Չորս+ նախաձեռնության կողմից մշակված համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզ
17:26, August 8, 2016 | Համատեղ, ՀայտարարություններՀայաստանի Հանրապետությունում 2016թ․ ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը և հուլիսի 17-31 «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը հերթական անգամ արձանագրեցին երկրում առկա համակարգային ճգնաժամը, որը հետևանք է ՀՀ Սահմանադրության 1 և 2 անփոփոխ հոդվածներով սահմանված սկզբունքների և մարդու իրավունքների միջազգային նորմերի ու իրականության միջև առկա մեծ խզման։ Համակարգային ճգնաժամի պայմաններում բացակայում են ՀՀ-ում իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքները։ Թեև ճգնաժամի առաջացման հիմնական պատճառը գործող վարչախմբի և նրա մերձավոր շրջապատի անպատժելիությունն է, ճգնաժամը խորացնում են նաև պետական և հանրային հարաբերություններում արժեհամակարգային հետևյալ խնդիրները՝
1. Բռնության մշակույթի գերակայությունը
2. Անհատի արժանապատվության ցածր արժևորումը
Մենք՝ որպես ներկայիս ճգնաժամով մտահոգ և հրատապ լուծումներ ակնկալող քաղաքացիներ, համարում ենք, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է իբրև հանրություն մեր ջանքերն ուղղենք՝ հասնելու հետևյալ հիմնարար նպատակներին։
Հիմնարար նպատակները՝
1. Նպաստել ՀՀ Սահմանադրության 1 և 2 հոդվածներով սահմանված կարգի վերականգնմանը
2. Հասնել ՀՀ-ում մարդու իրավունքների սկզբունքների կիրառման և իրավունքի գերակայության
3. Ձևավորել հասարակությունում անձի արժանապատվության արժևորման և բռնության մերժման մշակույթ
4. Նպաստել հասարակության իրավագիտակցության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։
Հետևյալի իրագործումը՝
1.1 Հասնել անհատի անվտանգության համապարփակ ընկալմանը, ներառյալ շրջակա միջավայրի, կրթական, մշակութային, սոցիալական, պաշտպանական, տնտեսական բնագավառներում համապատասխան քաղաքականության իրականացմանը՝ ինքնիշխանության սկզբունքի ապահովման միջոցով
1.2. Հասնել ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանը
2.1.Հասնել ՀՀ-ում ներպետական օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային մարդու իրավունքների նորմերին
2.2.Հասնել ՀՀ-ում դատական իշխանության իրական անկախությանը
2.3.Վերականգնել հանրային ոլորտում իրական բազմակարծությունը
3.1.Նպաստել անձի արժանապատվության՝ իբրև գերագույն արժեքի գաղափարի արմատավորմանը հասարակության մեջ
3.2.Նպաստել բռնության բոլոր տեսակների նկատմամբ հանդուրժողության վերացմանը, գերիշխելու և մրցակցելու մշակույթի փոխակերպմանը համերաշխության ու փոխօգնության մշակույթի
3.3.Նպաստել հավասարության և փոխօգնության գաղափարների արմատավորմանը հասարակության մեջ
4.1.Նպաստել ՀՀ-ում քաղաքացիների իրենց իրավունքների մասին իրազեկման բարձրացմանը
4.2 Հասնել քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի իրացմանը
Վերը նշված նպատակների իրականացումը հիմնվելու է բացառապես ոչբռնի մեթոդներով և մարտավարությամբ հանրային ճնշման, ինչպես նաև ուղղակի ժողովրդավարության իրավունքի իրացման միջոցներով։
Վերը նշված նպատակների իրականացման առանցքային նախապայմանն է հասարակությունում վստահության մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը։
Համակարգային ճգնաժամի պայմաններում վստահության մթնոլորտի ձևավորումը գործող վարչախմբի պարտականությունն է, որի իրականացման համար անհրաժեշտ են հետևյալ հրատապ քայլերը․
1. Փաստացի քաղբանտարկյալների ազատ արձակում
2. 2016թ․ հուլիսի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանական բռնությունների և ապօրինի գործողությունների հրապարակային և արդյունավետ քննություն
3. 2016թ․ հուլիսի 31-ից հետո ոստիկանության և ԱԱԾ կողմից հանրության շրջանում վախ սփռելու, սպառնալիքների և ահաբեկման ակտիվացած գործողությունների անհապաղ դադարեցում
4. Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերակազմավորում՝ որպես նախարարություն
5. Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեպանոսյանի սպանության գործով իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ներառելով միջազգային և հասարակական անկախ փորձագետների
6. Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի ձևավորում՝ ներառելով հանրության վստահությունը վայելող, կոռուպցիայի դեմ պայքարում հմտություններ ունեցող լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ
7. Արդար ընտրության համար կայուն նախադրյալների ապահովում. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի սպասվող փոփոխության իրականացում՝ հանրության վստահությունը վայելող, ընտրական գործընթացներում հմտություններ ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառմամբ,
8. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային (ՀՌԱ) հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող, լրագրության և խոսքի ազատության բնագավառներում գործունեություն ծավալած լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ նոր հանձնաժողովի ձևավորում
9. Արցախի բանակցություններին վերաբերող գործընթացի թափանցիկության ապահովում՝ հանրային լայն շրջանակների մասնակցությամբ
Վերը նշված սկզբունքների համաձայն այս նպատակների իրագործման մեջ իրենց դերակատարումը տեսնող քաղաքացիները կարող են միանալ Չորս+ նախաձեռնության ֆեյսբուքյան էջին և ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։