Ռուսաստանին չէր հետաքրքրում Ելք-ի նախագիծը, այլ՝ մեկ այլ հանգամանք
10:11, October 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը մերժվեց, միայն մեկ մարդ կողմ քվեարկեց, այն էլ «Ելք»-ից։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ իր առաջարկությամբ «Ելք»-ը, ըստ էության, նոր բան չի ասել։ Պետք է հիշեցնեմ, որ դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը, այնուհետև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մտադրության մասին, հասարակության մեջ կային մարդիկ, որոնք այդ որոշմանը դեմ էին և իրենց վերաբերմունքն արտահայտել են։ Այնպես չէ, որ «Ելք»-ը նոր բան է առաջարկել, պարզապես «Ելք»-ը որպես խորհրդարանական ուժ, ԱԺ օրակարգ մտցրեց այդ հարցը։ Դրանով, իհարկե, քայլը ողջունելի է, բայց մինչ հարցն օրակարգ մտցնելը, ես կարծում եմ, որ դրան պետք է նախորդեր հարցի լավ նախապատրաստումը, որի մեջ առավել կարևորում եմ հասարակության մոբիլիզացիան և նախապատրաստումը։ «Ելք»-ը շատ լավ գիտի, որ ունի ընդամենը 9 պատգամավոր, այսինքն՝ մեխանիկական, թվաբանական հաշվարկով իր ձայները չեն բավարարելու, որպեսզի իր նախաձեռնությունն ԱԺ կողմից ընդունվի։ Հետևաբար, իր միակ հենարանը կարող էր լինել հանրային մոբիլիզացիան։ Այսինքն՝ արտաքին հարաբերություններում հարցի քննարկմանը զուգահեռ, պետք է «Ելք»-ը կարողանար իր համախոհներին և հասարակության լայն շրջանակներին համախմբել, և զուգահեռաբար հենց ԱԺ-ի մոտ լիներ խոշոր հանրահավաք։ Եթե դա չի լինում, դուրս է գալիս, որ հարցը քննարկվում է փակ համակարգի տրամաբանության մեջ։ Իշխանությունը ևս գործում է փակ համակարգի տրամաբանության մեջ, քանի որ չունի հանրային աջակցություն։ Եվ իշխանությունը հանրային ընդվզման պայմաններում կարողանում է ներկայացնել իր անտրամաբանական հիմնավորումները, թե իբր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարևոր է անվտանգության տեսակետից։ Միայն հանրային ընդվզումը կարող էր զսպել, որպեսզի առաջարկը չմերժվեր, ստանար պատշաճ շարունակություն։ Ես սխալ եմ համարում նման կարևորություն ունեցող հարցը առաջադրման ժամանակ չնախապատրաստված, քաղաքական տեսակետից ոչ գրագետ մոտեցումը։
Կարծում եք՝ հանրային աջակցություն կստանա՞ր «Ելք»-ի նախաձեռնությունը։
Ես կարծում եմ, որ քաղաքական ուժը, որն առնվազն 120 հազար ընտրող ունի, հարց է առաջադրում ԱԺ-ում, ապա հաշվի առնելով ռեալ իրավիճակը, պետք է զուգահեռ աշխատեր հանրության հետ, որպեսզի հարցի քննարկման ժամանակ առնվազն 10 հազար մարդ լիներ խորհրդարանի շենքի մոտ։ Եթե դա չկա, ես առնվազն համարում եմ, որ ողջունելի առաջարկը շատ վատ էր նախապատրաստված։
«Ծառուկյան» խմբակցությունից Արարատ Զուրաբյանն, օրինակ, նշեց, որ թող այս առաջարկը ներկայացվեր նոյեմբերի 25-ից հետո, երբ կստորագրվեր ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, որովհետև հնարավոր է, Ռուսաստանը ճնշումներ գործադրի և խոչընդոտի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը։ Ձեր կարծիքով՝ կստորագրվի՞ Հայաստան-ԵՄ նոր համայնագիրը և «Ելք»-ի նախաձեռնությունը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ, որ այն չստորագրվի։
2013 թվականի սեպտեմբերի 3-ից առաջ ոչ «Ելք» կար, ոչ էլ նման խմբակցություն ԱԺ-ում, որ Ռուսաստանը օգտագործեր որպես գործիք՝ ԵՄ-Հայաստան ասոցացման ստորագրումից Հայաստանի հրաժարվելու։ Ես անհեթեթ եմ համարում նման պատճառաբանությունը կամ հիմնավորումը, որովհետև Ռուսաստանին բացարձակ չի հետաքրքրում, որ ինչ-որ խմբակցություն կամ կուսակցություն ԱԺ-ում նման նախագիծ կներկայացնի կամ չի ներկայացնի։ Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում են հանրային տրամադրությունները, և նրանց հետ կարող է հաշվի նստել, ինչպես էլեկտրիկ Երևանի ժամանակ մենք տեսանք։ Եկեք չափից դուրս նշանակություն չտանք տեղական նախաձեռնություններին Ռուսաստանի իշխանությունների կողմից քայլերի կատարման տեսակետից։
ԱԳ նախարարը, Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը նշում են, որ որևէ խոչընդոտ չկա ԵՄ-ի հետ համաձայնագրի կյանքի կոչման համար։ Հնարավո՞ր է մեկ գիշերում որոշման փոփոխություն։
Այստեղ Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ նշանակություն չունի, էական նշանակություն ունեն ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները, և ինչպիսի որոշում կկայացնեն Բրյուսելն ու Մոսկվան, դա էլ էական նշանակություն կունենա ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման կամ չստորագրման համար։
Սակայն Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ավելի ու ավելի են մեծանում։
Այդ պատժամիջոցների ավելացմանը զուգահեռ՝ Ռուսաստանը, բնականաբար, ավելի է մեծացնելու ճնշումները ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի ՀՀ իշխանությունները մնան այս ճամբարում, թեկուզ թույլ, այսպես անարժանապատիվ, բայց մնան իր ճամբարում, իր ենթակայության տակ։
Երբ ՀՀ իշխանությունները շարունակում են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալը հիմնավորել անվտանգության տեսանկյունից, սա խղճուկ, վախկոտ որոշում է, որի պարագայում վախկոտներից չի կարելի վճռական և ինքնուրույն որևէ քայլ սպասել։