Ախթամարի ստվերը
17:05, October 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱռերեսման պահին, որ հարյուր տարի անց էր տեղի ունենում, նրանք հայտնվեցին կողք-կողքի: Նա` անապատի քամու պես այրող ու սրընթաց, ինչպես սեւավոր մի հեծյալ, ինչպես անապատի խորքերին տիրող մի բիդուին, կողքինը` կարծես քչքչան առվակ, լուռ, բայց խոսուն հայացքով, հմայքը` ինքնին ջահելությունը: Ու նա յոթ օր շարունակ փորձում էր որսալ ու կարդալ կողքինի հայացքը: Ինքը թուրք, աղջիկը` հայ, ու այս արձանագրությունն արդեն իսկ մեծ խոչընդոտ էր նրանց արանքում: Ես տղային կանվանեմ`Նա, իսկ աղջկան` աղջիկ:
Հայերի ու թուրքերի միջեւ անկենդան ընկած հարաբերություններին շունչ հաղորդելու համար հավաքված ուսուցիչներ, իրավապաշտպաններ, բարձրակարգ գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ, հրապարակախոսներ եւ ինտելեկտուալներ փորձում էին ամեն կերպ փոխադարձ բարյացակամություն ցուցաբերել եւ ժողովի շրջանակից դուրս, հյուրանոցի այգում, երեկոյան ժամերին խմբերով հավաքվում ու զրուցում էին մինչեւ ուշ գիշեր: Նրանցից ամեն մեկն, իր զուգահեռ մտքերի հետ համատեղելով դիմացինի խոսքուզրույցը, նրա հետ ընկերանալու ջանք էր թափում: Ցածրադիր գոտու տոթ ու խոնավ այգու ծառերի տակ հավաքված մարդիկ մթնոլորտում զվռնող մլակների պարսերի հետ կռիվ տալով, վիճում էին, փորձում ժամանակակից մարդու աչքի չափով չափել իրենց նախնիներից ժառանգած անտանելի բեռը, որպեսզի կարողանան կրել այն, կամ, եթե կհաջողվի` թոթափել:
Իրենք իրենց աշխարհիկ ու աթեիստ համարող թուրքեր, նաեւ բարեպաշտ մուսուլմանների ընտանիքներից սերող թուրքեր, որոնցից առաջինները խոստովանում եւ ընդունում էին հայերի ցեղասպանության փաստը, իսկ երկրորդները` խուսանավում, նախորդ դարասկզբին թուրքական կայսրությունում հայերի կոտորածներին իրենց նախնիների ցեղախմբերի մասնակցության մասին տեղյակ, անհարմարության զգացումի դրսեւորումներով քրդեր, լազեր, ալեւիներ ու հայեր ամեն երեկո շփվում էին ու այդ շփումը օր օրի հստակեցնում էր նրանց հարաբերությունները: Քանի որ այդ շփումները բացօթյա էին, չծխողները ծխողներից չէին բողոքում ու ծխողները ստիպված չէին լինում լքել քննարկումները, որ դուրս գան ծխելու: Ու այդ շփումների ընթացքում էր, որ Նա տեսավ մեր տղաներից մեկի «Ախթամար» ծխախոտի տուփը, որի վրա պատկերված էր լեգենդի հեռուներից իր տուփի տիրոջ թոքերի կրակը վառ պահող աղջկա պատկեր: Եվ քանի որ սիրահարվածի համար իրեն շրջապատող ամեն մի մանրուք անմիջապես զուգորդվում է իր սիրածի հետ ու սրտի թրթիռ առաջացնում, Նրան հուզել էր «Ախթամարի» լեգենդը, որ պատմել էր ծխախոտի տուփի տերը: Բայց, ինչպես բնօրինակ մարդ ու բնօրինակ ասպետ, Նա խնամքով էր պահում իր սրտի թրթիռը, մարդկանց աչքերից հեռու էր պահում: Նա թերեւս նույնացրել էր իր զգացմունքն այդ լեգենդի հետ, չնայած, որ ինքն անապատների տարերքներին էր ներդաշնակում, բայց աղջիկը նման էր ծխախոտի տուփին պատկերված ուրվանկարին` երկար մազերով, բարալիկ մի ուրու: Ու տղան հալումաշ էր լինում աչքի առաջ, բայց այնպես, որ ոչ ոք չտեսնի: Միայն աղջիկն էր քաջատեղյակ Նրա զգացմունքներին եւ փափկամազիկի պոչը խաղացնելով սահում էր թավ այգու անկյուններն՝ իր ետեւից կանչելով Նրան: Բայց Նրա տրամադրությունն, ամեն անգամ այդ անկյուններից երեւալիս, առանձնապես հաղթական չէր լինում: Ու հասկանալի էր դառնում, որ Նրա պարտության մեղավորը ցեղասպանությունն է, որ աղջիկը հնարավոր է, որ վրեժ է լուծում, որ նրանց միջեւ միլիոնավոր մարդկանց թափված արյան լճեր կան, որ, ի վերջո, աղջիկը չի կողմնորոշվում, որովհետեւ ինչպես նրա հայրենակիցն է ասել իր հայտնի ստեղծագործության հերոսի շուրթերով` «Համայնքը զորավոր է, համայնքը չի ընդուներ»:
Բայց մի օր երեքս էլ հայտնվեցինք մի սեղանի շուրջ, ու քանի որ աղջիկը գիտեր եւ հայերեն եւ թուրքերեն, որովհետեւ Ստամբուլից էր, ես նրան խնդրեցի թարգմանել տղային ուղղված իմ մի քանի հարցը.
-Ձեր ընտանիքը պահպանողակա՞ն է, կրոնակա՞ն է:
-Ոչ, մենք աշխարհիկ մարդիկ ենք, ես աթեիստ եմ:
-Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է սեր թուրքի ու հայի միջեւ:
-Կարծում եմ՝ հնարավոր է:
-Եթե դու սիրահարվես հայ աղջկա, կասե՞ս նրան այդ մասին եւ որքա՞ն լուրջ կլինի քո մտադրությունը, կամուսնանա՞ս նրա հետ:
-Այո, իհարկե, ես խնդիր չեմ տեսնում:
-Իսկ ծնողներդ կընդունե՞ն հային:
-Իհարկե, մայրս երազում է, որ ես ամուսնանամ ու նա շատ երջանիկ կլինի:
Նույն հարցերը ես տվեցի աղջկան` հայերեն: Նա լարվեց: Ուշադիր լսում էր, թե աղջիկն ի՞նչ կպատասխանի, չնայած, որ չէր հասկանում հայերեն: Երբ հասա այն հարցին. «Կամուսնանա՞ թուրք տղայի հետ, թե՞` ոչ», աղջիկը շփոթվեց այնքան նկատելի, որ տղան քաղաքավարությունից դրդված վեր կացավ, ներողություն խնդրեց ու ասաց, որ պիտի գնա: Աղջիկը երկար դադարից հետո հմտորեն շրջանցեց սիրահարվելու մասին հարցս ու ասաց, որ ընկերություն կարող է անել թուրք տղայի հետ, բայց չի ամուսնանա: Հարցիս, թե. «Ինչո՞ւ», նա իր անփորձ, բայց տեսականորեն կոփված հայացքը հառեց ինձ ու ասաց. «իսկ եթե ես տղա՞ ունենամ»…: Ես չհասկացա նրա պատասխանը ու փորձեցի պարզել, բայց աղջիկն էլ գնաց, քանի որ կանչեցին ժողովի:
Մոռացած այս կարճ զրույցն ու անկեղծորեն ձանձրացած նրանց ջահելական խաղից, հանդիպման վերջին օրը հանկարծակիի եկա: Խառը խմբերի բաժանված` հարցի քննարկման մասնակիցները պետք է հային ու թուրքին միավորող մի թեմա ներկայացնեին: Նա ու աղջիկը տարբեր խմբերում էին: Առաջինը ներկայացավ Նրա խումբը, «Ընդհանուր խոհանոց» թեմայով` ուտեստների լուսանկարներ Google-ից ու բաղադրատոմսեր, որ նույնն են ե՛ւ հայկական, ե՛ւ թուրքական խոհանոցներում: Կարծես թե սրտառուչ թեմայի հետ առանձնապես կապ չուներ, չհաշված «Ստամոքսի միջով է անցնում դեպի տղամարդու սիրտը տանող ճանապարհը» անխափան գործող ռուսական իմաստնությունը, բայց այդ խմբի թեման ներկայացնող տեսապատկերը Ախթամարի վանքի լուսանկարն էր, ու խմբի անունն էլ` «Ախթամար»: Նրա ներդրումն էր` կրկին շատ նուրբ ու քողարկված:
Աղջիկը, որ մի ամբողջ շաբաթ տեղի ունեցած բուռն քննարկումների ողջ ընթացքում կյանքի նշույլ այդպես էլ չցուցաբերեց ու, եթե ես նրա հետ միջանցքում չխոսեի ու չխնդրեի թարգմանել Նրան ուղղված մի քանի հարցս իմ հոդվածի համար, որ գրեցի այդ օրերին, ու նաեւ հայի ու թուրքի միջեւ հնարավոր սիրո մասին մի երկու հարց, կկարծեի թե լալ է, այդ օրը մի երկու նախադասություն ասաց իր խմբում, որն ընտրել էր «Սերը հայի ու թուրքի միջեւ» թեման: Խումբը մի թատերական ներկայացում էր պատրաստել հայ ընտանիքի ու թուրք ընտանիքի մասին, որոնց երեխաները սիրահարվել են ու որոշել ամուսնանալ, եւ այդ ընտանիքի անդամները հայտնում են իրենց կարծիքները: Բայց մինչ այդ, նրանք իրենց խմբի մասնակիցների շրջանում հարցումներ էին արել ու կարդում էին «Կամուսնանա՞ս հայի հետ, եթե թուրք ես ու` թուրքի հետ, եթե հայ ես» հարցման պատասխանները, որոնցից մեկն անանուն էր, հետեւյալ բովանդակությամբ. «Ես չեմ ամուսնանա թուրք տղայի հետ, որովհետեւ, իսկ, եթե տղա՞ ունենամ»: Ինձ համար թեպետ ձեւակերպումը կրկին անհասկանալի մնաց, բայց ճանաչելի էր: Կարծում եմ, այդ աղջիկն ընդամենը չէր կարողացել հստակ ձեւակերպել իր միտքը, չնայած ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ իր, դեռեւս անփորձ հասակի խորամանկ բնավորության համաձայն էր միգուցե կիսատ ձեւակերպել միտքը, որն, ամեն դեպքում, կարելի է թարգմանել պարզեցված հայերենով, եւ, որը նշանակում էր, որ նա վախենում է, որ թուրքից ծնված իր որդու ետեւից հայերը կկանչեն բիճ կամ թուրքի լամուկ:
Ես չիմացա, թե ինչպես ավարտվեց թուրք տղայի սիրահարության պատմությունը եւ ի՞նչ հարաբերությունների մեջ մնացին նրանք` ընկերակա՞ն, ինչպես կցանկանար աղջիկը, քանի որ ակնհայտ էր, որ տղան հուզել էր նրան, թե՞ ընդհանրապես խզեցին կապերը: Բայց ես, անկեղծ ասած, նրանց հարաբերությունների մեջ սիմվոլիզմ էի փնտրում ու մտածում էի, որ միգուցե ճիշտ կլինի, որ թուրքից ու հայից մի երեխա ծնվի, որը չի լինի թուրք ու չի լինի հայ:
Գայանե Առուստամյան
Աղբյուրը՝ www.asparez.am