Գյումրիում մահացած նորածնի գործով պատշաճ քննություն չի իրականացվում
18:30, October 3, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2016 թ. մարտի 12-ին Գյումրիում մահացած նորածնի գործով դեռ նախաքննություն է ընթանում:
Հիշեցնենք՝ 2016 թ. մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լ. Դ.-ը Գյումրիի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է՝ ունենալով արական սեռի երեխա: Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և ծննդատան անձնակազմը, շտապ կանչելով երեխայի հորը, հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով: Երեխայի տեղափոխումը հնարավոր չի եղել ժամանակին կազմակերպել. հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց երեխան մահացել է: Մահացած նորածնի ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել: Նրանք նաև կասկածներ ունեն, որ մահացած նորածինն իրենց երեխան չէ, նրան փոխանակել են:
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի՝ ավելի քան մեկ տարի ձգվող նախաքննության ընթացքում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Տուժող կողմի միջնորդություններով որոշ դատավարական գործողություններ, ՀՀ Գլխավոր դատախազության հավաստմամբ, արդեն կատարվել են: Իրականացվել է նաև երկորդ դատագենետիկական փորձաքննությունը, որը հաստատել է, որ Լ. Դ.-ն ու Հ. Պ.-ը մահացած նորածնի ծնողներն են:
Հիշեցնենք՝ դատագենետիկական առաջին փորձաքննության ժամանակ, փորձագետների պնդմամբ, Հ. Պ.-ի արյան նմուշից ԴՆԹ անջատել հնարավոր չէր եղել, և փորձագետը չէր կարողացել հստակ պատասխանել նրա հայրության վերաբերյալ հարցին:
Սակայն այլ կաևոր հանգամանքներ այդպես էլ քննության առարկա չեն դարձել:
Այսպես՝ 2017 թ. մարտի 28-ին ստացվել է նախաքննական մարմնի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, որով Գյումրիի ծննդատան բժշկական անձնակազմի աշխատանքում մի շարք թերություններ են արձանագրվել:
Փորձագետները թերություններ են արձանագրել ոչ միայն նորածնին տրամադրված բուժօգնության մեջ, այլև նորածնի վարման քարտում, որը, նրանց գնահատմամբ, լրացվել է «անփույթ և անհասկանալի»:
Երեխայի տեղափոխումը ավելի բարձր կարգի հիվանդանոց, փորձագետների կարծիքով, պետք է կատարվեր անմիջապես ծնվելուց հետո, և այդ պարագայում հնարավոր կլիներ երկարացնել երեխայի կյանքը:
Չնայած սրան՝ իրենց աշխատանքում թերացած բուժաշխատողների գործողություններին վարույթն իրականացնող մարմինը իրավական գնահատական այդպես էլ չի տվել, ավելին՝ տուժողի ներկայացուցիչ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի դիմումին ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ա. Հարությունյանը բացառել էր բուժանձնակազմի գործողությունների և երեխայի մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և վկայակոչել փորձագետների այն կարծիքը, թե այդ թերությունները բացառելու դեպքում երեխայի կյանքը հնարավոր կլիներ երկարաձգել կարճատև ժամանակով:
Մինչ օրս քննության առարկա չի դարձել նաև ծննդատան հոսանքազրկման վերաբերյալ Լ. Դ.-ի հայտնած տեղեկությունը, քրեական գործում առկա չեն երեխայի և մոր մոտ՝ փորձաքննությամբ պարզված առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված բուժումների մասին հավաստող փաստաթղթերը: Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ փորձագետների պնդմամբ, այդ խնդիրները մինչծննդաբերական շրջանում պարզել հնարավոր չի եղել:
Հաշվի առնելով այս թերությունները՝ տուժող կողմը նաև անվստահություն էր հայտնել վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ և 2017 թ. ապրիլի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված բողոքով պահանջել գործը հանձնել ՀՀ ՔԿ մեկ այլ ստորաբաժանում: Սակայն ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը 2017 թ. մայիսի 11-ի գրությամբ դրա անհրաժետությունը ևս չէր տեսել:
Քրեական գործ հարուցելուց արդեն 18 ամիս է անցել, սակայն վարույթն իրականացնող մարմինը նորածնի մահվան հանգամանքերը դեռ ամբողջությամբ չի պարզել, իսկ փորձաքննությամբ պարզված հանգամանքների ուղղությամբ էլ քննություն իրականացնելու կամք չի դրսևորում: