Բողոքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին
15:42, May 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Փնջիկ Թերոյան2015 թ. մայիսի 6-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և Փնջիկ Թերոյանի կողմից ներկայացված բողոքների քննությունը: Ներկայացված բողոքներով վիճարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, մասնավորապես, դիմումատուները խնդրել են վերացնել այն և գործն ուղարկել նոր նախաքննության:
Բողոքի քննությանը մասնակցում էին դիմումատու Ա. Սաքունցի ներկայացուցիչ Անի Չատինյանը և մյուս դիմումատու Փնջիկ Թերոյանը: Վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացել դատական նիստին, սակայն, քանի որ գործի նյութերը ներկայացվել էին դատարան, նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը որոշեց նիստը շարունակել վարույթն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի բացակայությամբ:
Ա. Չատինյանը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքը: Բողոքով ներկայացվեցին մի շարք հիմնավորումներ վարույթն իրականացրած մարմնի ոչ պատշաճ քննության վերաբերյալ:
Ա. Չատինյանը նշեց, որ սույն գործով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերացումից հետո նոր ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու ու քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումներն ընդհանուր առմամբ բառացի մեկը մյուսի կրկնությունն են, նույն պատճառաբանություններով՝ հիմնվելով առավելապես քննիչների ցուցմունքների վրա: Մինչդեռ, քննիչը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Բողոքում ներկայացվեցին հիմնավորումներ թույլ տրված դատավարական խախտումների ու կեղծումների վերաբերյալ: Մասնավորապես, քննիչ Ս. Մխիթարյանի կողմից Փ. Թերոյանին պատկանող և նրա կողմից ներկայացված բջջային հեռախոսահամարի վերծանումների զննության ժամանակ որպես ընթերականեր ներգրավվել են ոստիկանության նույն բաժնում աշխատող հավաքարարները, և այդ փաստը պատշաճ չի գնահատվել վարույթն իրականացրած մարմնի կողմից, ով հաշվի չի առել, որ այդ անձինք նույն քննիչի կողմից պարբերաբար ներգրավվել են տարբեր քննչական գործողություններում՝ որպես ընթերակա, ինչն անվիճելի փաստ է և տվյալ դեպքում անթույլատրելի է:
Բացի այդ, նշեց նաև, որ լազերային սկավառակի ձայնագրառման զննության կատարման ժամանակ ընթերականեր ներգրավված չեն եղել, իսկ զննություն կատարելու արձանագրության մեջ նշված անձանցից մեկը երբևէ Վանաձոր քաղաքի բնակչության ռեգիստրում հաշվառված չի եղել և ՀՀ քաղաքացու անձնագիր չի ստացել, իսկ մյուսը՝ քննիչի կողմից արձանագրությունում նշված հասցեում երբևէ չի հաշվառվել և հաշվառումից չի հանվել:
Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, որևէ միջոց չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք քննչական գործողությունների իրականացման ընթացքում ընթերականեր ներգրավված եղել են, թե՝ոչ: Տվյալ դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը առաջնորդվել է միայն ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ Սասուն Մխիթարյանի բացատրություններով, որոնք չեն կարող օբյեկտիվ լինել օբյեկտիվ պատճառով: Այդպիսով, Ա. Չատինյանը նշեց, որ վերոնշյալ հիմնավորումները փաստում են այն մասին, որ բողոքարկվող որոշումը կայացվել է գործի ոչ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում, ուստի խնդրեց վերացնել այն, ու գործն ուղարկել նոր նախաքննության:
Դիմումատու Փ. Թերոյանը պնդեց իր կողմից ներկայացված բողոքը և հավելեց, որ գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես ընթերակա ներգրավված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի տնտեսական գծով աշխատակիցներից մեկը երկար տարիներ աշխատել է այդ բաժանմունքում, նախ՝ որպես մեքենագրուհի, ապա՝ հավաքար, հետևաբար, նա չի կարող շահագրգռվածություն չունենալ տվյալ գործով: Բացի այդ, գործի նյութերում առկա է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրությունը, սակայն, անտեսելով այդ գրությամբ հայտնած տեղեկությունները, վարույթն իրականացրած Ա. Մինասյանը առաջնորդվել է միայն քննիչի ցուցմունքներով:
Դիմումատու Փ. Թերոյանը և Ա. Սաքունցի ներկայացուցիչ Ա. Չատինյանը պնդեցին ներկայացված բողոքները և խնդրեցին բավարարել դրանք:
Դատարանը, ավարտված համարելով բողոքի քննությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Բողոքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը կհրապարակվի 2015 թ. մայիսի 19-ին, ժամը 17:30-ին: