«Նժդեհականության դիրքերից հանդես եկող ՀՀԿ-ն Նժդեհին առաջին դավաճանողն է՝ Հայաստանը մտցնելով ԵՏՄ»
17:58, October 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, շատերին հետաքրքրում է՝ ինչո՞վ են տարբերվում իրարից ԵՏՄ-ն եւ ԵՄ-ն:
-ԵՄ-ն արդեն 60 տարի է, ինչ գոյություն ունի, որի անդամներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան. այսինքն՝ եվրոպական աշխարհամասի այն երկրները, որոնք ունեն զարգացած տնտեսություն եւ ժողովրդավարություն: ԵՄ-ն աշխարհի երկրորդ միգրացիոն կենտրոնն է, քանի որ մարդիկ, ունենալով սոցիալական խնդիրներ եւ իրավական պաշտպանության կարիք, փորձում են այդ խնդիրների լուծումը գտնել ԵՄ երկրներում: ԵՄ-ն նաեւ ֆինանսական ներդրումներ է իրականացնում այլ երկրներում ժողովրդավարության զարգացման համար: ԵՏՄ-ն դեռեւս նոր է ձեւավորվում: Այս միության հիմքը կազմում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, որոնք ավելի թույլ տնտեսություն ունեն, քան ԵՄ անդամ երկրները: Այս երկրները ժողովրդավարության եւ դատաիրավական ոլորոտում եւս աչքի չեն ընկնում: Դրանցում անձերն իրենց քաղաքական իշխանությունն հավերժացնելու մեխանիզմներ են մշակել: Չինաստանի, Թուրքիայի, Ուրուգվայի քաղաքական համակարգերն էլ են նման այս երկրների քաղաքական համակարգերին: Քաղաքական հետամնաց եւ մոնոպոլ համակարգը Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում պահպանվում է:
-Որոշ ռուս պաշտոնյաներ մատնանշում են, թե ԵՄ անդամ որոշ երկրների տնտեսությունը դեգրադացիայի է ենթարկվում: ՌԴ պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ ԵՄ-ն թուլանում են: Ձեր կարծիքն այս հարցում ինչպիսի՞ն է:
-Հիշեցի ԽՍՀՄ պալատական տնտեսագետներին, ովքեր ասում էին, թե Արեւմուտքը նեխած, փտած տնտեսություն ունի, սակայն իրենց ասածները ոչ թե կոնկրետ տնտեսագիտական վերլուծությունների վրա էին հիմնված, այլ նպատակ ունեին աղավաղել իրականությունը եւ ամրապնդել իշխանությունը ԽՍՀՄ-ում: Վերջերս Ռուսաստանում տնտեսական հարցերով քննարկում էր անցկացվում եւ ռուսական «Սբերբանկի» տնօրեն Գերման Գրեֆը շատ հետաքրքիր բան ասաց. անկախ նրանից, «Տու-154», «Իլ-92», կամ «Բոինգի» տարբեր տեսակների ինքնաթիռները որտե՞ղ են պատրաստվում, միեւնույնն է, ֆիզիկայի օրենքներով ունեն ընդհանուր տեսք, քանի որ քառակուսի լինելու դեպքում դրանք չեն թռնի: Ինչ մնում է արեւմտյան տնտեսությանը, ապա ԵՄ երկրներում տնտեսական ճգնաժամեր լինում են, սակայն դրանք հաղթահարվում են՝ գաղափարների, նորությունների մրցակցության, իրավական, հեղինակային իրավունքի պաշտպանության շնորհիվ: Ինչ մնում է Ռուսաստանին, այդ երկիրը նոր տեխնոլոգիաներ չունի: Համաշխարհային շուկայում նավթի գներն անկում են ապրում. 1 բարելն 120-ից իջել է 90 դոլարի, իսկ Ռուսաստանի տնտեսությունը դրված է նավթի գների եւ հումքային ռեսուրսների իրացման վրա, որն էներգետիկ թմրամոլություն է: Դրանով սնուցում են իրենց կոռումպացված համակարգը: Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի միջեւ որոշակի տարբերություններ կան: Ղազախստանի տնտեսության մեջ փոխհամագործակցության աստիճանը միջազգային տեխնոլոգիաների առումով ավելի մեծ է, քան Ռուսաստանինն ու Բելառուսինը: Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում, Բելառուսը փակ տնտեսություն ունի, իսկ Ղազախստանում կա տնտեսական բազմազանություն, չնայած մեծ կապիտալը Նազարբաեւի ձեռքին է գտնվում:
-Ռուսաստանն աշխարհագրական տեսանկյունից մեզ ավելի մոտիկ երկիր է: Այդ դեպքում ԵՏՄ-ին ինտեգրվե՞լն էր ճիշտ, թե՞ ԵՄ-ին:
-Հանձինս Վրաստանի, Եվրոպան մեզ ավելի մոտ է, որը ստորագրել է ԵՄ ասոցիացման համաձայնագիրը: Թուրքիան էլ քանի տարի ձգտում է ԵՄ անդամ դառնալ: Հիմա ո՞րն է տրամաբանական: Քո սահմանակից երկրի հետ ճանապարհ գնա՞լը, թե՞ քո երկրից հեռու գտնվող երկրին ինտեգրվելը: Դրանով ակամայից մեր երկիրն հայտնվում է Կալինինգրադի մարզի կարգավիճակում: Ավելին, կոնֆլիկտների կառավարման լավագույն մեխանիզմը Եվրամիությունն ունի: Կիպրոսի պարագայում առաջացած կոնֆլիկտը չխանգարեց, որ այն անդամակցի ԵՄ-ին: Ռուսաստանը բոլոր տարածքային խնդիրներին առնչվող հարցերն ուժային, «տապոռային» մեթոդներով են լուծում (Չեչնիայում, Աբխազիայում, Ղրիմի անեքսիան եւ այլն):
-ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ կդրվի՞:
-Ինչպես Ղարաբաղի հարցն 1921 թվականին լուծեցին, հիմա էլ են ուզում նույն կերպ լուծել: Հայաստանի իշխանության համար կարեւորն իշխանության պահպանումն է: Այն քաղաքական, տնտեսական, գաղափարական առումով վստահության ռեսուրս չունի, որն ունի Լուկաշենկոն Բելառուսում, Նազարբաեւն էլ իր երկրում որոշակի վստահություն ունի, իսկ մեր իշխանության համար Հայաստան, Ղարաբաղ հասկացություններն էական չեն, ինչը շատ պարզ երեւում է: Այս տեսակետից մաքսակետի հարցն առաջ է գալու եւ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ԵՏՄ-ին անդամակցելը: Իհարկե, ոչ, բայց իշխանության շահերից բխում է, քանի որ դա հնարավորություն կտա արհեստականորեն Իրանից հեռացնել Ղարաբաղի խնդիրը, հանձնել Պուտինին: Հետո էլ ասելու են՝ մեզանից բան չէր կախված, Պուտինը որոշեց, որ այս խնդիրը պետք է այսպես լուծի, եւ մենք ստիպված էինք հաշտվել, հակառակ դեպքում վտանգած կլինեինք մեր անվտանգությունն, իսկ թուրքերը կգային եւ մեզ կուտեին: Եթե Հայաստանի իշխանություններն իրենց որոշումները չբխեցնեն մեր շահերից, Ղարաբաղն հաստատ կորցնելու են:
-Հոկտեմբերի 7-ը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն էր: Ի՞նչ եք կարծում՝ հոկտեմբերի 10-ին մեր իշխանություններն այդ առիթով նրան ի՞նչ «նվեր»են մատուցելու:
-Հոկտեմբերի 10-ին ռեպրեսիայի է ենթարկվել հայ գրողներից Ակսել Բակունցը, ով զոհ գնաց տոտալիտար պետությանը: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրվելու է մի երկրի հովանավորությամբ, որի նախագահը ԿԱ-ԳԵ-ԲԵ-ի միջին կարգի սպա էր: Կառույց, որի պադվալներում երկար ժամանակ գտնվել է ազատազրկված, այսօրվա իշխող կուսակցության զինվոր Գարեգին Նժդեհը: Սա ճակատագրի ծաղր է: Կուսակցությունը, որն հանդես է գալիս նժդեհականության դիրքերից, հենց ինքը Նժդեհին առաջին դավաճանողն է եւ Հայաստանը տանում է դեպի ԵՏՄ: Ինչ մնում է նվերին, ԵՏՄ-ն ապագա չունի եւ քայքայվելու է այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը, որը, սակայն, ավելի երկար դիմացավ: Սակայն պատմության մեջ մնալու է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ խայտառակ պայմանագիրը:
Աղբյուրը՝ www.asparez.am