Հայտարարություն-կոչ ԿԸՀ-ին
10:00, March 8, 2017 | Համատեղ, ՀայտարարություններՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածն ամրագրում է, որ քվեարկությունը պետք է լինի գաղտնի: Ընտրական օրենսգիրքը իր հերթին ոչ միայն 6-րդ հոդվածով ամրագրում է, որ քվեարկության գաղտնիությունը պարտականություն է, այլև այլ դրույթներով ապահովում է դրա արդյունավետ իրագործումը: Սակայն, օրենսգրքի քվեարկության գաղտնիությունը ապահովող դրույթներից մեկը խնդրահարույց տարընթերցման տեղիք է տալիս:
Մասնավորապես, խոսքը Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի մասին է, որի 6-րդ մասով ամրագրված է, որ «Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է»։ Սակայն, այս ձևակերպումից հստակ չէ, թե արդյո՞ք, եթե քվեարկության ծրարում բացի քվեաթերթիկից պարունակվում է այլ թուղթ, որի վրա կա գրառում, ապա այդ պարագայում քվեաթերթիկն ու ծրարը մարվում են թե՞ հաշվարկվում։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները համարում են, որ այս անհստակությունը կարող է լայն հնարավորություններ բացել ընտրողներին վերահսկելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Մասնավորապես, հնարավորություն է առաջանում առավել խոցելի ընտրողներին պարտադրել, որ քվեարկության ծրարների մեջ դնեն իրենց անձը նույնականացնող գրառումներով թղթիկներ, որոնց միջոցով հաշվարկի ժամանակ կերևա, թե ինչպես քվեարկեցին այս ընտրողները:
Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է պաշտոնական պարզաբանում տա այն մասին, թե ինչպե՞ս է պետք հասկանալ օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասում առկա «Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրար» եզրույթը:
Հետևապես, ելնելով քվեարկության գաղտնիության ապահովման նպատակից՝ կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պարզաբանել, որ «Ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրար» եզրույթը վերաբերվում է նաև քվեարկության այն ծրարներին, որոնք պարունակում են ավելորդ գրառմամբ քվեաթերթիկ չհանդիսացող թուղթ։
Գտնում ենք, որ հակառակ պարագայում բացվում է վերահսկվող քվեարկությունների լայն հնարավորություն և իմաստազուրկ են դառնում օրենսգրքով սահմանված քվեարկության գաղտնիությունն ապահովող մյուս մեխանիզմները: Նշենք նաև, որ նախորդ Ընտրական օրենսգրքում այս հարցը հստակ ամրագրված էր և ավելորդ թղթով քվեարկության ծրարները անմիջապես մարվում էին։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք (ի դեմս հետևյալ կազմակերպությունների)
• «Իրազեկ քաղաքացիների միավորում»
• Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
• Գորիսի մամուլի ակումբ
• Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Ընդդեմ իրավական կամայականության»