Մանկահասակ Լիա Միսակյանի գործով մեղադրողը չէր ներկայացել դատական նիստին
17:57, April 3, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2017 թ. ապրիլի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լիա Միսակյանի մահվան գործի քննության շրջանակում նշանակված էր հերթական դատական նիստը:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, որոնց մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը, գործով տուժող երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Գործով մեղադրող Մնացական Շահգալդյանը և Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը չէին ներկայացել դատական նիստին:
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ մեղադրողը բացակայում է միջադեպի պատճառով, և վերջինիս բացակայության պայմաններում հետաձգեց դատական նիստն՝ այն նշանակելով 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տուժող կողմի բողոքի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելուց հետո գործը լրացուցիչ պատժի նշանակման մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավարության կողմերի բացակայության պատճառով: