ԴԱՀԿ ներկայացուցիչները բողոքն անհիմն համարեցին՝ առանց բավարար հիմնավորումների
18:57, March 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. մարտի 9-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Պետրոսյանի, շարունակվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ Անուշ Պողոսյանի բողոքի քննությունը:
Դատական նիստին ներկայացել էին Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և դատարանի կողմից որպես շահագրիգիռ անձ ծանուցված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի չորս աշխատակիցները:
Դատարանը նախ պարզեց Ա. Պողոսյանի դիրքորոշումը բողոքի վերաբերյալ: Վերջինս հայտնեց, որ միանում է ներկայացված բողոքին, իսկ դատարանի հարցերին ի պատասխան նշեց, որ անօրինական է համարում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցների ինչպես դիմումի հիման վրա բնակարան այցելելու, այնպես էլ՝ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
Գործով ներգրավված շահագրգիռ անձանց դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի պետի տեղակալ Հ. Տոնոյանը: Վերջինս նշեց, որ հիմնավոր են գնահատում ստորադաս դատարանի դատական ակտը, քանի որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն իրավունք ունի ստուգելու ի պահ հանձնված գույքի օգտագործման փաստը: Ըստ Հ. Տոնոյանի՝ ներկայացված վերաքննիչ բողոքն ակնհայտ անհիմն է և ենթակա է վերացման այն հիմնավորմամբ, որ դրանում ներկայացված չէ ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը, ինչպես նաև նշված չէ, թե տուժողի որ իրավունքներն են խախտվել: Հ. Տոնոյանը նշեց, որ դատարանը չի կարող ըստ էության ճիշտ դատական ակտը վերացնել, ուստի՝ խնդրեց օրինական ուժի մեջ թողնել բողոքարկվող որոշումը:
Դատավորի հարցի ի պատասխան ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանը հայտնեց, որ կատարողական վարույթը վերսկսվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ինչը թույլատրված է օրենքով:
Հարկադիր կատարողներ Մ. Կոգանյանը և Է. Եղիազարյանը միացան դիրքորոշումներին՝ նշելով, որ այցելելություն կատարելու ժամանակ մուտք չեն գործել բնակարան
Դատարանը հնարավորություն տվեց բողոքաբեր կողմին հայտարարությամբ հանդես գալու: Տ. Սիրադեղյանը նշեց, որ շահագրգիռ անձինք այդպես էլ չնշեցին որևէ օրենք, որով հնարավորություն է տրվում վերսկսել ավարտված կատարողական վարույթը: Նա վկայակոչեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրեքի այն դրույթրը, որի ուժով կարող է վերսկսվել միայն կասեցված կատարողական վարույթը:
Դատարանի զբաղվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. մարտի 14-ին՝ ժամը 13:00-ին: