«Սասնա ծռեր»-ի տեսակետների ընտրողաբար ներկայացումը՝ նախաքննության գաղտնիքի խախտում
11:29, August 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դեռ չգիտի, թե «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անձանցից քանիսը պաշտպան ունեն, սակայն ընդգծում է, որ պատրաստ է իրենց ռեուրսները տրամադրել՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար:
Այս մասին ասաց Արթուր Սաքունցը Armtimes.com-ի հետ զրույցում:
Մեր հարցին՝ որքանո՞վ է իրավաչափ ԱԱԾ-ի երեկվա հաղորդագրությունը եւ, մասնավորապես, ահաբեկիչ տերմինը կիրառելը, արդյո՞ք այն նախաքննության ու անմեղության կանխավարկածի խախտում չէ, Սաքունցը պատասխանեց.
«ԱԱԾ-ի կողմից արված վերջին հայտարարությունն ավելի շատ քաղաքական հայտարարություն է, այլ ոչ թե իրավապահ մարմնի հայտարարություն, որը նշանակում է մարդկանց պատժել ոչ թե գործողություններին համարժեք իրավական գնահատական տալով, այլ զուտ քաղաքական որոշման տրամաբանությունից»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ իրենք ռազմագերի են, ինչո՞ւ է այդպես հայտարարում, չէ որ ռազմագերու կարգավիճակի համար երկու միջազգային սուբյեկտ է հարկավոր, Սաքունցը պատասխանեց, որ չի կարող հստակ ասել, սակայն որոշ զուգահեռներ իրականացրեց.
«Հղում կկատարեմ նման նախադեպային օրինակի, որը Հյուսիսային Իռլանդիայում է տեղի ունեցել, Իռլանդիայի ազատագրական պայքարի մարտիկները, որոնք ձերբակալվել էին ահաբեկչական գործողությունների մեղադրանքով, ազատազրկման ժամանակ պահանջ էին ներկայացրել, որ ճանաչվեն որպես ռազմագերի: Այսինքն, ոչ թե ահաբեկչական գործողության է եղել, այլ Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար պայքարողներ: Ըստ էության, նրանք հասան նրան, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված եղավ վերջիններիս հետ հանդիպել»,- ասաց Սաքունցը՝ ընդգծելով, որ Վարուժան Ավետիսյանն ամենայն հավանականությամբ դա է նկատի ունեցել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրավաչա՞փ է իրավապահ մարմինների կողմից իրենց խոսքով հանձնված մարդկանցից հարցազրույց հրապարակելը, Սաքունցը նկատեց.
«Ոստիկանությունը շատ պարզամիտ վարքագիծ է դրսեւորում, ոչ միայն «Սասնա ծռեր»-ի անդամների հետ հարցազրույցը, այլեւ ազատ արձակված բժիշկների այսպես կոչված զրույցը հրապարակելով, այն ամբողջովին տեղավորվում է պրոպանդիստական կամպանիայի շրջանակներում, իսկ անմեղության կանխվարկածն ամբողջությամբ խախտվում է: Խմբի անդամների տեսակետների ընտրողաբար ներկայացումը հանդիանում է ոչ միայն նախաքննության գաղտնիքի խախտում, այլ նաեւ ընտրողական արդարադատության իրականացում»: