Օրե՞նք, թե՞ քաղաքականություն. ՀՀՇ Վանաձորի գրասենյակի ղեկավարը կարող է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն անցկացնել բանտում
00:00, April 14, 2008 | Արդար դատաքննության իրավունքՄարտի 1-ի առավոտյան Երևանում ձերբակալված ՀՀՇ Վանաձորի գրասենյակի ղեկավարը կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման` «անօրինական հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և ոստիկանության աշխատողի դեմ ոտնձգություն ու բռնություն գործադրելու համար»:
49-ամյա Ռուբիկ Ոսկանյանը դատարանի վճռին է սպասում Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա կինը՝ Արմինե Մարտիրոսյանը, ասում է, որ բանտից բերել ու տանը պահում է Ռուբիկի հագուստը, որի վրա նրա արյան չորացած հետքերն են: Արմինեն խնամքով պահում է դրանք` որպես ծեծված լինելու ապացույց՝ առաջիկայում կայանալիք նրա դատավարությանը ներկայացնելու համար:
Ոսկանյանն ընդդիմության հանրահավաքների ակտիվ մասնակից էր և ընտրություններից հետո ժամանակի հիմնական մասն անցկացնում էր Ազատության հրապարակում` սատարելով իր կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո, երբ ոստիկանությունը բիրտ ուժ գործադրելով ցրեց Երևանի Օպերայի հրապարակի հանրահավաքը, մի քանի օր ոչ ընտանիքը, ոչ էլ ընկերները նրանից ոչ մի լուր չունեին:
«Առավոտյան, երբ զանգահարեցինք ձեռքի հեռախոսին, անհասանելի էր»,- պատմում է Ոսկանյանի դուստրը՝ Քրիստինեն:
Ոսկանյանի գտնվելու վայրի մասին առաջինն իմանում է վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ոսկանյանի գտնվելու վայրը պարզելու խնդրանքով նա դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Սաքունցին հայտնել էին, որ Ոսկանյանը պահվում է Երևանի Կենտրոնի ոստիկանությունում:
«Օրենքով նրան կարող էին ոստիկանությունում պահել 72 ժամ, մինդեռ նրան մինչև մարտի 5-ը անօրինականորեն պահել են անազատության մեջ՝ առանց ընտանիքին այդ մասին հայտնելու»,- ասում է Սաքունցը:
«Երեք անգամ գնացել եմ ոստիկանություն, բայց ասում էին, թե այստեղ նման մարդ չկա,- պատմում է Ոսկանյանի կինը: – Նրա վիճակը շատ վատ էր, դրա համար էլ թաքցնում էին, որպեսզի այդ վիճակով չտեսնենք»:
Արմինեն առաջին անգամ ամուսնուն տեսել է մարտի 1-ից մի քանի օր անց Երևանի դատախազություններից մեկում: Նրա գործը քննող քննիչը թույլ է տվել մի քանի րոպե տեսակցել, բայց այդպես էլ բառ չեն փոխանակել:
Ասում է, որ քննիչը գիտեր, որ եթե մոտիկից տեսնի ամուսնուն, կդժգոհի, կբողոքի ծեծված տեսքի համար. «Այդ արյունը չորացել էր գլխի մազերի մեջ, ինչքան ուզում է` վիրակապը հանած լինեին, միևնույն է, տեսքից երևում էր` ոչ թե հիվանդ է, այլ ծեծված»:
Ականատեսների վկայությամբ` Ոսկանյանին ծեծել են Ազատության հրապարակում՝ «Վանաձոր» վրանում, քնած ժամանակ: Ոստիկանական մահակի հարվածից նա արթնացել է ու փորձել փախչել: Հարվածել են գլխին, ականջներին ու ոտքերին:
Վկաները պատմում են, որ նրան ծանր վիրավորել են ու, հազիվհազ, ընկերոջ՝ ՀՀՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի օգնությամբ փախել են դեպի կրկես:
Վանաձորցի վկաները պատմում են, որ երբ փորձել են կանգնեցնել շտապօգնության մեքենան, այնտեղից դուրս են թափվել հատուկ ջոկատայիններն ու երկուսին էլ տարել:
Միջազգային Կարմիր խաչը Ոսկանյանին մի քանի անգամ բուժօգնություն է ցույց տվել, և կնոջ՝ Արմինեի երկրորդ այցելության ժամանակ նա կազդուրված տեսք ուներ: Արմինեն պատմում է, որ ամուսինն ամենևին էլ կոտրված չէր, ընդհակառակը՝ ոգևորված, մարտականորեն տրամադրված:
Ոսկանյանին ներկայացված մեղադրանքների համար նախատեսվում է տուգանք կամ էլ առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: «Բայց ինչի՞ համար,- հարցնում է կինը: – Ախր, նրան են ծեծել, ոչ թե նա է ոստիկան ծեծել»:
Մինչդեռ նախաքննության ժամանակ ոստիկան Էրիկ Պողոսյանը հակառակն է պնդել. «Հարվածել և քաշքշել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին»:
Ոստիկաններին ծեծելու վերաբերյալ Ոսկանյանի դեմ ցուցմունք է տվել նաև նրա գաղափարական ընկեր` վանաձորցի Մեսրոպ Զաքարյանը: Արմինեն ասում է, որ ծեծի ու ճնշումների սպառնալիքների տակ ընկերները միմյանց դեմ ցուցմունք են տվել:
Ոսկանյանը խոստովանել է, որ ոչ միայն ծեծել է ոստիկաններին, այլև վանաձորցիներին գումար է տվել` Ազատության հրապարակում մնալու համար, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու դեպքում խոստացել է խանութներ Երևանի կենտրոնում: Այնինչ Ոսկանյանը հարազատներին պատմել է, որ ոստիկաններին ծեծել հնարավոր չէր, նրանք զինված ու զրահաբաճկոններով էին՝ նրանց հնարավոր չէր դիմադրել:
«Եթե վիրավոր մարդուն հասցրել են այս աստիճանի, որ ինքնախոստովանական ցուցմունք է տվել, էլ ի՞նչ ակնկալես այս իշխանություններից»,- ասում է Արմինեն:
Նա երեք շաբաթ առաջ պայմանագիր է կնքել փաստաբանի հետ, ում թույլ չեն տալիս տեսակցել պաշտպանյալին:
«ՀՀ Սահմանադրությամբ` ցանկացած քաղաքացի իրավունք ունի բոլոր պայմաններում՝ թե ազատության, թե անազատության, օգտվել իրավաբանական ծառայություններից, նաև՝ փաստաբանի»,- ասում է ՀՀ փաստաբանների միության անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը:
Ոսկանյանի նման կալանավորված է ևս երկու վանաձորցի: ՀՀՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով օգնել է վիրավոր Ոսկանյանին փախչել Ազատության հրապարակից, նույնպես «Նուբարաշենում» է: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=2959&CID=2892&IID=1182&lng=arm
Նաիրա Բուլղադարյան
«ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից