ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անցկացրեց դասընթաց ՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող իրավաբանների համար
16:32, March 1, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. փետրվարի 24-26-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացրեց դասընթաց «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող իրավաբանների համար:
Դասընթացը վարում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի մասնագետ, փաստաբան Արտուր Հարությունյանը, որը 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Դաշինքի կողմից իրականացվող դիտորդական առաքելության շրջանակներում համակարգելու է նաև իրավաբանների խմբի աշխատանքները:
Եռօրյա դասընթացի տեսական փուլում իրավաբանները ծանոթացան ընտրական օրենսգրքի փոփոխություններին ու դրա վիճահարույց դրույթներին, վարչական վարույթի առանձնահատկություններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ոստիկանության կողմից մշակված ձեռնարկներին ու ուղեցույցներին:
Քննարկեցին ընտրական հանձնաժողովներին հասցեագրվող դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների ներկայացման ընթացակարգերը, քրեական օրենսգրքի՝ ընտրական գործընթացներին առնչվող հոդվածները:
Դասընթացի գործնական մասում մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով ամփոփեցին քննարկված թեմաները: Դիտորդների կողմից հաճախ բարձրացվող հարցերի և ահազանգերի հիման վրա պլանավորեցին առաջիկա ընտրությունների ընթացքում իրավաբանների խմբի աշխատանքը: