2018-ին ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վիճակի բարելավման միտում չկա․ Սաքունց
15:18, January 10, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2017-ի ընթացքում առավել քան ցայտուն դրսևորվել է Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ բացասական, խտրական վերաբերմունքը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսպես է գնահատում անցած տարին ու նշում, որ համայնքի նկատմամբ նման վերաբերմունքը հանգեցրել է մարդկանց ազատ արտահայտման, ինչպես նաև այլ իրավունքների խախտման:
«Իշխանությունը խտրական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ և խրախուսում է նաև այդ մարդկանց նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքը։ Հանրապետական կուսակցությունը՝ որպես կառավարող ուժ, ինչպես նաև դրա կոալիցիոն դաշնակից Դաշնակցությունն ակնհայտ խտրական վերաբերմունք ունեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների նկատմամբ, և սա փաստ է:
Իհարկե, ցավոք սրտի, պետք է նշել, որ քաղաքացիական հասարակության դաշտում նույնպես կա խտրական վերաբերմունք: Ավելին՝ ունենք փաստ, որ անգամ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմում ներգրավված կազմակերպություն կա, որը խտրական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ, ինչն անհամատեղելի է Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում առկա մոտեցումների հետ»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը 2018-ի ընթացքում նույնպես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների բարելավման առումով ակնկալիք չունի: Ասում է՝ իշխանությունը հետևողական կերպով գնում է քաղաքացիների իրավունքների, քաղաքացիական գործունեության սահմանափակման, կրճատման ուղղությամբ, ինչն առավել խոցելի խմբերի վրա էլ ավելի ծանր անդրադարձ կունենա:
2018-ին «Հավասարության մասին» օրենքի նախագիծն, ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա կդառնա, բացի այդ`«Քրեական օրենսգրքի» նախագիծը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է և որում սեռական կողմնորոշումն իբրև խտրականության բացառման հիմք է նշվում, նույնպես հավանաբար կքննարկվի: Սաքունցը, սակայն, այս օրինագծերի հետ նույնպես որևէ հույս չի կապում:
«Արդարադատության նախարարությունն ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ցույց տվեց, որ հետամուտ չի լինում՝ օրենքներում լիարժեքորեն ապահովելու մարդու իրավունքների կոնցեպցիայի տրամաբանությունը, ուստի ես խիստ կասկածում եմ, որ այժմ հետամուտ կլինի, որ ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականությունն իրապես բացառող իրավակարգավորումներ ընդունվեն»,-համոզմունք հայտնեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նշում է, որ այն դեպքում, երբ իրենց ձեռնտու է՝ իշխանությունները հղում են կատարում հասարակական կարծիքին, իսկ այն դեպքում, երբ ձեռնտու չէ՝ հասարակական կարծիքը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: