Գայանե Առուստամյանը հարցաքննությունից հետո. «տհաճ երևույթ է»
14:21, June 5, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼրագրող Գայանե Առուստամյանին տհաճ է մասնակցել մայիսի 7-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի հարցաքննությանը։
« Տհաճ երեւույթ է, որ պիտի ասեմ, թե ոստիկանը մարմնիս ո՞ր մասն է սեղմել եւ ո՞ր մասն է ցավեցրել։ Ստիպված եմ վերապրել եւ պատմել ինձ հետ կատարված դեպքը»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց նա։
Լրագրողի խոսքերով՝ ոստիկանները իրեն բռնի ուժով խցկել էին մեքենան եւ ահաբեկել. «Ասում էին, տես քեզ տանելու ենք, ինչ անենք։ Ինձ բռնության էին ենթարկում, հայհոյում։ Ես տեղյակ չէի, թե ինձ ուր են տանում, որովհետեւ չէին ասում։ Բացի այդ բռնության հետքերը իմ մարմնի վրա եղել են, բժիշկները դա արձանագրել են։ Դատաբժշկական փորձաքննությունն էլ հաստատել է» ,- ասաց Գայանե Առուստամյանը։
Գործով տուժողի հարցաքննությունը կշարունակվի հունիսի 12-ին։ Նրա շահերի պաշտպանությունն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, իսկ ղեկավար Արթուր Սաքունցը քննչական գործողությունների ընթացքում միշտ լրագրողի կողքին է։
Գայանե Առուստամյանը արդարադատության ակնկալիք չունի եւ հնարավոր է համարում, որ հարուցված քրեական գործը կարճվի։ «Ոստիկանական մարմինը կատարում է ռեժիմի պատժից ջոկատների դերակատարություն, գործառույթ»,- եզրափակեց նա։
Աղբյուրը՝ www.a1plus.am