Անհրաժեշտ է բարեփոխել ՀՔԾ-ն
17:42, May 7, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻրավապաշտպանները գտնում են, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացիների նկատմամբ ոստիկանների աշխատակիցների կողմից ցուցաբերած ապօրինությունների հիմքով պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացնում:
2015թ.-ի մայիսի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսը նվիրված էր ՀՔԾ-ի գործունեության որակին, որի ժամանակ անդրադարձ կատարվեցին ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործերին (Անի Բոշյանի, Ալեքսանդր Ցվերյանովի, Ռոբերտ Մուրադյանի, Անդրանիկ Մխիթարյանի) և կոռուպցիայի դրսևորման մեկ գործին (Արմեն Շամիրյանի):
Մամլո ասուլիսի ընթացքում, կոնկրետ գործերի միջոցով ցույց տրվեց, որ ՀՔԾ-ն ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների վերաբերյալ, նույնիսկ եթե հարուցում է քրեական գործեր և որոշակի գործողություններ է իրականացնում, ապա հետո կայացնում է որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին: Մինչդեռ, եթե ոստիկանները ճանաչվում են անմեղ, ապա միաժամանակ քաղաքացիների նկատմամբ սուտ մատնության համար քրեական գործեր պետք է հարուցվեին:
Իրավապաշտպաններն անդրադառնալով նշված երեք գործերին, գտնում են, որ ՀՔԾ-ն օբյեկտիվ նախաքննություն չի իրականացրել, քանի որ հիմնականում բոլոր գործերով արժանահավատ է համարել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները և անհիմն է համարել տուժած քաղաքացիների ցուցմունքները:
Զարմանալի օրինաչափությամբ ՀՔԾ-ի երեք տարբեր քննիչներ երեք տարբեր գործերով ցուցաբերում են միատեսակ վարքագիծ՝ հիմնավոր են համարում տարբեր ոստիկանների տված ցուցմունքները և անհիմն՝ խոշտանգված քաղաքացիների հաղորդած տվյալները:
Ինչպես նշեց փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ «/…/ոչ մի երկրում, այդ թվում և Հայաստանում, ոչ մի ոստիկան չի խոստովանել քաղաքացիների նկատմամբ կատարած բունությունները»:
Բայց իրավական և ժողովրդավարական շատ պետությունների դատարանները, նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բազմաթիվ որոշումներ են կայացրել բացահայտելով՝ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների աշխատակիցների բռնությունները:
Ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ՀՔԾ-ի գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, որը բացասական ազդեցություն ունի նրա գործունեության արդյունավետության վրա, մասնավորապես՝ ՀՔԾ-ի ուղղակիորեն կախվածությունը գործադիրից և ոչ պատշաճ հսկողությունը Ազգային Ժողովի կողմից:
Ի դեպ, Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն անդրադարձել է ՀՀ ՀՔԾ -ի, ՀՀ ԱԱԾ -ի և ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ կլոր սեղան-քննարկման ընթացքում:
Հատկանշական է այն, որ անձի տված ցուցմունքը և քննիչի վերարտադրած ցուցմունքը հակասություններ են պարունակում, այդ պատճառով իրավապաշտպանները առաջարկում են, որ քրեական դատավարության օրենսգրքով նմանատիպ որոշումների վիճարկման ընթացքում կողմը և դատարանը լիազորություններ ունենան համապատասխան հարցաքննություններ կատարելու և ապացույցներ հետազոտելու, որի արդյունքում կլինի լիարժեք դատավարական վերահսկողություն նախաքննություն իրականացնող մարմնի գործողությունների նկատմամբ:
Ասուլիսի ընթացքում նշվեց նաև, որ վերոհիշյալ գործերից մեկի նախաքննության փուլում ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները հակասել են իրար, սակայն, չանդրադառնալով այդ հակասություններին՝ ՀՔԾ-ն շուտափոյթ կարճել է գործը:
Ամփոփելով ասուլիսում ներկայացված գնահատականներն ու վերլուծությունները՝ կարելի է եզրակացնել, որ ՀՔԾ-ն և նրա գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պետք է ենթարկվի լուրջ բարեփոխումների, որպեսզի ունենանք արդյունավետ քննության համար անհրաժեշտ իրավական երաշխիքներ:
Վերջում իրավապաշտպանները կոչ արեցին ՀՔԾ-ին խորը մտածել և գործել օրենքի սահմաններում, քանի որ ստիպված են լինելու ոչ միայն Ստրասբուրգի դատարանում պատասխանել ՀՀ քաղաքացիների հարցերին, այլ նաև ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հարցադրումներին:
Այս թեմայով նաև՝