«Մի բռնապետական երկրից մյուսն է տեղափոխվել». իրավապաշտպանը՝ Բաքու մեկնած հայի մասին
10:02, November 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ քաղաքացիությունից հրաժարվել ու Բաքու է մեկնել լրագրող, երաժիշտ Սյուզան Ջաղինյանը:
Այս լուրը բավական բուռն քննարկվում է սոցցանցերում, քանի որ Ջաղինյանը որեւէ այլ պետություն տեղափոխվելու փոխարեն ապաստան է խնդրել Ադրբեջանից, որի հետ Հայաստանը ԼՂ հակամարտություն ունի:
Խնդրի իրավական կողմի մասին զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: Մեր հարցին՝ որքանո՞վ է թույլատրելի քաղաքացիությունից հրաժարվելն ու այլ երկիր տեղափոխվելը քննադատելը, իրավապաշտպանն ասաց.
«Քաղաքացիությունից հրաժարվելու եւ ազատ տեղաշարժի իրավունք ունի յուրաքանչյուր քաղաքացի, ուստի քաղաքացիությունից հրաժարվելու հարցը քննադատելու կամ վիճարկելու հարց չէ: Խնդիրն ավելի շատ վերաբերում է ոչ թե նրան, որ քաղաքացիությունից է հրաժարվել, այլ որ Ադրբեջան է տեղափոխվել: Եթե Ադրբեջանը լիներ իրավական, ժողովրդական պետություն, կհասկանայինք, դա նույն բանն է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվես ու գնաս Հյուսիսային Կորեա»:
Սաքունցի համար անհասկանալի է որոշումը՝ տեղափոխվել մի երկիր, որտեղ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են իրենց քաղաքական հայացքների համար.
«Նշանակում է, որ պետք է այնպիսի կարծիք արտահայտես, որն իշխանությունների մոտ հարցեր չառաջացնի, այսինքն՝ չես գնալու Ալիեւի իշխանությունը քննադատես»,- ասաց Սաքունցը:
Ստացվում է՝ խնդիրն այն է, որ տեղափոխվել է ժողովրդավարության տեսանկյունից ավելի վատ երկի՞ր, այլ ոչ թե այն, որ հակառակորդ պետություն է, Սաքունցն ասաց, որ եթե ժողովրդավարական երկրներ լինեին Ադրբեջանը եւ Հայաստանը, ապրիլյան պատերազմ չէր լինի, եւ «հակամարտությունը կլուծվեր ժողովրդավարության մեթոդներով, այլ ոչ թե զինված եղանակով»:
Իրավապաշտպանը հասկանում է հասարակության վրդովմունքը «էմոցիոնալ տեսանկյունից», բայց հավելում է, որ խնդրին այլ տեսանկյունից պետք է նայել. քաղաքացին մի «բռնապետական երկրից մյուսն է տեղափոխվել».
«Մի երկրից, որտեղ քաղաքական հայացքների համար դատապարտում են, տեղափոխվել երկիր, ուր նույն ոճն է, այդ անցումը հասկանալի չէ, եթե դու մարդու իրավունքների կոնցեպցիայի կրողն ես, ի՞նչ տարբերություն ՀՀ-ում են հետապնդում իրականացնում, թե՞ Ադրբեջանում: Եթե նեղսրտում ես ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումից չես կարող չնեղսրտել, եթե այլ երկրում չոտնահարվեն»: