Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են Պերմյակովի ներկայությունը վերաքննիչ բողոքի քննությանը
17:27, November 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՎերաքննիչ քրեական դատարանում շարունակվում էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճռի դեմ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը չէր ներկայացել դատարան եւ դիմում էր ներկայացրել, որպեսզի վերաքննիչ բողոքի քննությունը տեղի ունենա իր բացակայությամբ:
Հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը առաջարկեց Վալերի Պերմյակովին կանչել դատարան, որպեսզի պարզ դառնա, թե արդյոք ցանկանում է, որ ինքը պաշտպանի իր շահերը: Դատարանը հետաքրքրվեց, որ պետք է իր կամքին հակառակ դատարան բերվի Պերմյակովը:
Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Հարգելի՛ դատարան, իսկ դուք համոզվա՞ծ եք, որ այդ դիմումը գրված է հենց ամբաստանյալի կողմից»: Դատավոր Պապյանն ասաց, որ դատարանն ակնկալում էր, որ հանրային պաշտպանը դատական նիստի ընթացքում այդ հարցի պատասխանը տար: Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Ես կարող եմ հաստատել միայն այն ժամանակ, երբ ամբաստանյալը ձեր ներկայությամբ հաստատի կամ հերքի»:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ասաց, որ քանի դեռ չկա անհամաձայնությունը, Էդուարդ Աղաջանյանը մնում է Պերմյակովի պաշտպանը, բայց քանի որ հակասություններ կան նրանց միջեւ. «Պաշտպանը միանշանակ պետք է ստանա պաշտպանյալի համաձայնությունը, այդ հակասությունը իրենք իրենց մեջ պետք է շտկեն, հասկանան: Ընդ որում, հարգելի՛ դատարան, ինձ համար շատ տարօրինակ չէ Պերմյակովի վարքագիծը, որովհետեւ փորձագետի եզրակացություն ունեինք, որ նրա առողջական վիճակի հետ կապված է իր որոշակի դիրքորոշումը: Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ Պերմյակովի շահերից է բխում, որ այս դատական նիստը հետաձգվի»:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ առանց Պերմյակովի չի կարող քննվել իրենց բարձրացրած հարցերի մի մասը: Նա դատարանին խնդրեց, որպեսզի իր լիազորությունների ծավալով ապահովի Պերմյակովի ներկայությունը դատական նիստին:
Դատավոր Պապյանն ասաց, որ կիսում է Սաքունցի մտահոգությունները. «Կարծիքն այնպիսին է, որ այս բոլոր դատավարության մասնակիցները ցանկանում են, որ Պերմյակովը ներկայանա այս դատական նիստին, սակայն դատարանը չի ուզում: Դատարանն էլ է ուզում, կարծում եմ՝ ավելի քան ցանկացածը: Մենք ձեզնից ակնկալում ենք նրա ներկայությունն ապահովելու կապակցությամբ օրենքով նախատեսված թույլատրելի միջոցների վերաբերյալ դիրքորոշում, կարծիք հայտնել: Դուք ասում եք, որ անհրաժեշտ է, այո՛, անհրաժեշտ է, մենք չենք ասում՝ անհրաժեշտ չէ, ինչպե՞ս»:
Սաքունցը պատասխանեց. «Ես կասկածում էի նույնիսկ, որ Վերաքննիչ դատական նիստն այստեղ է լինելու, ես մտածում էի, որ ռուսական ռազմաբազայում է լինելու, որովհետեւ առաջին ատյանի դատարանի փորձը ուրիշ կարծիք ստեղծելու հնարավորություն չէր տալիս: Ես չգիտեի՝ Պերմյակովին բերելու են, թե չէ, բայց երբ ստացա գրությունը Վերաքննիչ դատարանում նիստի մասին, ես ասացի, որ Պերմյակովը չի լինի: Այնքան կանխատեսելի էր այդ ամեն ինչը, որը գալիս է հարց բարձրացնելու՝ արդյոք Վերաքննիչ դատարանը ձգտում է օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններով ապահովել Պերմյակովի մասնակցությունը դատական նիստին՝ փարատելու այն հիմնավոր կասկածները, որ Պերմյակովը գտնվում է ճնշումների տակ»:
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը, եւս մեկ անգամ ծանուցել Պերմյակովին եւ կհետաքրքրվի՝ արդյոք համաձայն է, որ Էդուարդ Աղաջանյանը շարունակի պաշտպանել իր շահերը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: