ՀՔԱՎ-ի կողմից Amicus curiae է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին
11:19, June 5, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի նպատակներից է հանդիսանում նպաստել հավասարության և ոչ խտրական մոտեցումների զարգացմանը ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այս ոլորտում կազմակերպությունը իրականացրել է օրենսդրական բարեփոխումների աջակցմանն ուղղված և իրազեկվածության բարձրացմանն ու կրթական մի շարք միջոցառումներ:
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/0624/05/15 վարչական գործն ըստ դիմումի Արտուր Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ ՀՀ փաստաբանների պալատի՝ ՀՀ ոստիկանության պետի`14.01.2005թ. թիվ 1-Ն հրամանի 9-րդ կետի <ե> ենթակետը անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ ոստիկանության պետի`14.01.2005թ. թիվ 1-Ն հրամանով սահմանվում է «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը»: Նշված կարգի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով հանդիսանում է փաստաբան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով քննարկման ենթակա հարցը մեծ կարևորություն է ներկայացնում ՀՀ իրավական պրակտիկայում հակախտրական մոտեցումների զարգացման տեսանկյունից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. հունվարի 14-ի թիվ 1 հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգի» 9-րդ կետի «ե» ենթակետի` ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով ամրագրված խտրականության համընդհանուր արգելքի սկզբունքին համապատասխանության վերաբերյալ ուսումնասիրություն և մշակել է գրավոր մեկնաբանություններ, որը ներկայացվել է ՀՀ վարչական դատարանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի գրավոր մեկնաբանություններով ընդգծվում է, որ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար սահմանված արգելքը անհամաչափ կերպով սահմանափակում է փաստաբանների հասարակական գործունեությամբ զբաղվելու իրավունքը և հանդիսանում է փաստաբանների նկատմամբ խտրականության դրսևորում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրավոր մեկանաբանությունները՝ այստեղ: