Հայաստան–ԵՄ համաձայնագիր. կգործի՞, թե չի գործի
12:56, December 1, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը
– Պարոն Սաքունց, ՀՀ–Եվրամիություն համաձայնագրից հետո կամրապնդվե՞ն մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության և, ընդհանրապես, ժողովրդավարական մյուս ինստիտուտները:
Մինչև Եվրամիության հետ այս համաձայնագրի ստորագրումը, մենք արդեն իսկ միացել ու կողմ ենք հանդիսանում մարդու իրավունքների վերաբերյալ այլ փաստաթղթերի: Որպես և՛ Եվրոպայի Խորհրդի, և՛ ՄԱԿ–ի, և՛ ԵԱՀԿ–ի անդամ պետություն:
Ըստ էության, մարդու իրավունքներին վերաբերվող ողջ այդ փաթեթը արդեն իսկ վավերացրել ենք և պարտավորություն ենք ստանձնել այն իրականություն դարձնել:
Այնպես որ, Եվրամիության հետ կնքված ներկա համաձայնագիրը չի ենթադրում, որ պետք է նոր փաստաթղթեր ստորագրվեն: Խոսքը եղածը կյանքի կոչելու, դրանցով սահմանված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մյուս չափանիշները հզորացնելու մասին է:
Ասելս այն է, որ առանց այս համաձայնագրի էլ Հայաստանի իշխանությունները պետք է ունենան ստանձնած պարտավորություններն իրականացնելու անհրաժեշտ կամքը:
Ընդամենը համաձայնագրով մեկ էլեմենտ է ավելացված. առկա է ֆինանսական բաղադրիչը, որը բացակայում է ՄԱԿ–ին և մյուս կառույցներին անդամակցության պարագաներում: Եվ հարցը շատ հստակ է՝ ֆինանսների դիմաց Հայաստանի իշխանությունները գոնե քայլ կանե՞ն, թե չեն անի:
Իսկ ես չեմ կարծում, որ եթե քաղաքական կամքը պայմանավորվում է ֆինանսների ակնկալիքով, կարող է արդյունավետ լինել:
– Կարծում եք, որ մեր իշխանությունները կարող են աչքակապությա՞մբ զբաղվել:
– Ես արդեն ասացի և էլի՛ եմ պնդում՝ եթե այսքան ժամանակ, միացած լինելով միջազգային նման փաստաթղթերի, զբաղվել են իմիտացիայով և ոչ թե բովանդակային մոտեցում են դրել իրենց աշխատանքի մեջ, ապա ինչո՞ւ նույնը հիմա չպետք է անեն: Կամ, ի՞նչ է, այս փաստաթուղթը ստորագրելուց հետո, մեկ օրվա մեջ դարձան ժողովրդավա՞ր: Կամ մտահո՞գ՝ մարդու իրավունքների խախտումներով:
Այն դեպքում, երբ այս համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ խայտառակ ձևով ձախողեցին ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքը:
Կամ մարտի 1–ի հանցագործությունը բացահայտվե՞լ է, մեղավորները պատասխանատվություն կրե՞լ են:
Ի վերջո, մենք ունենք շատ–շատ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ քայլեր չեն արվել այսքան տարիներ: Ուստի ինչպե՞ս վստահություն առաջանա, թե այս համաձայնագրի ստորագրումով ինչ–որ բան կփոխվի:
– Այսինքն՝ միայն ֆինանսական կողմն է, որ կարող է շահագրգռել մեր իշխանություններին իրական քայլերի գնալ:
– Նախ արձանագրենք, որ միայն ֆինանսական ակնկալիքն է, որի համար ստորագրել են այս փաստաթուղթը: Եվ փոփոխություններն էլ կարող են պայմանավորված լինել նույն այդ ակնկալիքներով: Բայց այստեղ էլ ես լիահույս չեմ, որ եթե իշխանություններին չճնշենք, դրանք կանեն:
Եվ, այս ամենով հանդերձ, վստահաբար ասում եմ, որ մեր իշխանությունը մարդու իրավունքների բովանդակային պաշտպանության կրողը չէ: Որովհետև նման իշխանությունը ազգ–բանակ կոնցեպտ չէր առաջարկի, այն էլ՝ առանց թղթի վրա գրելու:
– Իսկ մեր հասարակությունը պատրա՞ստ է ներքևից ճնշում գործադրել իշխանությունների վրա, որ դրանք իրականություն դառնան: Մենք ունե՞նք նման գիտակցականությամբ հասարակություն:
– Իսկ իշխանությունը փորձե՞լ է հասարակությանը բովանդակային մասնակիցը դարձնել համաձայնագրով նախատեսվող փոփոխությունների կատարմանը: Իհարկե՝ ոչ: Որովհետև իշխանությունը բովանդակային առումով ո՛չ ժողովրդավար է, ո՛չ իրավական պետության արժեքների կրող է, ո՛չ էլ կրող է ինքնիշխանության և սոցիալական արժեքների:
Մեր իշխանությունը ոչ թե թերացել է, այլ պարզապես մատը մատին չի տվել հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար՝ նրան մասնակից դարձնելու մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների խնդիրներին վերաբերվող քննարկումներում: Եվ չի էլ ցանկացել, որ հասարակությունը բարեփոխումներին մասնակից դառնա:
Արդյունքում՝ երկրում մնացել են քաղաքացիական հասարակության ընդամենը մի խումբ ինստիտուտներ, որոնք էլ պարբերաբար քարկոծվում են նույն այդ իշխանությունների կողմից հովանավորվող խմբերի կողմից, որպես օտարերկրյա գործակալների: Սա է մեր իրականությունը:
Այնպես որ, մեր երկրում առկա է լուրջ խնդիր՝ կապված նաև հասարակության հետ: Բայց ես ոչ թե մեղադրում եմ հասարակությանը, դրա պատասխանատուն վերստին համարում եմ իշխանությանը: Օրինակ, տեսե՞լ եք, որ Հանրային հեռուստատեսությունը այս հարցերի վերաբերյալ կազմակերպի քննարկումներ, բանավեճեր: Այն, որպես կանոն, նման բաներ չի անում: Եվ դա հստակ քաղաքականություն է, որ վարվում է մեր երկրում: