Շարունակվում է Լիա Միսակյանի գործով դատաքննությունը
16:09, October 10, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2014 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սույն դատական նիստին հարցաքննվեցին դատակոչված փորձագետներ Սեյրան Հովհաննիսյանը և Վարդան Դաբաղյանը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, Բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Սեյրան Հովհաննիսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Լիա Միսակյանի մոտ եղել է նեկրոտիկ անգինա, որն էլ բնորոշ է ագրոնուլոցիտոզին: Մեղադրող Դ. Կարապետյանը հարցրեց, թե ագրոնուլոտիզոտի առաջացման պատճառը որն է եղել: Փորձագետը հայտնեց, որ պատճառը հապտենային պրեպարատներն են եղել. երեխան 14 օր հիվանդ է եղել, հիվանդանոց տեղափոխվելուց 3 օր առաջ ջերմել է, ներարկում է կատարվել շտապօգնության բժշկի կողմից, այնուհետև բուժում է ստացել հիվանադանոցում: Սակայն փորձագետը նշեց, որ հնարավոր չէ հստակ ասել, թե կոնկրետ որ դեղամիջոցն է եղել հիվանդության առաջացման պատճառը և երբ է երեխայի մոտ առաջացել ագրոնուլոցիտոզ:
Փորձագետը պնդեց, որ հապտենային ագրոնուլոցիտոզը սուր զարգացում է ունեցել և այն հնարավոր էր ախտորոշել միայն արյան քննության արդյունքների հիման վրա:
Փորձագետ Ս. Հովհաննիսյանը նշեց, որ բուժման համապատասխան գործողությունների կատարումը կմեծացներ կենդանի մնալու հավանականությունը: Փորձագետը պնդեց, որ չնայած բժիշկների կողմից թույլ տրված սխալներին, որոնք ներկայացվել են փորձագիտական եզրակացությամբ, սակայն նրանց գործողությունների և մահվան միջև պատճառական կապ հաստատել հանարվոր չէ:
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը փորձագետ Ս. Հովհաննիսյանին խնդրեց հակիրճ ներկայացնելկ, թե ինչ է իրենից ներկայացնում ագրոնուլոցիտոզը: Այդ հարցին փորձագետը պատասխանեց, որ այդ մասին մյուս փորձագետների կողմից մանրամասն դասախոսություն է ներկայացվել դատական նիստերի ժամանակ և կարիք չկա իր կողմից նույնպես ներկայացնել հիվանդության մասին տեղեկություններ: Երբ դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչպես է Ս. Հովհաննիսյանը տեղեկացվել այդ մասին, երբ նիստերին ներկա գտնվելու իրավունք չուներ, փորձագետը նշեց, որ այդ մասին տեղեկացվել է մյուս փորձագետների հետ ընդհանուր քննարկումների ժամանակ: Այնուամենայնիվ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրեց պատասխանել հնչեցված հարցին, որից հետո փորձեց պարզել՝ գոյություն ունեն արդյոք ագրոնուլոցիտոզի որոշակի ախտանիշներ, որոնք կարող են վկայել հիվանդության մասին: Փորձագետը նշեց, որ ագրոնուլոցիտոզը հնարավոր է ախտորոշել միայն արյան քննության արդյունքների հիման վրա և բնորոշ ախտանիշներ չկան: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հարցրեց, թե բացի ջերմիջեցնողները հանելուց և հակաբակտերիալն դեղամիջոցներ նշանակելուց, ինչպիսի այլ բուժում կարող էր նշանակվել, փորձագետը հայտնեց, որ նման դեպքերում լեյկոցիտային մասսա է ներարկվում, որը սակայն մեր երկրում հնարավոր չէ կատարել: Այն հարցին, թե արդյոք նման դեպքերում կատարվում է արյան պլազմայի փոխներարկում, Ս. Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին տեղեկացված չէ: Տ. Սիրեադեղյանը հարցրեց, թե ինչն է եղել երեխայի բերանի վատ հոտի պատճառը: Քիթ-կոկորդ-ականջաբան փորձագետը նշեց, որ դա կարող է րտարբեր պատճառներ ունենալ, իսկ այս դեպքում թարախի պատճառով կարող էր լինել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե արդյոք ջերմիջեցնողների՝ դեռևս ամսի 31-ին հանելը և հակաբակտերիալ բուժման նշանակումը կարող էր նպաստել, որպեսզի երեխայի վիճակն ավելի չվատանար և մեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը, փորձագետը նշեց, որ այդ հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ, իսկ ջերմիջեցնողներն ընդհանրապես հանելը կարող էր այլ խնդիրների պատճառ լինել:
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանի հարցերին ի պատասխան փորձագետը նշեց, որ նշիկաբորբը կարող էր ախտորոշվել բկանցքը նայելու միջոցով, որից հետո նշանակվում է բկանցքից վերված քսուկի հետազոտություն: Պաշտպանը հայտնեց, որ նշանակված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ Լիա Միսակյանի բկանցքից վերցված քսուկում սնկեր և մանրէներ չեն հայտնաբերվել, և հարցրեց, թե արդյոք դա նշանակում է, որ երեխայի մոտ թարախաֆիբրինային նշիկաբորբ չի եղել: Փորձագետը այս հարցին ի պատասխան նշեց, որ եթե հարուցիչները մահացած են եղել, կարող էր նման պատասխան ստացվել, այն դեպքում, երբ երեխայի մոտ իրականում լիներ նշիկաբորբ:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանի հարցերին ի պատասխան փորձագետը նշեց, որ առաջին օրվա բժշկի գործողություններում սխալ չի տեսնում, քանի որ սկզբնական ախտորոշումը ճիշտ է կատարվել:
Փորձատետ Ս. Հովհաննիսյանին որոշ հարցեր ուղղեց նաև դատավոր Լ. Ավետիսյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե ինչպիսի կազմակերպչական թերություններ են թույլ տրվել բժիշկների կողմից: Ի պատասխան փորձագետը նշեց, երեխայի հիվանդության պատմագիրը լրացվել է ոչ ամբողջական, երեխայի արյան անալիզի արդյունքները տեսնելուց հետո չի նշանակվել արյունաբանի կոնսուլտացիա: Դատավորի այն հարցին, թե արդյոք անալիզի պատասխանը չտեսնելը թերություն չէ, Ս. Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, սակայն նախ չկարողացավ նշել, թե դա ում սխալն է, այնուհետև նշեց, որ անալիզի արդյունքների ստացմանը պետք է հետևեր Զարինե Այվազյանը:
Ս. Հովհաննիսյանի հարցաքննությունից հետո այս դատական նիստի ընթացքում հարցաքննվեց դատակոչված վերջին փորձագետ, «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի ընդհանուր ախտաբանության կենտրոնի վարիչ, ախտաբանատոմ, հյուսվածքաբան Վարդան Դաբաղյանը: Վերջինս նշեց, որ երեխայի մահվան պատճառը եղել է թարախաֆիբրինային պլևրոպնևմոնիան, որը եղել է ագրոնուլոցիտոզի հետևանք:
Ընդհանուր առմամբ փորձագետը համաձայնեց դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, նշեց, որ հյուսվածքաբանության մասով համամիտ է հաստատված հիվանդությունների հետ:
Մեղադրող Դ. Կարապետյանի հարցին ի պատասխան փորձագետ Վ. Դաբաղյանը նշեց, որ Լիա Միսակյանի մոտ եղել է թոքաբորբի ոչ դասական տարբերակը, հետևաբար դրա վաղեմության աստիճանը որոշել հնարավոր չէ, քանի որ տվյալ դեպքում թոքաբորբը կարող էր զարգանալ նույնիսկ մեկ օրվա ընթացքում: Վ. Դաբաղյանը նշեց որ երեխայի մահվան պատճառը օրգանիզմի դիստրոֆիկ փոփոխություններն են, ընդհանուր ինտոքսիկացիան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան նՎ. Դաբաղյանը շեց, որ ռենտգեն հետազոտության արդյունքներով երեխայի մոտ եղել է սկսվող թոքաբորբ:
Հարցին, թե ինչ պատճառով կարող էր երեխայի թոքերում հեղուկ հավաքվել, փորձագետը նշեց, որ դա կարող էր տարբեր պատճառներով լինել, սակայն պետք է երևար ռենտգեն հետազոտությամբ: Վ. Դաբաղյանը չբացառեց կարճ ժամանակում երեխայի թոքերում հեղուկի մեծ քանակության առաջացումը, քանի որ հիվանդությունը երեխայի մոտ կայծակնային բնույթ է կրել: Տ. Սիրադեղյանը հարցրեց, թե արդյոք ամսի 31-ին ագրոնուլոցիտոզի հայտնաբերումը և համապատասխան բուժման նշանակումը կարող էր կանխել թոքաբորբի առաջացումը, փորձագետը պատասխանեց, որ թոքաբորբի առաջացումն անխուսափելի էր: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հարցրեց, թե արդյոք հնարավոր էր կանխել թոքաբորբի առավել սուր զարգացումը, փորձագետը նշեց, որ այդ հարցին հստակ պատասխանել հնարավոր չէ:
Պաշտպանական կողմը հարցեր ուղղեց դիակի դատաբժշկական փորձաքննության լրիվությունն ստուգելու համար: Պաշտպանները փորձեցին պարզել, թե քանի կտոր պետք է վերցվի թոքերից հետազոտությունը կատարելու համար: Փորձագետը նշեց, որ նվազագույնը վերցվում է 5 կտոր՝ յուրաքանչյուր բլթից մեկ կտոր, սակայն տվյալ դեպքում ինքը կվերցներ 7 կտոր: Երբ պաշտպան Ե. Սարգսյանը նշեց, որ ըստ եզրակացության վերցվել է 2 կտոր, փորձագետը նշեց, որ գուցե դա եղել է տպագրական սխալ, քանի որ փորձաքննության համար իրեն հանձնվել է երեք կտոր: Փորձագետը մեկ անգամ ևս պնդեց, որ հիվանդության վաղեմությունը մոտ մեկ օր է եղել, սակայն վաղեմությունը հստակ որոշել հնարավոր չէր:
Դատավորի այն հարցին, թե ինչպիսի թերություններ են թույլ տրվել բժիշկների կողմից, փորձագետը տվեց նույնաբովանդակ պատասխան, ինչպիսին հնչել էր Ս. Հովհաննիսյանի կողմից:
Այսպիսով, սույն դատական նիստի ընթացքում ավարտվեց դատակոչված բոլոր փորձագետների հարցաքննությունը: Հաջորդ դատական նիստին պետք է կատարվի ապացույցների հետազոտում, այնուհետև պետք է սկսվի գործով ներգրավված ամբաստանյալների հարցաքննությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ին: