Կոստանյանը պատրաստ չէր, այդ պատճառով հրաժարվեց. Սաքունց
17:48, August 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը նշանակում է, որ այս համակարգն այլևս ի վիճակի չէ մարսել առկա խնդիրների ծավալը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Սա նշանակում է, որ իշխանությունը, հանձինս իր իրավապահ մարմինների, այլևս ի վիճակի չէ լուծելու խնդիրներն իր՝ մինչ այժմ դրսևորած գործելակերպով և մեթոդներով», – ասաց Սաքունցը:
Նա նշում է, որ հույս չկա, թե այս օրերին իրավապահ համակարգում կատարվող պաշտոնանկությունները միտված են համակարգում իրապես փոփոխություններ կատարելուն: «Սրանք ստիպված փոփոխություններ են, ավելի շատ ոչ թե Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, այլ համակարգը ճնշմանը չի դիմանում»,- նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի պահանջների կատարման տեսակետից առաջիկայում ավելի կարծրացած և ավելի կացնային կադրեր են պետք լինելու՝ ելնելով այն տրամաբանությունից, որը նա ներկայացրեց օգոստոսի մեկի իր հայտնի ելույթում: «Եվ, բնականաբար, որոշակի կոշտացումներ ու ճնշումներ պետք է սպասել, նորից եմ կրկնում, ոչ թե պրոֆեսիոնալ, այլ քաղաքական հրահանգերը կատարող կադրերի միջոցով»,- ասաց նա:
Հարցին, թե «Սասնա ծռեր» խմբի անդաների նկատմամբ իրավապահների գործողությունների հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, Սաքունցը պատասխանեց, որ ի վերջո պատիժների սահմանումը Կոստանյանից կախված չէ:
«Բայց գլխավոր դատախազը պատրա՞ստ է արդյոք մտնել այդ պատասխանատվության տակ, դա այլ հարց է: Տվյալ դեպքում ես տեսնում եմ, որ Կոստանյանը պատրաստ չէր մտնել այդ պատասխանատվության տակ, դրա համար հրաժարվեց պաշտոնից»,- ընդգծեց իրավապաշտպանը: