Վերաքննիչ քրեական դատարանը կքննի լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքը
18:51, July 2, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի լրագրող Արփի Մախսուդյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել: Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են: Դեպքի առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա 2017 թ. հունիսի 27-ին կարճվել:
Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ապա 2017 թ. նոյեմբերի 30-ին մերժում ստանալուց հետո՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: