Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/16008/