Արթուր Սաքունցն առաջարկում է, որ «անհաջող կադրերը» խորհրդարանին բացատրություն տան
12:40, November 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱԺ-ում եւ ՍԴ-ում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ կլինեն: Այդ մասին այսօր խորհրդարանում ընթացող «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Օրենքի վերանայումը, ինչպես նաեւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունները պայմանավորված են նոր Սահմանադրությամբ: Էլինար Վարդանյանը կարծում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանում եւ ՍԴ-ում երկուստեք արդյունավետ կլինի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախ ներկայացրեց փոփոխությունները: Ըստ այդմ, ուժեղացվել են ՄԻՊ աշխատակազմին տրվող երաշխիքները: ՄԻՊ-ին դիմելու հնարավորություն է ստեղծվել նաեւ ՀԿ-ների համար, այլ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Արգելք է նախատեսված ՄԻՊ աշխատակցին կամ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամներին հարցաքննության ենթարկել, առանց ՄԻՊ-ի թույլտվության, անգամ այն հարցերով, որոնք ի հայտ են եկել գործի քննության ընթացքում: Բողոքի ներկայացման կարգում են հստակեցումներ եղել: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը`նկատի ունենալով նախորդ երեք պաշտպանների փորձը, որոնք հեռացան պաշտոնից`լիազորությունների ժամկետը չավարտած, Արման Թաթոյանին հարց-առաջարկ հնչեցրեց` չարժե՞, որ աշխատանքից ազատվելու մասին դիմում ներկայացնելուց հետո, ՄԻՊ-ը նաեւ ԱԺ-ին ներկայացնի դիմումի պատճառները, քանի որ խորհրդարանն է ընտրում մարդու իրավունքների պաշտպանին եւ «վերջինս, ՄԻՊ-ը երեւի ամենաանձեռնմխելի անձն է հանրապետությունում»:
Դիմելով Արման Թաթոյանին Արթուր Սաքունցը նաեւ հեգնեց. «Չի բացառվում , որ ինչ-որ մի պահի դուք էլ ամենաաանհաջող կադրը դառնաք»: Արման Թաթոյանն ասաց, որ դեմ չէր քննարկել եւ կարգավորումներ գտնել հարցի վերաբերյալ: