Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպաններից մեկի չներկայանալու պատճառով
15:22, April 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է միջնորդություններ ներկայացնել, և աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Սույն դատական նիստին ներկայացել էին մեղադրող դատախազ Դ. Կարապետյանը, տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչներ Ա. Սաքունցը, Տ. Սիրադեղյանը, ամբաստանյալները և ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը: Դատական նիստին չէր ներկայացել Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը, ով նախապես դիմում էր ներկայացրել դատարան, որով հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին ու խնդրել էր հետաձգել դատական նիստը: Զարինե Այվազյանը դատավորի հարցերին ի պատասխան հայտնեց, որ իր պաշտպանը արյան ճնշման բարձրացում է ունեցել: Միաժամանակ, ամբաստանյալը հրաժարվեց դատական նիստը շարունակել իր պաշտպանի բացակայությամբ:
Գործով մեղադրող Դ. Կարապետյանը, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը գտան, որ նիստն անհրաժեշտ է հետաձգել, քանզի նախորդ դատական նիստին Ե. Սարգսյանը հայտնել էր, որ ցանկանում է միջնորդություններով հանդես գալ, իսկ Զարինե Այվազյանը չի ցանկանում դատական նիստը շարունակել իր պաշտպանի բացակայությամբ: Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը նույնպես գտավ, որ դատական նիստն անհրաժեշտ է հետաձգել:
Դատարանը, քննության առնելով Ե. Սարգսյանի դիմումը, լսելով կողմերի դիրքորոշումները, գտավոր, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը:
Այսպիսով, սույն գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. ապրիլի 9-ին, ժամը 10:00-ին: