Արթուր Սաքունց․ Իսպանիայի վարչապետը ոստիկանության պետին շքանշան չի շնորհի
10:12, October 3, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԿատալոնիայի ինքնավար իշխանությունները երեկ երեկոյան հայտարարեցին, որ բախումների հետևանքով առնվազն 844 մարդ է տուժել։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է 11 տուժած ոստիկանների մասին։ Կողմերը միմյանց մեղադրում են անպատասխանատվության և բռնություններ սադրելու մեջ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Hayastan24.com-ի հետ զրույցում փորձեց զուգահեռներ գտնել նման իրավիճակներում Հայաստանի և Կատալոնիայի ոստիկանությունների գործողությունների միջև։
«Եթե քաղաքական ղեկավարությունը չունի քաղաքական լուծումներ, միակ լուծումը մնում է բռնությունը՝ հանձինս ոստիկանության։ Ուղղակի որոշակի եվրոպական երկրներում կա պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, պետք է սպասենք, թե Իսպանիայում ոստիկանությունն իր բռնարարքների համար պատասխանատվություն կրելու է, թե ոչ։ Եթե պատասխանատվություն կրի, իսկ ես վստահ եմ, որ կկրի, դա կլինի մեր ոստիկանության հետ տարբերությունը։ Մեզ մոտ ոստիկանության կողմից բռնարարքներն անպատժելի են։ Որևէ դեպք չեմ հիշում, որ մեր երկրում ոստիկանությունը պատժվի իր բռնարարքների համար։ Իսպանիայի վարչապետը ոստիկանության պետին շքանշան չի շնորհելու, հաստատ համոզված եղեք»,-ասաց Սաքունցը։