Եթե Գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի Սերժ Սարգսյանի նկատմամբ, դա կլինի ցուցանիշ, որ նա կարող է մնալ իր պաշտոնում
15:01, July 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Դատախազության համար ևս նոր էջ է բացվել և այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես իրավապահ, պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար»,- Դատախազության 100-ամյակի տոնական միջոցառմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությունից հետո կարծիքներ են հնչում, թե գլխավոր դատախազի փոփոխության հարցն այլևս օրակարգում չէ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ շատ-շատերը չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, թե նոր իրողություններ, նոր էջ ասվածը ինչէնշանակում։ «Ըստ էության մենք բոլորս ապրել ենք մի համակարգում, որը եղել է ավտորիտար, օրենքի բոլոր նորմերը՝ ըստ քաղաքական նպատակահարմարության և ըստ իշխանության տնտեսական շահերի խախտելու տրամաբանությունն է գործել, և շատ- շատերը, այդ թվում՝ պետական համակարգում ընդգրկվածները ստիպված են եղել գործել այդ տոտալիտար մտածողության շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Նացիստական Գերմանիայի ավարտից հետո որտեղի՞ց հայտնվեցին այն մարդիկ, ովքեր նոր Գերմանիա կառուցեցին։ Նրանք Լուսնից, Մարսից չբերվեցին։ Նրանք մարդիկ էին, ովքեր մի քանի տարի առաջ ոգևորված ողջունում էին Հիտլերին և նացիստական կուսակցությանը։ Փաշինյանի ասածը վերաբերում է նրան, թե կա՞ արդյոք նոր պաշտոնյաների մոտ նոր գերծելակերպի ցանկություն, կամք։ Արդյոք նրանք ցանկություն, կարողություն ունեն համակարգում վերականգնել օրինականությունը։ Նրանք ովքեր չունեն այդ կամքը, ունակ չեն, կամ, տարբեր հանգամանքներից ելնելով, չեն կարողանալու գործել կարևոր սկզբունքներից ելնելով, պետք է դուրս մղվեն համակարգից»։
Այսինքն՝ գլխավոր դատախազի պարագայում համակարգում մնալը իր գործելակերպի՞ց է կախված՝ հարցրինք. «Այո, մթնոլորտից է կախված։ Այստեղ պետք է լինի մի կարևոր երաշխիք՝ քաղաքական կամք։ Հանձինս վարչապետի, կառավարության այդ կամքն առկա է։ Եթե դուք աշխատում եք օրենքի շրջանակներում, խնդրեմ, աշխատեք, ձեզնից ոչ մեկ չի պահանջի հեռանալ։ Պարզապես պետք է գործել օրենքի առաջ հավասար պատասխանատվության սկզբունքից ելնելով, առանց ընտրողական մոտեցման, ընտրողական արդարադատության։ Եթե գլխավոր դատախազը գտնում է, որ ունակ է Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, ապա դա ինձ համար ցուցանիշ է, որ նա կարող է մնալ իր պաշտոնում, քանի որ Սերժ Սարգսյանին համակարգային կոռուպցիայի համար քրեական գործ հարուցելու հիքմեր առկա են։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այն լիարժեք ազատությունը, հնարավորությունը, որը տրվում է բարձրագույն ղեկավարության կողմից, լիարժեք չի օգտագործվում։ Իսկ եթե չենք կարողանում իրականացնել, ապա գլուխ պահելու ժամանակ չկա և պետք է հեռանան»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցը նաև նշեց, որ այսօր մեր հասարակության մեջ կա մի խումբ, որը շահագրգռված է առանձին անձանց ձախողմամբ, որպեսզի հետո աղմուկ բարձրացնեն։ «Բայց այդ մթնոլորտ ախտոտողներին ես որակում եմ որպես կոռուպցիոն համակարգի մեջ շահագրգռվածների։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մենք նոր էջ ենք բացել պարոնայք, ուզո՞ւմ եք աշխատել այդ էջում, աշխատեք, չեք, ուզում՝ բարի ճանապարհ»։
Իսկ գխավոր դատախազը, կարծեք թե, ցանկություն ունի աշխատելու նոր էջում։ Նույն 100-ամյակի միջոցառման ժամանակ Արթուր Դավթյանը իր ելույթում հայտարարել է. «Գիտակցելով դատախազի ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաև նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները, միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա, և լինելով բավականաչափ ճկուն տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ»։
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով՝ գործող Սահմանադրությամբ գլխավոր նշանակման իրավասությունը վերապահված էՀՀ ԱԺ-ին, և դատախազի փոփոխության համար անհրաժեշտ է ոչ միայն ԱԺ մեծամասնության ձայնը, այլև ԱԺ խմբակցությունների համաձայնությունը։ «Այս պայմաններում գլխավոր դատախազի փոփոխության խնդիր, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէր։ Այն ԱԺ-ում կարող էր հանդիպել դիմադրության, ինչից կարելի էր ենթադրել, որ Փաշինյանի ծրագրերում նման խնդիր դրված չէր»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ գլխավոր դատախազն էլ շատ լավ հասկանում է, որ հնարավոր է խնդիրներ առաջանան, և չկա իր հրաժարականի գործիքակազմ, հայտարարել է, որ հրաժարական չի տա․«Այլ հարց է, թե նոր իրողությունների պարագայում գլխավոր դատախազը, դատախազները կարո՞ղ են աշխատել։ Ես անձամբ կարծում եմ, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ թե՛ դատախազության վերնախավում, թե՛ առանձին ստորաբաժանումներում՝ մասնավորապես զինվորական դատախազությունում։ Պետք է կատարվեն գլոբալ փոփոխություններ, գան նոր մարդիկ, բերեն իրենց ձեռագիրը և կատարեն Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները։ Երկրորդ կարծիք չկա»: