«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության» գործով դատաքննությունն ավարտված է
16:58, April 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՀՀ Գլխավոր դատախազություն2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Թովմասյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատաքննությունը:
Դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանը: Վերջինս դատարան ներկայացրեց իր լիազորությունները հավաստող լիազորագիր:
Դատարանը սահմանեց դատաքննության կարգը, որից հետո հայցվորի ներկայացուցիչը հանդես եկավ բացման խոսքով:
Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ, սակայն ՀՀ Գլխավոր դատախազությունը չի տրամադրել պահանջված տեղեկատվությունը, ավելին՝ Կազմակերպությունը ՀՀ Գլխավոր դատախազությունից որևէ պատասխան չի ստացել: Կազմակերպությանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն հասցեագրված գրության պատճենը, որից հետևում է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հարցումն ուղարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Իր բացման խոսքում Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց Կազմակերպության՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման մասին, ինչպես նաև գտավ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանդիսանում է տեղեկատվության տնօրինող և պարտավոր էր ներկայացնել հարցմամբ պահանջված ամբողջական տեղեկատվությունը: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական գործերով հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, և հարցմամբ պահանջված տեղեկատվությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տրամադրում է ՀՀ Գլխավոր դատախազությանը: Ավելին՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն իր գործունության վերաբերյալ յուրաքանչյուր տարի հաղորդում է ներկայացնում ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողով, որը հրապարակվում է ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում: Այդպիսով, Տ. Սիրադեղյանը խնդրեց բավարարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը տրամադրել Կազմակերպության հարցմամբ պահանջված տեղեկատվությունը:
Պատասխանողի ներկայացուցիչ Հ. Պետրոսյանը հարց ուղղեց հայցվորի ներկայացուցչին, թե ինչու է կազմակերպությունն այդ տեղեկատվությունը պահանջել ՀՀ Գլխավոր դատախազությունից այն դեպքում, երբ նախաքննությունն իրականացնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը տիրապետում է իր կողմից պահանջված տեղեկատվությունը: Բացի դրանից՝ ՀՀ Կառավարության 2008 թվականի թիվ 1225-Ն որոշման համաձայն նախաքննություն իրականացնող մարմինները, այդ թվում նաև՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, վիճակագրություն վարելու համար հաշվետվություններ են ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն, որից նույնպես բխում է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը տնօրինում է Կազմակերպության պահանջած տեղեկատվությունը:
Բացման խոսքով հանդես եկավ նաև պատասխանողի ներկայացուցիչ Հ. Պետրոսյանը: Վերջինս հայտնեց, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին, ավելին՝ երկրորդ անգամ տեղեկատվության հարցմամբ դիմելուց հետո այն ուղարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Հ. Պետրոսյանը նշեց, որ Կազմակերպությունն ունի տեղեկատվության ազատության իրավունք, սակայն պահանջված տեղեկատվությունը պետք է ստանա տեղեկատվություն տնօրինողից: Նա հավելեց նաև, որ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հրապարակվում են հաղորդումներ, որոնք ընդհանրական տվյալներ են պարունակում, այսինքն՝ դրանցում ըստ առանձին նախաքննական մարմինների տեղեկություններ չեն ներառվում: Այդպիսով՝ նա խնդրեց մերժել ներկայացված հայցը:
Տ. Սիրադեղյանը խնդրեց հայտնել, թե արդյոք ՀՀ Գլխավոր դատախազությունն ունի ապացույցներ այն մասին, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան ներկայացված գրությունները ուղարկվել են Կազմակերպության գտնվելու վայրի հասցեով, ինչպես նաև դրանք ստացվել են Կազմակերպությունում: Հ. Պետրոսյանը նշեց, որ ուղարկված գրությունները մուտքագրվել են մատյաններում, սակայն դատարանի հարցին ի պատասխան հայտնեց, որ նամակները հետադարձ ծանուցմամբ չեն ուղարկվել: Տ. Սիրադեղյանը հարց ուղղեց պատասխանողի ներկայացուցչին ՀՀ Գլխավոր դատախազության՝ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության ոլորտն ընդգրկող լիազորությունների վերաբերյալ: Վերջինս նշեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչները քրեական գործի նախաքննության ընթացքում կայացված որոշումներն ուղարկում են ՀՀ Գլխավոր դատախազության կոնկրետ դատախազներին, նշեց, որ ինքը չի կարող ընդհանրական բոլոր գործերի մասին տեղեկատվություն հայտնել, կարող է հայտնել միայն իր վարույթում գտնվող քրեական գործերի մասին: Ի պատասխան հաջորդ հնչեցված հարցի՝ նա ընդունեց, որ Կազմակերպության տեղեկատվության հարցմամբ պահանջված բոլոր որոշումներն ուղարկվում են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Դատարանը ճշտեց պատասխանողի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանը տրամադրված պատասխանի վերաբերյալ դիրքորոշումը, և պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է տեղեկատվության տնօրինող, իսկ գրության բովանդակության մասին պարզաբանումներ կարող է տալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, որից հետո, մինչ ամփոփիչ ճառով հանդես գալը, հայցվորի ներկայացուցիչը ցանկություն հայտնեց ևս մեկ ապացույց ներկայացնել դատարանին:
Նա նշեց, որ մինչ ՀՀ Գլխավոր դատախազություն տեղեկատվության հարցում ներկայացնելը, Կազմակերպությունը նմանաբնույթ հարցմամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, սակայն տեղեկատվությունը չի տրամադրվել, և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ պահանջված տեղեկատվության վերաբերյալ ներկայացնում է տեղեկատվական բնույթի հաշվետվություններ ՀՀ Գլխավոր դատախազություն և ընթացիկ հաշվետվություններ՝ ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Նա նշեց, որ քանի որ հարցը ծագել է դատաքննության փուլում, իսկ պատասխանողը նախնական նիստին չէր ներկայացել, ուստի Կազմակերպության հարցման և ստացված պատասխանի պատճենը դատարան ներկայացնում է դատաքննության փուլում:
Դատարանը անհրաժեշտ համարեց նշված գրությունների ներկայացումը և ընդունեց դրանք՝ կցելով գործին:
Իր ճառով Տ. Սիրադեղյանը նշեց, որ դատաքննության ընթացքում հիմնավորվեց ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվության տնօրինող հանդիսանալու փաստը, քանի որ վիճակագրություն վարելու պարտականությունը կրում է ՀՀ Գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում կայացված որոշումներն ուղարկվում են ՀՀ Գլխավոր դատախազություն, իսկ Կազմակերպության գրությունների վերաբերյալ պատասխան ներկայացնելու փաստը ՀՀ Գլխավոր դատախազությունը չապացուցեց: Այդպիսով, նա խնդրեց բավարարել ներկայացված հայցը և պարտավորեցնել պատասխանողին տրամադրել պահանջված տեղեկատվությունը:
Պատասխանողի ներկայացուցիչը ամփոփիչ ճառով հանդես չեկավ:
Դատարանը, սույն գործով դատաքննությունը համարելով ավարտված, նշանակեց վճռի հրապարակման օր: Վճիռը կհապարակվի 2016 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 12:56-ին:
Տես նաև՝ hcav.am