Դատարանը կարճեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վարույթը
18:39, February 5, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Խաչատրյան2015 թ. փետրվարի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ` դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:
Տուժող կողմը սույն դատական նիստին կրկին չէր ներկայացրել:
Նախագահող դատավոր Վ. Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին տուժող կողմը գրավոր դիրքորոշում էր հայտնել ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դիմումների մասին, իսկ գործով մեղադրող Անահիտ Եղիազարյանը դիրքորոշման արտահայտման համար ժամանակ էր խնդրել դատարանից:
Վերջինս դատական նիստի ընթացքում հայտնեց, որ չնայած նախկինում ամբաստանյալների կողմից համաներում կիրառելու մասին դիմում էր ներկայացվել և դրա վերաբերյալ իր կողմից դիրքորոշում էր արտահայտվել, սակայն դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու սկզբունքի պահպանման համար նշանակել էր փորձաքննություն, այնուհետև գործի դատաքննության ընթացքում կատարվել էր ևս մեկ՝ այս անգամ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Ա. Եղիազարյանը նշեց, որ ՀՀ ազգային ժողովի համաներման ակտի 5-րդ մասի 2-րդ կետը տարածվում է գործով ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի նկատմամբ, քանի որ նրանց նկատմամբ նշանակվող պատիժը չի կարող գերազանցել 3 տարի ժամկետով ազատազրկումը: Բացի այդ, մեղադրողն իր խոսքում նշեց, որ ողջ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել ամբաստանյալների մեղքը, նրանց արարքի և հետևանքի միջև պատճառական կապը: Այդպիսով, Ա. Եղիազարյանը միջնորդեց կիրառել համաներում և կարճել գործի վարույթը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ավելի ուշ հրապարակվեց դատարանի դատական ակտը, որով կարճվեց քրեական գործի վարույթը՝ ամբաստանյալների նկատմամբ համաներման ակտի կիրառման հիմքով:
Այս մասին նաև՝ Ջրծաղիկից մահացած զինվորի գործը կարճվեց. հոսպիտալի նախկին պետն ազատ արձակվեց