Խաղաղություն կրթության միջոցով-2
16:38, July 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. հունիսի 18-26-ը Վրաստանում տեղի ունեցավ «Երիտասարդության շրջանում խաղաղության կրթության կարողությունների զարգացում» (Education for Peace- Competences for Peace Education in the Youth Field) թեմայով կրթական ծրագրի երկրորդ սեմինար-դասընթացը, որին մասնակցում էին 3-ական ներկայացուցիչներ Եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Լատվիա, Ուկրաինա և Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Ծրագիրը իրականացվում է Գերմանիայում գործող «Եվրոպական միջմշակութային ֆորում» (European Intercultural Forum) և Վրաստանում գործող «Խաղաղության և զարգացման ակադեմիա» (Academy for Peace and Development) կազմակերպությունների կողմից Եվրոպական Միության Էրազմուս + ծրագրի շրջանակներում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդիսանում է ծրագրի գործընկեր կազմակերպություն:
Ծրագրի կազմակերպիչները վերոնշյալ երկրներում գործող գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ փորձում են կոնֆլիկտային տարածաշրջաններում ապրող երիտասարդների համար ստեղծել հարթակ, որի միջոցով նրանք կկարողանան ծանոթանալ միմյանց հետ, ուսումնասիրել գոյություն ունեցող կոնֆլիկտները, գտնել կոնֆլիկտների լուծման, ձևափոխման ուղիներ և տարածաշրջանում հիմքեր ստեղծել խաղաղության հաստատման համար:
Ծրագրի նպատակներից մեկն է պատրաստել երիտասարդ դասընթացարավարներ, որոնք իրենց տարածաշրջանում կիրականացնեն խաղաղասիրությանն ուղղված դասընթացներ:
Դասընթացի մասնակիցները բաց էին համագործակցության, մտքերի փոխանակման և միջազգային կապերի հաստատման համար:
Դասընթացը մեկնարկեց նախորդ փուլի ամփոփմամբ և նոր ծրագրերի մշակմամբ, քննարկվեցին օրակարգն ու առաջիկա 7 օրվա անելիքները: Մասնակիցների համար ոչ ֆորմալ կրթության սկզբունքով իրականացվեց ուսուցման ծրագիր, որի ընթացքում ներկայացվեցին սեմինարներ, դասընթացներ իրականացնելու համար անհրաժեշտ սկզբունքները, գիտելիքները: Ծրագրի դասընթացավարները կիսվեցին սեփական փորձով, փոխանցեցին ոչ միայն սեմինարներ վարելու հմտությունները այլ նաև սեմինարները կազմակերպելու, ֆասիլիտացնելու, հետադարձ գնահատականներ ստանալու համար անհրաժեշտ գիտելիքները:
Այնուհետեւ ստացած տեսական գիտելիքների, կոնֆլիկտների ուսումնասիրման ու սեմինարներ իրականացնելու տարբեր մեթոդների հիման վրա խումբը կազմեց արդեն սեփական երկօրյա դասընթացի նախագիծը, առանձնացրեց թեմաներն ու կազմեց ժամանակացույցը: Հաջորդող երկու օրերի ընթացքում 3-ական մասնակիցներից կազմված խմբերը 1-ժամյա ուսումնական դասընթացներ իրականացրին: Յուրաքանչյուր խումբ ինքնուրույն կազմակերպեց իր դասընթացը, պլանավորեց 1 ժամվա ընթացքում իրականացվելիք գործողությունները, ինքնուրույն գտավ թեմատիկ նյութերը, կազմեց ելույթները, գործնական աշխատանքները, խաղերը:
Յուրաքանչյուր եռյակի ներկայացումից հետո ծրագրի դասընթացավարների և խմբի կողմից քննարկվեց եռյակի իրականացրած դասընթացը, քննարկվեցին առավելություններն ու թերությունները, ներկայացվեցին առաջարկություններ դրանք բարելավելու ուղղությամբ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ իրենց տարածաշրջանում խաղաղասիրական ծրագրեր, այդ թվում՝ սեմինարներ իրականացնելու համար:
Յուրանքչյուր երկրի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրենց համայնքներում իրականացնելու խաղաղասիրությանն ուղղված միջոցառումներ փոքր դրամաշնորհի շրջանակներում: