2016 թվականին Հայաստանը գտնվելու է սահմանադրական ճգնաժամի տիրույթում
16:30, August 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2015 թվականի Հայաստանում մարդու իրավունքների վատթարացման տարի էր, որի սկիզբը դրվեց հենց տարեսկզբին: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ամփոփելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մեկ տարին:
Իրավապաշտպանի խոսքով՝ ԵՏՄ անդամագրմամբ Հայաստանում գործընթացների տրամաբանությունը եվրոպական կառույցների հետ համագործակցությունից շեղվեց դեպի բոլորովին այլ արժեքային համակարգ, որի կրողները հանդիսանում են ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը:
«Ըստ էության Հայաստանը Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման հետևանքով հայտնվեց բոլորովին այլ միջավայրում, որտեղ մարդու իրավունքների, ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վերաբերմունքը բնորոշ է բռնապետական ու ավտորիտար ռեժիմներին»,- ասաց իրավապաշտպանը:
Սաքունցի խոսքով՝ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ մարդու իրավունքների խախտման դեպքերն ավելացել են: Տարեսկզբին Գյուրիում ռուս զինծառայողի կողմից ընտանիք սպանվեց, հետո իրավապահների կողմից բռնություն գործադրվեց Ավետիսյանների սպանության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, այդ բռնություններն ու ապօրինությունները շարունակվեցին Բաղրամյան պողոտայում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ:
Տարվա ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ եղան, իսկ այս ամենի գագաթնակետը հանդիսացավ Սերժ Սարգսյանի պարտադրած սահմանադրական հանրաքվեի կեղծումը:
«Ցավոք սրտի, եվրոպական կառույցների հետ համագործակցության մակարդակի նվազեցումը, եթե չասենք բացակայությունը, էլ ավելի ուժեղացրեց այդ միտումները, որոնք լուրջ մարտահրավերներ հանդիսացան մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսակետից: Մինչ այդ այն միտումները, որոնք զուտ հայկական իրականությամբ էին պայմանավորված, գոնե հակակշռվում էին եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ: Իսկ հիմա այդ համագործակցության մակարդակի նվազեցումը հանգեցրեց նրան, որ այդ հայկական միտումները լիովին տեղավորվեցին բռնապետական ու ավոտրիտար գործընթացների մեջ, ինչը հանգեցրեց մարդու իրավունքների վատթարացմանը»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանը 2015 թվականին կորուստներ ունեցավ նաև անվտանգության տեսանկյունից: «Անվտանգությունը ասելով՝ խոսքը ոչ միայն ռազմական կոմպոնենտին է վերաբերում, այլ նաև անվտանգության միջավայրը նույնպես ամբողջովին տեղավորվեց ավտորիտար ու բռնապետական պետության անվտանգության կոնցեպտի մեջ, որտեղ կարևոր է ոչ թե մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը և մարդու իրավունքների պաշտպանության հիման վրա անվտանգությունը, այլ ուղղակի գերեզմանային անվտանգությունը: Կոշտ կառավարման մեթոդներով պարտադրել մարդկանց որոշակի կանխատեսելի վարքագիծ՝ դա է համարվում բռնապետական կամ ավտորիտար կառավարման հիմնական բովանդակությունը: Դա դարձավ հիմնական գործելաոճը»,- ասաց նա:
Իրավապաշտպանն այս իրավիճակը ոչ միայն անվանում է ճգնաժամ մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների տեսակետից, այլ նաև սահմանադրական ճգնաժամ: «Երբ իշխանությունը, ելնելով իր շահերից, իր կամքն է պարտադրում` առանց հանրային պահանջները հաշվի առնելու, ապա դա ճգնաժամ է: Այսինքն՝ սեփական իշխանության պարտադրում է մարդկանց՝ առանց նրանց կարծիքները և դիրքորոշումները հաշվի առնելու»,- ասաց նա:
Միաժամանակ, Սաքունցը կանխատեսում է, որ 2016 թվականին Հայաստանը գտնվելու է այդ սահմանադրական ճգնաժամի տիրույթում, և լարվածությունը մեծանալու է, որը հանգեցնելու է անկայունության: «Դրանով պայմանավորված նաև կունենանք մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շարան, և անպատժելիությունը իշխանությունների համար կարող է վերածվել որպես միակ գործելաոճի»,- ասաց նա:
Աղբյուրը՝ lragir.am