Սաքունցը պարզաբանում է՝ ինչ անել, եթե «չի գործում» ԱԺ էթիկայի հանձնաժողովը
22:11, March 7, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հարցին, թե արդյոք անիմաստ չէ՞ որևէ կառույցի գոյությունը կամ որևէ նշանակություն ունե՞ն էթիկայի հանձնաժողովի գործունեությունն ու որոշումները, ես միշտ պատասխանում եմ` իսկ արդյոք որևէ նշանակություն կամ իմաստ ունի՞ հանրապետության նախագահի կամ կառավարության գործունեությունը: Իսկ դա արդյոք նշանակո՞ւմ է, որ պետք է լուծարել այդ մարմինները»,- պատասխանելով MAMUL.am-ի թղթակցի՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նշանակության վերաբերյալ հարցին, ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իսկ թե ինչ կարելի է սպասել ԱԺ էթիկայի հանձնաժողովից ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարցի հետ կապված, Սաքունցը նկատեց, որ այս դեպքում գործ ունենք ԱԺ կառույցի հետ և այլ մարմին մենք չենք կարող ստեղծել: Մեր զրուցակցի խոսքով` էթիկայի հանձնաժողովն ավելի շուտ վարքագիծն է քննում, ոչ թե բարոյական վնասի հարցը. «Կարող է հանձնաժողով չլինել, բայց բարոյական վնասի փոխհատուցման հարցը դառնա դատարանի քննարկման առարկա: Կարող է քննվել պատգամավոր վարքագիծը, թե արդյոք էթիկայի նորմերի տեսակետից, պատշա՞ճ է իրեն պահում նա, թե՞ ոչ, բայց ինքը կարող է ընդհանրապես առնչություն չունենալ բարոյական վնասի հետ»:
Իսկ ի՞նչ անել, եթե այդ հանձնաժողովը պատշաճորեն չի գործում:
«Պետք է ընդամենն աշխատեցնել այն: Այսինքն` այդ հարցերն անընդհատ բարձրացնել է պետք, որպեսզի այն իրական նշանակություն ու ազդեցություն ունենա»,- կարծում է Սաքունցն, ում խոսքով երբևիցե չի եղել մի դեպք, որ որևէ մի երկրում, ինքն իրեն, առանց հանրային պահանջների, որևէ բան փոխվի: «Եթե մեկ կամ երկու անգամ փոձերն արդյունք չեն տալիս, դա հո չի՞ նշանակում, որ երրորդ, չորրորդ և հաջորդ փորձերը չպետք է անել: Մենք ուղղակի այդ որոշումներով հիմնավորելու ենք մեր հետագա պահանջները և նոր հարցեր առաջադրենք` բարելավելու, փոխելու ուղղությամբ, որովհետև այլ ելք չկա: Եթե գործողություն չկատարես, քայլ չկատարես, դու որևէ հիմնավորում չես ունենա, թե ինչպիսին է տվյալ մարմնի գործունեությունը»:
Ըստ Սաքունցի`դատարան դիմելն էլ հարցի լուծում չէ. «Մենք գիտենք, որ դատական համակարգն անկախ չէ, դատավորն անկախ չէ, բայց շարունակում ենք դիմել, որովհետև դա է միակ ճանապարհը` քո երկրում ինչ-որ փոփոխությունների հասնելու»: