Խուդոյաններն ընդդեմ ՀՀ ոստիկանության գործով դատարանին ներկայացվեցին նոր ապացույցներ
16:00, May 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մայիսի 5-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, շարունակվեց ՀՀ ոստիկանության դեմ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված հայցի դատաքննությունը:
Հայցվորների ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրեց մի քանի նոր ապացույցներ՝ գործին կցելու համար: Մասնավորապես, նախորդ դատական նիստին դատարանը հայցվոր կողմին պարտավորեցրել էր դատարան ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դրա բողոքարկման արդյունքում կայացված որոշումները, որոնք նախապես ներկայացվել էին դատարանին: Սույն դատական նիստին հայցվորների ներկայացուցիչը դատարան ներկայացրեց նաև հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի որոշ բացատրությունների արձանագրություններ, մասնավորապես, հայցվորներ Հ. Մակարյանի և Ա. Խուդոյանի բացատրությունների, դեպքին ականատես Էմմա Սահակյանի բացատրության, հայցվորների հարևան Գրետա Ֆիդանյանի բացատրության արձանագրությունները, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչ Մարթա Մելքոնյանը նշեց, որ այդ որոշմամբ հաստատվել են այն փաստարկները, որոնք իրենք ներկայացրել են դատարանում հայցադիմումի դեմ, նշեց, որ որոշմամբ հերքվել է բռնություն կիրառելու փաստը և դրա ոչ իրավաչափությունը:
Հայցվորների ներկայացուցիչը մի քանի հարցադրումներ ուղղեց պատասխանող կողմի ներկայացուցիչներին: Հարցադրումները վերաբերում էին ֆիզիկական ուժ կիրառելու իրավական հիմքերին, ֆիզիկական ուժ կիրառելուց առաջ այդպիսի ուժ կիրառելու նախազգուշացմանը: Հարցերը պատասխանող կողմին տարիօրինակ թվացին, նրանք հայտնեցին, որ դատաքննության ընթացքւմ պարզաբանել են, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, գործելով օրենքի պահանջներին համապատասխան, ֆիզիկական ուժի գործադրմամբ հայցվորներին և նրանց երեխաներին հեռացրել են նստացույցի վայրից: Ավելին, ոստիկանության աշխատակիցների գործողություններում օրենքի պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով, իսկ կայացված որոշումը մնացել է օրինական ուժի մեջ՝ բողոքարկվելով ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վճռաբեկ դատարաններ:
Հայցվորների ներկայացուցիչը արձանագրեց այն փաստը, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների և դատաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների կողմից հայտնած տվյալների միջև առկա են էական հակասություններ: Հայցվորների ներկայացուցիչը մանրամասնեց, որ նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել գոնե մեկ ապացույց, որը կհավաստի, որ հայցվորների նկատմամբ ֆիզիկական ուժ կամ բռնություն է կիրառվել: Նախապատրաստված նյութերի շրջանակներում բացատրություն տված բոլոր ոստիկանության աշխատակիցները հերքել են Հ. Մակարյանին և Ա. Խուդոյանին հարկադրաբար, բռնությամբ տեղափոխելու փաստը: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն իրենց բացատրություններում նշել են, որ հայցվորներին տեղափոխել են իրենց ցանկությամբ, իսկ ոստիկանության աշխատակիցների մեքենայով տեղափոխելու միակ պատճառը հայցվորների մոտ անհրաժեշտ գումարի բացակայությունն է եղել:
Բացի այդ, Տ. Սիրադեղյանը նշեց, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ հայցվորներին և նրանց երեք անչափահաս երեխաներին տեղափոխել են մեկ ավտոմեքենայով, մինչդեռ դատաքննության ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ հայցվորներին տեղափոխել են երկու ավտոմեքենայով:
Կողմերն այլ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չներկայացրեցին, այդպիսով դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը:
Ապացույցների հետազոտումից հետո դատավարության կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Հայցվորների ներկայացուցիչը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները դեպքից մեկ օր առաջ մի քանի անգամ մոտեցել են հայցվորներին և, որպես նստացույցի վայրից հեռանալու պահանջի հիմանավորում, նշել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի կողմից կատարվելիք պաշտոնական այցը, հավելելով, որ ամոթ է: Այլ իրավական հիմք, օրինական պահանջ հայցվորներին չի ներկայացվել, որը չկատարելու դեպքում նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը կարող էր իրավաչափ լինել: Հայցվորների ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը փորձ կատարեց իր գործողությունները տեղավորել իրավաչափության սահմաններում, նշելով, որ իրենք գործել են միմիայն օրենքի դրույթների շրջանակներում: Սակայն այնուամենայնիվ, անհերքելի է հայցվորների հավաքների ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտման փաստը, քանզի հայցվորները հեռացվել են նստացույցի վայրից, որտեղ հավաք են իրականացրել և տեղափոխվել են անհայտ ուղղությամբ, իսկ հետագայում պարզվել է, որ նրանց տեղափոխել են Վաղարշապատ քաղաքի իրենց բնակարան: Այդպիսով, հայցվորների ներկայացուցիչը պնդեց ներկայացված հայցն ամբողջությամբ և խնդրեց բավարարել այն՝ ոչ իրավաչափ ճանաչելով ՀՀ ոստիկանության գործողությունները:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Մ. Մելքոնյանն իր ամփոփիչ ճառով պնդեց դատաքննության ընթացքում ներկայացրած փաստարկները և խնդրեց մերժել հայցը:
Սույն գործով դատարանի որոշումը կհրապարակվի 2015 թ. մայիսի 22-ին, ժամը 15:00-ին: