HRW. Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել
18:23, August 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններHuman Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հուլիսի 29-ին ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Ոստիկանությունը խլացնող նռնակներ է կիրառել, որի հետևանքով տասնյակ ցուցարարներ ու մի քանի լրագրողներ վնասվածքներ են ստացել:
Հարավային Կովկասում HRW տնօրեն Գիորգի Գոգիան նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է արագ և բազմակողմանի հետաքննություն անցկացնեն ոստիկանական հարձակման կապակցությամբ: «Ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, սակայն այն իրենց տեսակետները խաղաղ արտահայտող մարդկանց դեմ բռնություն կիրառելու քարտ բլանշ չունի», – նշված է Գոգիայի խոսքում:
HRW ներկայացուցիչները զրուցել են տուժած լրագրողների՝ Lragir.am-ի օպերատոր Մարութ Վանյանի, «A1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանի, 1in.am-ի օպերատոր Դավիթ Հարությունյանի, լրագրող Մարիամ Գրիգորյանի, ազատ լրագրող Անուշավան Շահնազարյանի հետ:
HRW զեկույցում անդրադարձ կա նաև ԵՊՀ դասախոս Մարատ Յավրումյանին, ով հուլիս 29-ին բռնության է ենթարկվել Խորենացի փողոցում: