Դատախազությունը փորձում է ամբողջովին իրեն ենթարկեցնել ՀՔԾ-ն. իրավապաշտպան
12:51, December 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունԻրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ, մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դատախազություն-ՀՔԾ հակամարտությունը, ասել է, որ նորմալ գործընթաց է, երբ ՀՔԾ քննիչի կողմից ընդունված որոշման վերաբերյալ դատախազությունը քայլեր է կատարում:
«Դա ամբողջովին տեղավորվում է Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության մեջ, որովհետեւ Դատախազությունն է հանդիսանում քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը: Ուղղակի, եթե ՀՔԾ-ն գտնում է, որ չեն համապատասխանում այդ քայլերը, պետք է փաստարկներ ներկայացնի: Այստեղ, իհարկե, շատ հետաքրքիր է նաեւ այն, որ մենք չունենք այն մտայնությունը, թե իբր ՀՔԾ-ն կամ Դատախազությունը այդպես մտահոգված են իրավունքի պաշտպանությամբ: Միամիտ չենք մտածելու, թե երկուսն էլ շահագրգռված են մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր կամ քննություն կատարելու: Չկա նման վստահություն, ավելին՝ կան հիմքեր մտածելու, որ այդ ծառայությունները չեն ղեկավարվում մարդու իրավունքի պաշտպանությամբ. այդ հիմքերը պնդելու բազմաթիվ փաստեր ունենք»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այստեղ կա միջգերատեսչական շահ, բայց թե ո՞րն է այդ շահերի բախման պատճառը՝ առայժմ դժվար է ասել:
Ըստ Սաքունցի, Դատախազությունը փորձում է ամբողջովին իրեն ենթարկեցնել ՀՔԾ-ն՝ չնայած նրան, որ այդպես չի կարող լինել, քանի որ ՀՔԾ-ն անկախ մարմին է: «Սա ավելի շատ մեկը մյուսի նկատմամբ իշխանությունը ցույց տալու նպատակ ունի»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.armtimes.com