Ժնևում տեղի է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման նախալսում
11:54, December 3, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում2015 թ. հունվարի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում տեղի կունենա Հայաստանի երկրորդ դիտարկումը Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում:
Երկրորդ դիտարկմանն ընդառաջ՝ 2014 թ. հունիսին հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց զեկույցները նախորդ դիտարկման ընթացքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ և կատարել են բազմաթիվ առաջարկություններ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է զեկույց մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ՝ Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի հետ համատեղ: Բացի այդ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մասնակցել է մոտ 40 կազմակերպությունների 2 համատեղ զեկույցների պատրաստմանը՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների» վերաբերյալ:
2014 թ. հուլիսին այս զեկույցներում արձանագրված տեղեկատվությունը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության աշխատանքային խմբին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԲՀՀ Հայաստանի և ՀՀ արտաքին գործերի նախարարոււթյան համատեղ քննարկման ընթացքում::
2014 թ. դեկտեմբերի 2-ին UPR Info կազմակերպության կողմից Ժնևոմ կազմակերպվել է ՀՊԴ նախալսում ՄԱԿ-ում տարբեր երկրների մշտական առաքելությունների հետ, որի ընթացքում ելույթ են ունեցել ներկայացուցիչներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենակից, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակից, Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանից և Վորլդ Վիժն Արմենիայից:
Բանախոսները մասնավորապես քննարկել են՝
– խտրականությունը, ընտանեկան և գենդերային բռնությունը,
– արդարադատության անկախությունը և մատչելիությունը,
– խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը,
– քրեակատարողական հիմնարկների վիճակը,
– ընտրական գործընթացները,
– մշակութային իրավունքների պաշտպանության վիճակը,
– բնապահպանությունը,
– իրավապաշտպանների վիճակը,
– հավաքների ազատությունը,
– խոսքի, կարծիքի և խղճի ազատությունը,
– մամուլի ազատությունը,
– առողջության իրավունքը,
– երեխաների պաշտպանության հիմնախնդիրները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը ելույթ է ունեցել արդարադատության անկախության և մատչելիության, խոշտանգումներից և կամայական ազատազրկումից զերծ մնալու, հավաքների ազատության իրավապաշտպանների վիճակի, խոսքի, կարծիքի, խղճի և մամուլի ազատության վերաբերյալ։