Հայաստանում դրվում է պերմանենտ ճգնաժամի հիմքը
16:20, August 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՍահմանադրական փոփոխություններով Հայաստանում ձևավորվում է ոչ միայն կայուն մեծամասնության, այլև կայուն փոքրամասնության Սահմանադրություն, որը կառաջացնի պերմանենտ ճգնաժամ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ բացի այն խնդիրներից, որոնք առկա են նոր Սահմանադրությունում և որոնց մասին արդեն բարձրաձայնվել է՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության, Սահմանադրական դատարան դիմելու հարցերի շրջանակի նեղացման և դատական անկախության հետ, մտահոգություն առաջացնող է նաև կայուն փոքրամասնության դրույթը: «Մենք ունենում ենք կայուն փոքրամասնության Սահմանադրություն, քանի որ իրական մեծամասնությունը, հանձին ՀՀ քաղաքացիների, սահմանադրական փոփոխությունների արդյունքում մշտապես գտնվելու է կայուն փոքրամասնության մեջ, իսկ իրական փոքրամասնությունն իր վարչական և այլ ռեսուրսներով ապահովելու է ապագա պառլամենտում իր մշտական ու կայուն մեծամասնությունը: Այսինքն՝ ամբողջ ճգնաժամի բուն էությունը կկայանա ապագա ԱԺ-ում իրական մեծամասնության կայուն փոքրամասնության կարգավիճակի և իրական փոքրամասնության կայուն մեծամասնության միջև անհամապատասխանությամբ: Շատ տրամաբանական պետք է լիներ, որ քաղաքացիների մեծամասնության կամքով, քվեարկությամբ ԱԺ-ում ձևավորվեր մեծամասնությունը: Բայց մեր այսօրվա քաղաքական ինստիտուտների չկայացածության, նրանց ըստ ռեսուրսների ծայրաստիճան բևեռացվածության, ընտրական արատավոր պրակտիկայի պայմաններում մենք ունենալու ենք բոլորովին հակառակ պատկերը»,- ասաց Սաքունցը: Նրա խոսքով՝ դա իրապես ճգնաժամ առաջացնող և ճգնաժամը սահմանադրորեն ամրագրող փոփոխություն է, որի պարագայում միակ մեթոդը, որպեսզի այդ ճգնաժամը հաղթահարվի, հանդես է գալու ուժային մեթոդը: “Մենք միշտ պնդել, ահազանգել ենք՝ կայուն մեծամասնությունը վտանգավոր է, բայց բացի այդ վտանգից, ունենում ենք նաև կայուն փոքամասնության մեջ մնալու վտանգը։ Ունենում ենք կայուն փոքրամասնություն: Սա, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների էության բացահայտման կարևոր տեքստն է, որը մարդկանց ավելի հասկանալի կդարձնի այդ փոփոխությունների բուն նպատակը: Այսինքն՝ մենք ունենում ենք իրապես մի փոքրաթիվ օլիգարխների խմբի իշխանություն և այդ իշխանության պարտադրում ամբողջ երկրին»,- ընդգծեց նա: Արթուր Սաքունցի խոսքով՝ այդ պարտադրանքն իրապես իր բովանդակությամբ ավտորիտար իշխանություն է: Այս փոփոխությունը, նրա խոսքով, իրապես ճգնաժամ առաջացնող փոփոխություն է: «Անընդհատ ճգնաժամ առաջացնող է, որի հաղթահարման համար միակ միջոցը ուժային մեթոդն է, որովհետև փոքրամասնությունը ունենալով ձևական մեծամասնություն՝ իր իշխանությունը պարտադրելու է ուժային մեթոդներով, որն այլևս համարվելու է սահմանադրորեն հիմնավորված։ Դա այն է, ինչ հիմա անում են, իսկ դրան տրվելու է սահմանադրական կարգավիճակ»,- ընդգծեց նա:
Աղբյուրը՝ lragir.am