Արթուր Սաքունցը՝ Գևորգ Կոստանյանի և Արման Մկրտումյանի «խղճուկ փորձերի» մասին
10:08, November 6, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Իրենք խառնում են սովորական քաղաքացու կարծիքը պետության գլուխ համարվող կամ բարձրագույն ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի այն հավաստիացումներին, թե Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով անմեղության կանխավարկած չի խախտել, այսպես արտահայտվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Կոլումբիայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները հանցագործություն են կատարել: Այս հայտարարությանը հաջորդեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավճիռը՝ ազատազրկում: Մի շարք իրավապաշտպաններ և փաստաբաններ պնդեցին, թե Սերժ Սարգսյանը անմեղության կանխավարկածն է խախտել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը համառորեն արդարացրին Սերժ Սարգսյանին:
Մասնավորապես Արման Մկրտումյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ոչ թե խախտել է անմեղության կանխավարկած, այլ պահի տակ կարծիք է հայտնել՝ Կոլումբիայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասելով, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում այս առիթով ասաց. «Սովորական քաղաքացիների կարծիքները կարող են ազդեցություն չունենալ, իսկ պետության ղեկավարի կարծիքը, մոտեցումներն ու գնահատականներն ունեն ազդեցություն, հատկապես ՀՀ-ում, որտեղ դատական իշխանությունը, իրավապահ համակարգը գործիքներ են»:
Արթուր Սաքունցը «դրանք շատ խղճուկ փորձեր է համարում՝ հիմնավորելու կամ փրկելու Սերժ Սարգսյանի դեմքը»: Պարոն Սաքունցը շարունակեց. «Այդ դեմքը, որը գիտենք, որ միշտ էլ հրապարակային ելույթներում հանպատրաստից շատ ավելի անկեղծորեն է իր իրական դեմքը ցույց տալիս, քան նախօրոք պատրաստված զեկույցներով: Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանն արդեն ինքն էր որոշել, թե ինչպիսի վճիռ պիտի արձակի դատարանում»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ դա ոչ թե կարծիք է եղել, այլ պնդում. «Ինքը հստակ ասել է, որ նրանք հանցագործներ են և հանցագործություն են կատարել: Դա ի՞նչ կարծիք է, դա արդեն համոզված դիրքորոշում ու պնդում է: Չի ասում, որ կան տվյալներ, այլ ինքը պնդում է»:
Մեր հարցին՝ Եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ազատամարտիկ է ձերբակալվել, որի մասին Եռյակը լռում է, ինչպես նաև հարթակից քաղբանտարկյալների մասին որևէ խոսք չեղավ, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Եռյակի և մյուս քաղաքական ուժերի պահվածքը դրսևորվեց Շանթի և ընկերների նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Շատ տարօրինակ է. այն ուժերը, որոնք քաղբանտարկյալներ են ունեցել՝ ե՛ւ Դաշնակցությունը, ե՛ւ Եռյակի անդամ մյուս կուսակցությունները, բացի Գագիկ Ծառուկյանից, ոնց որ բոլորը հավասարվում են նրան, որ հանկարծ չնեղացնեն Գագիկ Ծառուկյանին, որ անհարմար իրավիճակի մեջ չդնեն նրան, դրա համար էլ փորձում են իրենց դիրքորոշումը չարտահայտել: Հակառակ դեպքում պետք է հարցեր ծագեն, թե այդ քաղբանտարկյալները կամ քաղաքական հետապնդումները ժամանակին այն իշխանության օրոք է իրականացվել, որի կազմում է եղել ԲՀԿ-ն»:
Աղբյուրը՝ www.aravot.am