Չենք ուզում կրկնվի 1992-94թթ. (տեսանյութ)
21:59, April 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հակամարտություններից տուժածների իրավունքներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անհայտ կորածների հարազատներին աջակցելու նպատակով տեղեկատվության հավաքագրման աշխատանքներ է իրականացնում։
Քանի որ գրասենյակը ՊՆ-ից անձնական տվյալների պաշտոնական տեղեկատվություն չի կարողացել ստանալ, ԶԼՄ-երից ու ծնողներից է հավաքել տվյալներ:
«Մենք այս պահին հավաքագրել ենք 21 զինծառայողի մասին տեղեկատվություն: Ընթացքում մենք տեսանք, որ երկու հոգու դի գտնվել է, մեկ հոգի հենց ինքն է գտնվել: Այն հանգամանքը, որ հարազատը ընթացքում գոնե ունենում է որոշակի տեղեկատվություն, շատ կարեւոր է. ում հետ կապի մեջ ենք եղել, որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Արդյոք համեմատե՞լ են անհետ կորածների վերաբերյալ իրենց եւ ՀՀ ՊՆ ունեցած տվյալները՝ արդյոք դրանք նույնը չե՞ն.
«Շատ հնարավոր է՝ երբ անուններ հրապարակվեն, այդ անհայտ կորածներից լինեն: Քանի որ հստակ բոլորի անունները չկան ՊՆ կողմից պաշտոնական տեղեկատվությամբ, հետեւաբար չենք կարողանում համեմատել այդ ցուցակները»:
Արմինե Սադիկյանի խոսքերով՝ իրենց համար կարեւոր է նաեւ պարզել անհետ կորելու հանգամանքները.
«1992-94թթ. ունենք բազմաթիվ անհետ կորածներ ու նրանց հարցը, կորելու հանգամանքները մնում են անհայտ: Մենք չենք ուզում կրկնվի նույնը. հարազատներն ու հանրությունն իրավունք ունեն ստանալու ցանկացած տեղեկատվություն: Ի վերջո, հարազատների առջեւ կա պետության պարտավորությունը»:
Նա նաեւ ընդգծեց՝ եթե լինեն այնպիսի դեպքեր, որոնցով քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն որոշակի մարդիկ, ապա ՀՔԱՎ գրասենյակը դրանով կզբաղվի: Ի դեպ, ժամանակին նրանք նախաձեռնել էին «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը Արդարադատության նախարարությունը ոչ հրատապ էր համարել: