Կոստանյանը դժգոհ է ոստիկանության, քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի գործունեությունից
12:27, April 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրկու օր առաջ ՀՀ դատախազությունն Ազգային ժողով է ուղարկել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի ծավալուն, ավելի քան 70 էջանոց զեկույցը կամ հաշվետվությունը:
Բացի թվային տվյալներից, ՀՀ գլխավոր դատախազը գնահատականներ է ներկայացնում նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի գործունեության վերաբերյալ: Գնահատականներում նկատելի է մեղմ քննադատություն: Այսպես, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության, հանցագործության դեպքերի բացահայտումները նվազել են:
Ահա մեկ հատված հաշվետվությունից, որը հրապարակվել է armtimes.com կայքում:
«Անհանգստացնող է հետաքննության մարմինների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ցածր որակն ու անարդյունավետությունը: Հանցագործությունների բացահայտման աշխատանքներում տեղ գտած նշված թերությունները խոչընդոտում են երկրում պատշաճ քրեական քաղաքականության իրականացմանը, նվազեցնում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը, նպաստավոր պայմաններ ստեղծում նոր հանցագործությունների կատարման համար: Լուրջ անելիքներ կան հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների գտնվելու վայրը պարզելու, նախորդ տարիներին կատարված հանցագործությունները բացահայտելու, հանցավոր խմբերի բոլոր անդամներին և անչափահասներին հանցավոր գործունեության ներգրավողներին ի հայտ բերելու, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու պատճառները քննությամբ պարզելու և ներգործության համարժեք միջոցներ ձեռնարկելու գործում»:
Հիմնվելով իր մատնանշած խնդիրների վրա՝ Կոստանյանը հիշյալ զեկույցով առաջարկել է նաև վերանայել «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, լրացումներ կատարել, որը թույլ կտա ՀՀ դատախազությանն ավելացնել լիազորությունների շրջանակը: Առաջարկում է դատախազությանը վերապահել իրավապահ մարմինների գործունեության համակարգումը, իսկ հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգման կազմակերպաիրավական ձևերը կսահմանվեն ՀՀ գլխավոր դատախազի հրամանով:
Նիկոլայ Բաղդասարյան
ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, կայքի խնդրանքով անդրադառնալով Գևորգ Կոստանյանի՝ ԱԺ ներկայացրած զեկույցին, կարծիք հայտնեց՝ ասելով. «Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ կա մի պետություն, որտեղ հնարավորություն չլինի հնչեցնել քննադատություն ոստիկանության կամ այլ իրավապահ կառույցների աշխատանքների հասցեին, քանի որ այդ մարմինները խնդիր են ունենում բացահայտելու հանցագործությունները, չեք գտնի մի պետություն, որտեղ հանցագործություններ չլինեն կամ հանցագործությունները 100 տոկոսով բացահայտվեն, հետևաբար միշտ կարելի է գտնել պատճառ՝ ինչու քննադատել ոստիկանությանը: Սակայն ես կուզենայի, որ զեկույցում ոչ թե առաջնահերթ քննադատության ենթարկվեր ոստիկանությունն ու այլ իրավապահ մարմինների աշխատանքները, այլ Կոստանյանն առաջնահերթ քննադատություն ներկայացներ հենց դատախազության աշխատանքի վերաբերյալ»: Փաստաբանի կարծիքով՝ ՀՀ-ում առաջնահերթ խնդիրն այն է, որ նաև դատախազության սխալ աշխատաոճի արդյունքում է, որ ՀՀ քաղաքացիները կորցրել են այն հնարավոր հույսը, որ Հայաստանում գործում է քրեական արդարադատություն, որ հանցագործություն կատարած անձը կենթարկվի պատասխանատվության, իսկ անմեղ մարդը պաշտպանված կլինի:
«Այսօր, որպես փաստաբան, ես կարող եմ ասել և հիմնավորել, որ ՀՀ-ում բացարձակապես չի գործում քրեական արդարադատությունը: Կարող եմ օրինակներով ներկայացնել մի շարք քրեական գործեր, որոնց հիման վրա կարելի է եզրահանգել, որ իրականում Հայաստանում դատավարությունները կրում են ձևական բնույթ, անկախ նրանից, թե դատավարության կողմերն ինչպիսի ապացույցներ են ներկայացնում դատական նիստի ժամանակ, միևնույն է, գործի ելքն ի սկզբանե կանխորոշված է: Այսինքն, ամբաստանյալը, որը մտնում է դատական պրոցես, ինքը գիտի, որ կանխորոշված է գործի ելքը և հույս չունի դատական համակարգի նկատմամբ: Այ դրա մասին պետք է մտահոգվի առաջնահերթ պարոն Կոստանյանը: Եթե գլխավոր դատախազը չի կարողանում ձեռնարկել որևէ քայլ, որպեսզի հասարակության վստահությունը դեպի քրեական արդարադատությունը բարձրանա, այլ հակառակը, եղածն էլ վերացել է, ապա այդ փաստը պետք է մտահոգի ԱԺ պատգամավորներին, ինչո՞ւ ստեղծված վիճակը որևէ փոփոխության չի ենթարկվում, և ինչո՞ւ գնալով ամեն ինչ ավելի վատթարանում է: Մեր հասարակության գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ ձևավորվել է հստակ տպավորություն, որ այս կամ այլ գործի ելքը նախօրոք որոշված է, և դա հաճախակի պայմանավորված է ոչ թե արդարադատություն իրականացնող մարմնից, այլ քաղաքական ուժերից, քաղաքական գործիչներից, օլիգարխներից, հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից: Ցավոք սրտի, այդ անձանցով է պայմանավորված՝ ինչպիսի դատական ակտ կկայացվի, այլ ոչ թե դատավորից: Սրա մասին առաջնահերթ պետք է մտահոգվեր Կոստանյանը»:
Ն. Բաղդասարյանը որպես օրինակ մատնանշում է Վրաստանի փորձը: Ըստ նրա՝ Վրաստանում ժամանակին նույն վիճակն էր, նույն կոռումպացված դատական համակարգն էր, սակայն այսօր լիովին այլ պատկեր ունեն այնտեղ: Պետք է բոլորն ունենան կամք և առերեսվեն ճշմարտության հետ, ընդունեն, որ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտումներն այնքան էլ պայմանավորված չեն ոստիկանության անգործությունով, ավելի շատ կախված են իշխանության կամարտահայտությունից: «Երբ պետության ներսում իշխանություններն ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի հանցագործությունները բացահայտվեն, ապա դրանք շատ արագ բացահայտվում են: Երբ որ ամեն ինչը դրված է աշխատանքային հարաբերությունների, այլ ոչ թե ամբիցիաների վրա, գործընթացը շատ նորմալ գնում է և ի նպաստ հասարակությանը, ի նպաստ տվյալ պետությանը: Իսկ երբ ամբողջը դրված է քաղաքական տարբեր գործիչների անձնական շահերի, ամբիցիաների վրա՝ ոնց թե, ես ասացի, դու չհասկացար, ես քեզանից վերև եմ, իմ պաշտոնը քեզանից բարձր է, ես քեզանից խելոք եմ, ինչն այսօր մենք կարող ենք դիտարկել, ապա այս պայմաններում դրական արդյունք ակնկալել հնարավոր չէ»:
Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող, իրավապաշտպան Արթուր Սաքունցն, իր հերթին անդրադառնալով Գ. Կոստանյանի հաշվետվությանն ու գնահատականներին, դրանք նախ որակեց «տարօրինակ»:
«ԱԱԾ աշխատակիցների կողմից վերաբերմունքի քննության փաստը խոսում է, որ կան բավարար մտահոգող պայմաններ: Գլխավոր դատախազը պետք է իմանա, որ ամենախոցելի և ռիսկային կառույցը մարդու իրավունքների տեսանկյունից ԱԱԾ-ն է իր քննչական բաժնի հետ միասին»:
Ուստի Սաքունցի համար տարօրինակ է, որ ԱԱԾ-ին չի անդրադառնում դատախազը, և հետո, ըստ նրա, Կոստանյանը պետք է նաև հաշվետվությունում «անհանգստանար» կամ էլ պատասխան տար, թե ինչու Մարտի մեկի բացահայտման գործում որևէ քայլ չի արել դատախազությունը.
«Մարտի մեկի հանցագործության ուղղությամբ ի՞նչ գործ է կատարել ինքը և զինված ուժերում մահացության դեպքերի երկար ժամանակ չբացահայտված գործերի քննության իրականացման հետ կախված ի՞նչ է արել:
Կան կոնկրետ բնագավառներ և կոնկրետ հարցեր, որ հենց գլխավոր դատախազության ներկայիս լիազորություններն առավել քան բավարար են գործողություններ իրականացնելու համար»:
Սաքունցն առանձին անդրադարձավ նաև Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի բացահայտման ուղղությամբ Գ. Կոստանյանի աշխատանքին ու դերակատարությանը: Եվ երկու հարց հղեց Գևորգ Կոստանյանին.
«Պերմյակովին ՀՀ կողմին փոխանցելու պահանջի վերաբերյալ ի՞նչ է արել ինքը: Եվ երկրորդ՝ քննությանը խոչընդոտելու փաստի հիման վրա ռուսական ռազմաբազայի ղեկավարությամբ սահմանապահ ծառայության ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու տեսակետից ի՞նչ է մտածում անել գլխավոր դատախազը»:
Աղբյուրը՝ www.armversion.am