Բանակում զինծառայողների մահացության դեպքերի աճ է գրանցվել… մասնագետները ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն անհրաժեշտություն են համարում
17:13, September 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՕգոստոսի 28-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացավ զինծառայող Վլադիմիր Հայրապետյանը: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Սակայն այսօր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Սիմոն Սարգսի Մկրտչյանի դեմ ՔՕ 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նա ձերբակալված է, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: Մերի Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությամբ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), սակայն սպանության կասկածանքով կալանավորվել է նույն զորամասի զինծառայող Սիմոն Մկրտչյանը: «Էս պահին այլ մանրամասների չենք կարող պատասխանել, միայն պետք է նշեմ, որ այդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել, և ինքը խոստովանել է, թե ոչ, այս պահին նման տեղեկատվություն չենք կարող տալ: Հարցաքննություններ են տարվում, նշանակվել են փորձաքննություններ: Առայժմ միակ մեղադրյալն ինքն է, այլոք կլինեն, թե ոչ, չեմ կարող ասել, նախաքննությունը շարունակվում է»,- նշեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, թե շուտով կառույցի ուշադրության կենտրոնում կլինի նաև հիշյալ քրեական գործը:
Ընդհանուր առմամբ վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանակում զինվորների մահացության դեպքերի աճ է գրանցվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով այս պահի դրությամբ 34 զինծառայող է մահացել, որից 20-ը հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի հետևանքով.
«3-ը առողջական խնդիրներով է պայմանավորված եղել, 4-ական դժբախտ պատահար և մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում: Դասակարգումը մեր ըստ քրեական գործի որակման է, 2 սպանություն և մեկ զենքի հետ վարվելու կանոնների խախտում: Նախորդ տարի եղել է 31-ը, էս տարի այս պահի դրությամբ ավելի շատ ունենք դեպքեր: Օգոստոսի վերջի դրությամբ նախորդ տարվա համար 25 դեպք է եղել, այսինքն 13-ով ավելի է մահվան դեպքերն այս տարի, եթե նախորդ տարիներին ավելի շատ գերակշռել են ինքնասպանության դեպքերը, էս տարի ինքնասպանության դեպքի որակում չունենք, բայց չեմ կարող ասել՝ դա նույն ինքնասպանություն չլինե՞լն էր, թե՞ ինչպես, որովհետև եթե նույնիսկ 2010-ին հաշվենք, ամենաշատ դեպքերն ենք ունեցել մահացության, բայց ինքնասպանություն չենք ունեցել, ավելի շատ կանոնադրային հարաբերություններ են եղել, ուզում եմ ասել՝ օրինաչափություն դրա մեջ չկա»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը:
Ըստ Արթուր Սաքունցի՝ ուշադրության կենտրոնում հարկավոր է պահել ոչ միայն միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերը, այլ նաև հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով գրանցված մահացությունները:
«Ամեն մի դեպքով ակնկալում ենք, որ լուրջ ծառայողական քննություն պետք է կատարվի, որպեսզի ճշտվի՝ արդյո՞ք դա անվտանգության կանոնների խախտման հետևանքով է: Զինծառայողը, որը մարտական հերթապահության մեջ է գտնվում, և դիպուկահարի կրակից է լինում դեպքը, վերջին հաշվով դա առաջին տարին չէ, երկրորդը չէ, ինչ-որ պաշտպանության միջոցներ ձեռք առնվե՞լ են դիպուկահարի կրակոցներից պաշտպանվելու ուղղությամբ, տեխնիկական ապահովվածություն կատարվե՞լ է, թե՞ չէ, այսինքն խոսում ենք էն գործողությունների մասին, որոնք կնվազեցնեն առնվազն կամ կկանխարգելեն այդ խախտումների հետևանքով մահացության դեպքերը: Նույնը դիվերսիոն գործողությունների պարագայում, համապատասխան ծառայությունները ի՞նչ աշխատանք են կատարում, որպեսզի էդ գործողությունները կանխվեն, մինչև դրանց ակտիվ գործողությունների դիմելը, այսինքն սահմանի պաշտպանության կամ բաժանարար գծի պաշտպանության մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանակում հատկապես միջանձնային հարաբերություններով պայմանավորված մահացության դեպքերի օբյեկտիվ քննություն չի իրականացվում, այսինքն հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք առաջադրվում է բացառապես շարքային զինծառայողների դեմ. «Զուտ պահանջները կամ հրամանների արձակումը ոչ մի բան չեն կարող փոխել, մինչև ներսում իրապես արմատական փոփոխություն չկատարվի, հիմա մենք խոսում ենք նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտության մասին, այսինքն երբ որ պատասխանատվությունը զինվորի համար հրամանատարի մակարդակում պատշաճ մակարդակի վրա է դրվում, և դրան նպաստող կառույցներն են զարգանում, դա է երաշխիք հանդիսանում: Իսկ ոչ իրավական մեխանիզմները հարաբերությունների կարգավորման, երբ որ որոշակի դեր են ունենում, այսինքն լավ տղաներ, նայողներ, էդ ամեն ինչը իր բացասական ազդեցությունը թողնում է, ես կարծում եմ դրանք պետք է արմատախիլ արվեն»,- գտնում է Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am