Փորձաքննության եզրակացության պատճենը տրամադրվեց դատարանում
16:48, May 7, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մայիսի 7-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, տեղի ունեցավ Արման Անտոնյանի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Արման Անտոնյանը դեռևս 2010 թ. ապրիլի 5-ին վիրուսային հեպատիտ B հիվանդությունից մահացել էր Երևան քաղաքի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքի առթիվ 2010 թ. հունիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը հետագայում կարճվել էր: Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը սահմանված կարգով բողոքարկվել էր, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել էր նախաքննական մարմնին վերացնել տուժող կողմի իրավունքների խախտումը:
Քրեական գործի լրացուցիչ նախաքննության ընթացքում նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, սակայն եզրակացության կայացումից հետո դրա պատճենը չի տրամադրվել տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչ Ա. Սաքունցին: Վարույթն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Լ. Թաթոյանը գրությամբ հայտնել է, որ փորձագիտական եզրակացության պատճենը չի կարող տրամադրվել մինչև նախաքննության ավարտը, պատճառաբանելով, որ այն համարվում է նախաքննության գաղտնիք: Տուժողի իրավահաջորդ Ս. Անտոնյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի դատախազության դատախազ Կ. Բատիկյանին՝ խնդրելով միջնորդել փորձագիտական եզրակացության պատճենը տրամադրելուն: Սակայն, Կ. Բատիկյանը ևս մերժել է փորձագիտական եզրակացության տրամադրումը, գտնելով, որ նախաքննության այդ փուլում այն հնարավոր չէ տրամադրել: Այդպիսով, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան:
2015 թ. մայիսի 7-ի բողոքի քննությանը մասնակցում էին Ս. Անտոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը, ինչպես նաև Արման Անտոնյանի մահվան դեպքով նախաքննություն իրականացնող քննիչ Արսեն Գեղամյանը: Երևան քաղաքի դատախազության դատախազ Կ. Բատիկյանը չէր ներկայացել բողոքի քննությանը, դատարանը գտավ, որ նիստը հնարավոր է շարունակել նրա բացակայությամբ, նշելով, որ նրան հետագայում հրավիրելու անհրաժեշտության դեպքում բողոքի քննությունը կհետաձգվի:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց բողոքի հիմնավորումները: Ա. Չատինյանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության որևէ նորմ չի սահմանում դրույթ այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում կազմված փորձագետի եզրակացությունը համարվում է նախաքննության գաղտնիք, և դրա պատճենը տուժող կողմը չի կարող ստանալ: ՀՀ քրեական դատավարության օրեսգիրքը տուժողին հնարավորություն է տալիս ծանոթանալու փորձաքննության եզրակացությանը և դրանից անսահմանափակ գրառումներ, նշումներ կատարել, իսկ փորձագետի եզրակացությանն ամբողջությամբ ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն էլ դրա պատճենի տրամադրումն է: Ընդ որում, քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, իսկ տուժողի իրավունքների արդյունավետ իրականացման համար պատասխանատու է վարույթն իրականացնող մարմինն իր գործողություններով: Ա. Չատինյանն իր բողոքում հիմնավորումներ ներկայացրեց, փորձաքննության եզրակացության պատճենը չտրամադրելով, Ս. Անտոնյանի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու, մրցակցության սկզբունքի խախտման վերաբերյալ: Մասնավորապես, Ա. Չատինյանը ներկայացրեց մի քանի այլ քրեական գործեր, որոնց շրջանակներում վարույթն իրականացնող մարմիները, տուժող կողմին սահմանված կարգով ծանոթացնելով կայացված փորձագիտական եզրակացություններին, տրամադրել էին դրանց պատճենները: Ա. Չատինյանը գտավ, որ տվյալ դեպքում խախտվել է «զենքերի» հավասարության սկզբունքը՝ տուժող կողմին դնելով անհավասար իրավիճակում, մինչդեռ մրցակությունն արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչն է կազմում և, քանի որ մրցակցության սկզբունքի խախտումը հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման, ապա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն արձանագրեց, որ հենց այս փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ խախտվել է տուժող կողմի արդար դատաքննության իրավունքը: Հաշվի առնելով նշված հիմնավորումները՝ Ս. Անտոնյանի ներկայացուցիչը խնդրեց վերացնել թույլ տրված դատավարական խախտումները և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել կրկնակի հանձաժողովային փորձաքննության եզրակացության պատճենը:
Վարույթն իրականացնող Ա. Գեղամյանը նշեց, որ փորձագիտական եզրակացությանը ծանոթանալու ընթացքում նախաքննությունն իրականացվել է մեկ այլ քննիչի կողմից, սակայն վստահություն հայտնեց, որ տուժող կողմն անսահմանափակ ժամանակ է ունեցել ծանոթանալու եզրակացությանը, հետևաբար գտավ, որ այդ առումով բացակայում է մրցակցության սկզբունքի խախտումը: Ա. Գեղամյանը նաև նշեց, որ միանշանակ կարծիք չկա՝ փորձագիտական եզրակացությունը նախաքննական գաղնիք է, թե ոչ: Միաժամանակ, նշեց, որ գործնականում տարբեր քննիչներ տարբեր մոտեցում կարող են ցուցաբերել այդ առնչությամբ՝ մի դեպքում տրամադրելով եզրակացության օրինակը, մյուս դեպքում՝ ոչ: Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով գործի բնույթը և այն փաստը, որ Ս. Անտոնյանը որդի է կորցրել, պատրաստակամություն հայտնեց դատարանում տրամադրել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատճենը:
Ս. Անտոնյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը չառարկեց եզրակացության պատճենը դատարանում ստանալու դեմ, և անմիջապես դատական նիստի ընթացքում նրան տրամադրվեց փորձագիտական եզրակացության պատճենը:
Այդպիսով, դատարանը դիմումի քննությունը համարեց ավարտված և հեռացավ խորհրդակցական սենյակ: Հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքն, ինչն ակնկալելի էր բողոքով ներկայացված պահանջի կատարման պայմաններում:
Ընդգծելի է նախաքննական մարմնի նախաձեռնությունը՝ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, սակայն միաժամանակ պետք է արձանագրել, որ նախաքննական գաղտնիք պարունակող փորձագիտական եզրակացության տրամադրման դեպքում վարույթն իրականացնող մարմինն ուղղակիորեն կխախտեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ինչն ապացուցում է նախկինում այդ նույն եզրակացության տրամադրումը մերժելու անհիմն լինելը:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նախաքննության ընթացքում տուժողի իրավունքներին և շահերին առնչվող ցանկացած փորձաքննության եզրակացության պատճենի տրամադրումը տուժող կողմին, ըստ նախաքննությունը իրականացնող քննիչի հայեցողության, հանդիսանում է տուժողի իրավունքի ակնհայտ խախտում: