Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների վերաբերյալ հերթական դասընթացը տեղի ունեցավ Մարտունի քաղաքում
17:42, June 3, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող զորակոչիկների, նախազորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ հերթական դասընթացը տեղի ունեցավ 2016 հունիսի 2-ին Մարտունի քաղաքում՝ “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” հասարակական կազմակերպության գրասենյակում:
Մասնակիցները հիմնականում նախազորակոչային տարիքի երիտասարդներ էին, զորակոչիկներ, ինչպես նաև՝ զինծառայողների հարազատներ, որոնց հարցերը մեծամասամբ վերաբերում էին ուսումը շարունակելու հիմքով, ընտանեկան դրության բերումով և առողջական խնդիրներով պայմանավորված զինծառայությունից տարկետման հնարավորություններին, առողջական խնդիրների առկայության դեպքում զորակոչի իրականացմանը, զինծառայության ընթացքում զինծառայողների հետ տարվող հոգեբանական աշխատանքների իրականացման կարեւորությանը եւ հնարավորությանը, կանոնադրային հարաբերությունների խախտումներին եւ դրանց կանխման հնարավորությանը:
Վերոնշյալ հարցերի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի կողմից տրամադրվեց համապարփակ տեղեկատվություն, առաջարկվեցին առաջացած խնդիրների լուծման տարբերակներ:
Մասնակիցների հարցերին ի պատասխան՝ անդրադարձ կատարվեց նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց զորակոչի իրականացմանը, տրամադրվեց անհատական խորհրդատվություն:
Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին զորակոչիկների և զինծառայողների իրավունքների ու պարտականությունների, զորակոչիկների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվական գրքույկներ: