ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննությունն ավարտված է
17:04, March 9, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2016 թ. մարտի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ռ. Մխիթարյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նշված բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պահանջել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը և պարտավորեցնել Կազմակերպության 2015 թ. դեկտեմբերի 10-ի հաղորդման հիման վրա կայացնել որոշում ու այն տրամադրել Կազմակերպությանը:
Բողոքի քննությանը մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացուցիչ, Կազմակերպության իրավաբան Անի Չատինյանը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը և ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը չէին ներկայացել դատական նիստին: Վերջինս հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր Դատարանի աշխատակազմին, որ Վանաձոր քաղաքում դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննության շրջանակներում նշանակված դատական նիստին:
Ա. Չատինյանը գտավ, որ դատական նիստը հնարավոր է շարունակել առանց դատախազ Վ. Դոլմազյանի ներկայության՝ նշելով, որ Դատարանը մի քանի անգամ միջոցներ է ձեռնարկել նրա ներկայությունը դատական նիստին ապահովելու համար, սակայն նա այդպես էլ չի ներկայացել դատական նիստին:
Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը գտավ, որ Դատարանն ապահովել է բավարար հնարավորություններ բողոքի վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչի ներկայությունը բողոքի քննությանն ապահովելու համար, սակայն ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանն այդպես էլ չի ներկայացել նշանակված դատական նիստին: Դատարանը նշեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը նախորդ դատական նիստին հայտնել է իր դիրքորոշումը բողոքի վերաբերյալ և պատշաճ ծանուցված լինելով՝ դատական նիստի օրվա և ժամի մասին, չի ներկայացել դատական նիստին: Այդպիսով, դատարանը գտավ, որ բողոքին առնչվող անձանց ներկայությունն ապահովելու նպատակով այլևս հիմքեր չկան նիստը հետաձգելու համար, ուստի բողոքի քննությունը շարունակվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության և ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչների բացակայությամբ:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Չատինյանը պնդեց ներկայացված բողոքը՝ խնդրելով բավարարել այն:
Դատարանը հրապարակեց բողոքին կից դատարան ներկայացված նյութերը, մասնավորապես, հանրաքվեի արդյունքները մի շարք տեղամասերում կեղծելու վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը, դրա վերաբերյալ ստացված պատասխան գրությունը, ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված դիմում-բողոքը և ստացված պատասխանը:
Ա. Չատինյանն արձանագրեց, որ վարույթն իրականացնող մարմինը դատարան չի ներկայացրել իր կողմից կատարված քննության նյութերը, որը մեկ անգամ ևս վկայում է ցուցաբերված անգործության մասին:
Այդպիսով, դատարանը բողոքի քննությունը համարեց ավարտված՝ նշելով, որ դատարանի որոշումը կհրապարակվի 2016 թ. մարտի 12-ին՝ ժամը 10:40-ին:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ներկայացված հաղորդմամբ կասկած էր հայտնել, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ 60 տոկոս և ավելի մասնակցություն գրանցած տեղամասերում եղել է կամ լցոնում կամ բացակա անձանց փոխարեն քվեարկություն և խնդրել էր միջոցներ ձեռնարկել այդ փաստերը պարզելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գրությամբ պատասխանել էր, որ դիմումում ներկայացվել են հիմնազուրկ ենթադրություններ, դրանք կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չեն պարունակում, որն անհրաժեշտ պայման է ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարելու համար: Ուստի՝ Կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա քրեադատավարական բնույթի որոշում չի կայացվել: